Պատրաստ է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարության կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի առաջին նախագիծը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում:

Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։ 

Սկզբնական ժամանակացույցով նախատեսված էր մշտադիտարկման արդյունքների առաջին նախագիծը ներկայացնել շահագրգիռ կողմերի դիտարկմանը մինչև սույն թվականի ապրիլի 15-ը։ Սակայն, նկատի ունենալով ՀՀ արդարադատության նախարարության խնդրանքը՝ հնարավորության դեպքում տրամադրել զեկույցի նախագիծը մարտ ամսվա ընթացքում՝ այն նոր Ռազմավարության մշակման աշխատանքներում նկատի ունենալու նպատակով, ուստի հրապարակում ենք Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության 2019-2022 թվականների մշտադիտարկման արդյունքների զեկույցի առաջին նախագիծը և միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով ժամանակացույցով կատարված փոփոխությունները, նախագծում դեռևս ընդգրկված չեն կատարված գործողությունների որակական գնահատականները, քանի որ իրավական վերլուծությունները և որոշ խորին հարցազրույցներ գտնվում են իրականացման փուլում։

Զեկույցի առաջին նախագիծը պատրաստ է եղել 2022 թվականի մարտի 10-ին, և շրջանառության մեջ է դրվել նույն թվականի մարտի 15-ից։ Այն նաև ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ 
 
Այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի վերջնական տարբերակը կհրապարակվի 2022 թվականի ապրիլ ամսվա երրորդ տասնօրյակում, իսկ շնորհանդեսը կկազմակեպրվի նույն թվականի մայիս ամսվա առաջին տանսօրյակում։ Չնախատեսված հանգամանքներով պայմանավորված՝ ժամկետները հնարավոր է փոփոխվեն։ 
 
Ծանոթացե՛ք ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի առաջին նախագծին այստեղ: