Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի վերաբերյալ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նպատակով անցկացվող մրցույթի ձևականության մասին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր մտավախությունները հայտնել էր դեռևս հունիսի 8-ին դատապարտող հայտարարությամբ։

Ցավալիորեն, այս մտավախությունները փաստարկվեցին և հաստատվեց այն իրողությունը, որ մրցութային խորհուրդը շղարշային էր, գործում էր ոչ ամբողջական կազմով, դրանում ներգրավված չէին մասնագիտացված այն ՔՀԿ-ները, որոնք փոխկապակցված չեն կառավարության հետ, ինչի արդյունքում մրցութային խորհուրդը փաստացի իր որոշմամբ դակեց կառավարության նախընտրած անձի թեկնածությունը։ Ընդ որում, օրենքով նախատեսված յոթ հոգիանոց խորհուրդը իր որոշումները կայացրեց նվազագույն կազմով՝ չորս անդամով։ 

Այնուհետև, ակնհայտ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի նշանակման հարցում էական է վերջինիս բարեվարքության գնահատման արդյունքները։ Առհասարակ, կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման շրջանակներում միջազգային փորձը մեծ կարևորություն է տալիս հենց պաշտոնում նշանակվող անձի բարեվարքությանը, քանի որ այն ընդգրկում է այսպիսի առանցքային հարցերի ստուգման շրջանակ, ինչպիսիք են՝ անձի քրեական ենթամշակույթին հարելը, ապաքաղաքականացվածությունը, ինչպես նաև նրա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրումը ու դրանց վերլուծությունը։ Ընդ որում, վերջինս ընդգրկում է նաև այլ անձին պատկանող, սակայն թեկնածուի կողմից փաստացի տիրապետվող գույքը և եկամուտները։ Այսպիսով, չնայած բարեվարքության գնահատման ինստիտուտի կարևորությանը, մրցութային խորհրդի կողմից թեկնածուի բարեվարքության ստուգման անցողիկ շեմը Կոալիցիայի փորձագետների գնահատմամբ բավականին ցածր է սահմանվել, որով հնարավորություն տրվել առանց դժվարությամբ անցկացնել կառավարության նախընտրած թեկնածունին։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է այն, որ հարցազրույցի փուլի ընթացքում  մրցութային խորհրդի կողմից Կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրված թեկնածուն պարբերաբար հնչեցնում է իր մերձավոր ազգականին պատկանող (քրոջ ամուսնուն), բայց իր կողմից փաստացի տնօրինվող գույքի մասին, սակայն ցավալիորեն այս տեղեկությունները չեն ստուգվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ իրավիճակային հայտարարագիր պահանջելու միջոցով։ Հիշեցնենք, որ նախքան այս պաշտոնին նշանակվելը Սասուն Խաչատրյանը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ և 2018 թվականի հունիսի 11-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 16-ը ղեկավարել է Հատուկ քննչական ծառայությունը։ Այս մասին նաև առավել մանրամասն նշված է Իրավաբան․net անկախ լրատվական կայքի կողմից արված հետաքննության շրջանակներում։

Այսպիսով, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան վերահաստատում է 2021 թվականի հունիսի 8-ին իր դատապարտող հայտարարությամբ հայտնած այն դիրքորոշումը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նպատակով կազմակերպված մրցույթը ընթացել է կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո, իսկ ընտրության գործընթացը և ընտրված թեկնածուն չեն բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

30 սեպտեմբեր, 2021թ