Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է.
Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը: Իշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական գործողություններով անմիջական ազդեցություն և միջամտություններ են տեղի ունեցել մի շարք համայնքներում անցկացված ընտրություններում և դրանից հետո: Այդպիսի ազդեցություններն ու միջամտությունները ցայտուն կերպով դրսևորվում են Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների հետընտրական գործընթացներում (թիվ 23 ընտրատարածք):
Վանաձոր համայնքի օրինակով հետընտրական գործընթացների վերլուծությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային թույլ է տալիս փաստել հետևյալը.
Փաստական հանգամանք 1.
Մամիկոն Ասլանյանը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ը: Արդեն, որպես նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2021 թվականի օգոստոս, սեպտեմբեր ամիսներին հայտարարել է, որ մասնակցելու է 2021թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին, իսկ սեպտեմբերի 24-ին պաշտոնապես հայտարարել էր, որ մասնակցելու է «ԱՍԼԱՆՅԱՆ» դաշինքով:
Ռեակցիա 1.
2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նրա կողմից ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Փաստական հանգամանք 2.
2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
1) «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ, 2) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ, 3) Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ, 4) «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ, 5) «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:
Ռեակցիա 2.
Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:
Փաստական հանգամանք 3.
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը Մամիկոն Ասլանյանն է, ով հանդիսանում է նաև «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու:
Ռեակցիա 3.
Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություներին մասնակցած, սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և մանդատների բաշխմանը չմասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների 1314 կողմ ձայներ, ընտրողների ձայների 3,97 տոկոսը) հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու հայցով, որի պատճառով չեն կայացել և հետաձգվել են համայնքի ղեկավարի ընտրությունները: ՀՀ վարչական դատարանի 21.12.2021թ. վճռով հայցը մերժվել է:
«Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների քաղաքական պայմանավորվածությունների տանդեմը նորություն չէ, այն գործել է նաև դեռևս Ազգային ժողովում 2019 թվականի նոյեմբերի 18-ին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ, երբ ԿԿՀ անդամներն առաջադրվել և ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, դրանով իսկ հանձնաժողովին հաղորդելով խիստ քաղաքական երանգ` չեղարկելով և տապալելով ԿԿՀ անդամների ընտրության մրցութային կարգը։ Այդ մասին Իրավաբան.նեթ առցանց մեդիան անդրադարձել է իր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինչու՞ կամ ու՞մ համար պետք չէր մրցութային խորհուրդը» և «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը» հետաքննություններում:
Փաստական հանգամանք 4.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 1. Ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`
1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, … վերաբերյալ գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով.
Նույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Վարչական դատարանի վերոհիշյալ վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն է՝ 21.12.2021թ։
Ռեակցիա 4.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ՀՀ վարչական դատարան 23.12.2021թ., այն է՝ ավագանում նիստին նախորդող օրը, ներկայացվել է հայցադիմում ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ավագանուն Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց ձեռնպահ մնալու, և/կամ ոչ իրավաչափ ճանաչել Վանաձոր համայնքի աշխատակազմի Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը, պահանջների մասին:
Հայցադիմումը դատարանի կողմից 24.12.2021թ. ընդունվել է վարույթ, հայցվորը միջնորդել է նաև կիրառել հայցի ապահովում, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, դատարանի 24.12.2021թ. որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, այն է՝ Պատասխանողներին արգելել համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով կայացված վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վերոհիշյալ վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 23.12.2021թ. դատարան ներկայացված հայցի համար որպես հիմք հայցվորը նշել է վերոհիշյալ վճիռը բողոքարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հիմքով՝ քանի որ բողոքարկել է վճիռը, միջնորդել է կիրառել հայցի ապահովում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հետ կապված վարույթի հարցի լուծման վերջնաժամկետ է համարվում 07.01.2022թ.-ը:
Վերոհիշյալ դատական գործընթացների արդյունքում 24.12.2021թ. հրավիրված ավագանու նիստը չի կայացել:
Փաստական հանգամանք 5.
ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է ընտրական իրավունքը, որի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ 3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, … իրավունք ունեն ընտրության … օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: … 4. Ընտրելու և ընտրվելու, … իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը, որի համաձայն. «1. Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը… »:
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ առկա չէ դատարանի որևէ գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով վերջինս դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար դատապարտվել է և կրում է պատիժը, ինչպես նաև չի հանդիսանում այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձ:
Ռեակցիա 5.
Սույն դեպքում Մամիկոն Ասլանյանը ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ հարուցված քրեական գործով գտնվելով նախնական կալանքի տակ, ըստ էության, զրկված է ընտրելու իրավունքից, ինչպես նաև սահմանափակված է նրա ընտրվելու իրավունքը: Նրան հնարավորություն չի տրվում մասնակցելու ավագանու նիստերին և իրացնելու իր ընտրական իրավունքը: Քրեական և վարչադատավարական շղարշային գործընթացները խոչընդոտներ են ստեղծում ավագանու նիստի կայացման և Մամիկոն Ասլանյանի ընտրական իրավունքի իրացման ապահովման համար:
Հաշվի առնելով վերագրյալը և դատապարտելով Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացների վրա իշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական ազդեցություններն ու միջամտությունները` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պահանջում է.
- Իշխող քաղաքական ուժից` հանձինս գործադիր իշխանության՝ դադարեցնել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄ-երի ձևավորման վրա ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցություններն ու միջամտությունները:
- ՀՀ գլխավոր դատախազությանը` իրականացնել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄ-երի ձևավորման վրա գործադիր իշխանության, այդ թվում իրավապահ մարմինների կողմից ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցությունների ու միջամտությունների պատշաճ քննություն:
- Միջազգային կազմակերպություններին` իրենց ուշադրության կենտրոնում պահել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄ-երի ձևավորման վրա գործադիր իշխանության, այդ թվում իրավապահ մարմինների կողմից ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցությունների և միջամտությունների հարցը:
Ծանոթություն 1.
- Ներկայացված փաստերի վրա հիմնված սույն հայտարարությունը վերաբերում է բացառապես ընտրական գործընթացներին և ընտրական իրավունքների իրացման ապահովման սահմանադրական պահանջների պահպանմանը,
- ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է պահպանել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և քրեական գործերի վրա ցանկացած միջամտության բացառման սկզբունքը, ուստի անձի մեղավոր կամ անմեղ լինելը պետք է ապացուցվի ՀՀ օրենսդրության պահանջների խստագույն պահպանմամբ, դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
Ծանոթություն 2. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան: