Դատական իշխանության անկախության, հանրային հաշվետվողականության և արդյունավետության վերաբերյալ ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 25-ին, ֆոկուս խմբային երկու քննարկում է անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 5-9-րդ նպատակների վերաբերյալ։

Քննարկումներից առաջինն անցկացվել է պետական մարմինների` ՀՀ արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության, Արդարադատության ակադեմիայի, Ֆինանսների նախարարության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկրորդ քննարկումն անցկացվել է փաստաբանական համայնքի, ՔՀԿ-ների ներկայացուցիչների և Դատավորների միության Էթիկային և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամի մասնակցությամբ։

Դատաիրավական ռազմավարության 5-րդ նպատակով ամրագրված է դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը։ Այս նպատակով ռազմավարական երկու ուղղություն է սահմանված․ երկու գործողություն են նախատեսվում․ այդ թվում՝ դատավորների կարգավիճակից բխող սոցիալական երաշխիքների ամրապնդում, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացում։

6-րդ նպատակով ամրագրված է դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը։ Ռազմավարությամբ նախատեսված է դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակում։ Քննարկվեց նախատեսված երկու գործողությունների կատարման ընթացքը, որի համաձայն, օրինակ, պետք ներդնել հանրության համար հասանելի առցանց ռեժիմում գործող դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակման կառուցակարգ։

7-րդ նպատակով ևս անդրադարձ է կատարվում դատական համակարգին, որի ռազմավարական ուղղություններն են․

  • դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդնում,
  • դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդնում,
  • դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին։

8-րդ նպատակում դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումն է նախատեսված։ Ռազմավարական ուղղություններն են դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովումն ու դատավորների և նրանց աշխատակազմի կարողությունների զարգացումը։

Քննարկվել են այնպիսի հարցեր, թե արդյո՞ք իրականացվում են դատավորների վերապատրաստումներ հետևյալ բնագավառներում՝

ա) կոռուպցիոն, տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների քննություն,

բ)  էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը զուգահեռ կարևորվում է դատավորների՝ էլեկտրոնային կրիչների վրա գտնվող ապացույցների հետ աշխատելու հմտությունների զարգացումը,

գ) մասնագիտական վարքագծի կանոններ և էթիկա,

դ) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի կոնկրետ հոդվածների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք:

Կամ մինչև այժմ քանի՞ դատավոր է վերապատրաստվել յուրաքանչյուր բնագավառում։ Ընդհանուր առմամբ քանի՞ դատավոր պետք է անցնի վերապատրաստում։ Որքանո՞վ արդյունավետ են վերապատրաստման դասընթացները:

9-րդ նպատակով սահմանված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ապահովումը։ Այս նպատակի ներքո նախատեսված է․

  • «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող միասնական գրասենյակի ստեղծում,
  • Փորձագիտական ծառայություններ մատուցող պետական մարմիններում ընդգրկված ստորաբաժանումների միավորում,
  • «Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի նախագծի մշակում, քննարկում և ներկայացում Վարչապետի աշխատակազմ։

Նշենք, որ ընդհանուր թվով 4 նմանատիպ քննարկումներ արդեն անցկավել են հունվարի 24-ին և 25-ին։