Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 11-ին, ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 միջոցառումներից բխող թվով 3-րդ՝ կոռուպցիոն գործերի քննության միջոցառման վերաբերյալ։
Քննարկումներից առաջինն անցկացվել է Արդարադատության նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Արդարադատության ակադեմիայի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ռազմավարության համաձայն կոռուպցիայի կանխարգելման միջոցառմամբ մի քանի գործողություն է նախատեսված (32-41 գործողություններ), որոնք են․
32․ ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում,
33․ ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
34․ Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մշակված մեթոդիկայի հիման վրա քրեական հետապնդման մարմինների վերապատրաստում,
35․ Կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրում,
36․ Պետական մարմինների էլեկտրոնային բազաներին քրեական հետապնդման մարմինների հասանելիության ապահովում էլեկտրոնային հարցման եղանակով,
37․ Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում,
38․ Կոռուպցիոն հանցագործությունների քննության և բացահայտման շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդում,
39․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում,
40․ Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում,
41․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկային համապատասխանեցման նախադրյալների ստեղծում։
Հավելենք, որ Հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին միջոցառման՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, դրանում առկա գործողությունների վերաբերյալ 4 քննարկում անցկացվել է փետրվարի 9-ին, 10-ին։
Ընդհանուր թվով 12 նմանատիպ քննարկումներ արդեն անցկացվել են նաև Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ։