Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, ուսումնասիրելով հանրային քննարկման դրված ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) և ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ.-ի N 65 հրամանը, գտնում է, որ այդ ակտերը հակասահմանադրական և հակաօրինական են։ Կոալիցիան նաև հայտնում է իր մտահոգությունը ՀՀ կառավարության քաղաքականության նկատմամբ և ընդգծում, որ այդ գործելաոճով Կառավարությունը խախտում է իրավական և ժողովրդավարական պետության այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են՝ իրավունքի գերակայությունը օրենքի նկատմամբ, մարդու արժանապատվությունը, մարդու աշխատանքի և առողջության իրավունքը՝ ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Նախագծի հիմնավորման նպատակով հղում է կատարվում միայն ՀՀ սահմանադրության 85-րդ և 86-րդ հոդվածների և «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի իրավակարգավորումներին, անտեսելով մարդու իրավունքների և ազատությունների իրացման սահմանադրական այլ իրավակարգավորումները։
Նախագծի հեղինակը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, խախտում է նաև ՀՀ սահմանադրության երեք հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված), սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված) և համաչափության սկզբունքը (78-րդ հոդված), ինչպես նաև՝ Սահմանադրության 57-րդ հոդվածը (Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները) և ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք էական դրույթներ։ Մասնավորապես, Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է այնպիսի խտրական և ոչ իրավահավասար կարգավորում, որով առաջարկվող իրավակարգավորումները չեն տարածվելու Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Կոալիցիայի համար մտահոգիչ է այս հանգամանքը, քանի որ ըստ էության արտոնյալ կարգավիճակ է տրված վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ուստի գտնում ենք, որ այս կարգավորումը խախտում է Սահմանադրությամբ և աշխատանքային օրենսգրքով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը։
Անդրադառնալով համաչափության սահմանադրական սկզբունքին, պետք է նշել, որ պետությանը թույլատրվում է իրականացնել մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներ այնքանով, որքանով դրանք պիտանի են և անհրաժեշտ են սահմանադրական այլ իրավունքների իրացման նպատակով։ Այն ինչ այս նախագիծը, ճիշտ հակառակը, ոչ պիտանի, ոչ հիմնավոր և ոչ անհրաժեշտ միջոցներով, խտրական եղանակով կոպտորեն խախտում է մարդու իրավունքներն ու ազատությունները և միջամտում անձի կողմից իր սահմանադրական իրավունքների իրացմանը։ Այն նաև հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:
Բացի նշված Նախագծից, Կոալիցիան ոչ իրավական է դիտարկում նաև ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս նախագծով ևս քաղաքացիների վրա դրվում է ոչ իրավաչափ պարտականություն ամբողջական պատվաստում չունենալու դեպքում յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեսթ հանձնել, իսկ թեսթի արդյունքները չներկայացնելու դեպքում՝ այս ոչ իրավաչափ հրամանը ստեղծում է աշխատանքից ազատման հիմքեր, ինչը նույնպես մարդու սահմանադրական իրավունքների խախտում է:
Ի լրումն, Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ հանրային ծառայողների մեծ մասի ֆինանսական դրության կտրուկ ծանրացման, ինչպես նաև արդեն հանգեցրել է կոռուպցիոն դրսևորումների, որոնց արդյունքում հարուցվել են քրեական գործեր՝ կեղծ պատվաստման անձնագրեր տրամադրելու առիթով։
Ելնելով վերոհիշյալից կոչ ենք անում.
- Ետ կանչել հակասահմանադրական և հակաօրինական նախագիծը։
- Անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021 թ.-ի N 65-Ն հրամանը, քանի որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ սահմանադրությանը և օրենքներին։
- Կորոնավիրուսի դեմ պատվաստումները իրականացնել կամավորության սկզբունքով՝ գերակա ճանաչելով մարդու իրավունքների և ազատությունների իրացումը։
- Նախքան կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանափակումների կամ միջոցառումների ընդունումը, իրականացնել իրավական ակտերի նախագծերի փորձաքննություն՝ խուսափելով հակասահմանադրական և հակաօրինական իրավական ակտերի ընդունումից։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
«09» սեպտեմբեր, 2021