Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 31-ին, թվով 9-րդ և 10-րդ ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11-րդ, 12-րդ, 13-րդ նպատակի՝ իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
Քննարկումներից առաջինն անցկացվել է պետական մարմինների` Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Արդարադատության ակադեմիայի, Ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։
Ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11-րդ նպատակը նախատեսում է Քրեական և քրեադատավարական օրենսդրության բարեփոխում։ Ռազմավարական ուղղություններն են՝
- Քրեական ենթամշակույթի վերացումը,
- Այլընտրանքային պատժի համակարգի ներդնումը,
- Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնումը,
- Քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումը,
- Այլընտրանքային խափանման միջոցների ներդնումը,
- Համաձայնեցման (plea bargaining) և համագործակցության վարույթները,
- Անչափահասների և խոցելի անձանց մասնակցությամբ վարույթների կատարելագործումը,
- Քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսումը։
12-րդ նպատակը վերաբերում է քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներին։
Այս նպատակով ռազմավարական ուղղություններն են․
- Քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը և հաշտարարի նշանակման ընթացակարգի կատարելագործում,
- Քաղաքացիական օրենսդրության բարեփոխում Հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտի վերանայում,
- Քաղաքացիական օրենսդրության բարեփոխում,
- Քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների գույքագրման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծում։
Վարչական արդարադատության արդյունավետության բարձրացումն էլ նախատեսված է 13-րդ նպատակով։
Նշվում է, որ նախատեսվում է վարչական դատավարության սկզբունքների, ապացույցների, ապացուցման բեռի բաշխման կանոնների, հայցատեսակների դասակարգման, վարչական դատարանի լրացուցիչ որոշումների, վարչական դատարանի վճիռների բողոքարկման շրջանակի, վերաքննության և վճռաբեկության սահմանների վերանայում: Բացի այդ, նախատեսված է նաև․
- Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում,
- Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարչադատավարական կարգի վերացում,
- Վարչական դատավարությունում ծանուցման ընթացակարգերի բարելավում,
- Գրավոր և պարզեցված ընթացակարգերի կիրառում վարչական դատավարությունում,
- Պետական տուրքի հետ կապված կարգավորումների վերանայում,
- Վարչական դատավարության հատուկ վարույթների արդյունավետության բարձրացում,
- Վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը,
- Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացում,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում,
- Վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերի վերանայում։
Հավելենք, որ ընդհանուր թվով 8 նմանատիպ քննարկումներ արդեն անցկավել են հունվարի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին։