Հանդիպում ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների միջև

Իրավաբանների հայկական ասոցիացիան ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ այսօր՝ ապրիլի 13-ին, կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմայով։

Հանդիպմանը մասնակցում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, նրա տեղակալ Լիպարիտ Դրմոյանը և 7 հասարակական կազմակերպությունների ղեկավար կազմի շուրջ 20 ներկայացուցիչներ․ դրանք են՝ «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունները։

«2020 թականի պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծվել են դիմադրության կենտրոններ հանձինս նորաստեղծ հասարակական կազմակերպությունների: Այժմ եկել է պահը բոլորի ջանքերը ուղղելու դիմադրության միասնական հարթակի ձևավորմանը` ուղղված Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիային, պատմամշակութային ժառանգության ու արցախահայերի իրավունքների պաշտպանությանը; Այդ օրակարգի իրականացման կարևոր խնդիրներից մեկը, ինչպես արդեն նշեցի, տեղահանված անձանա իրավունքների պաշտպանությունն է: Այս առումով, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ այսօրվա քննարկումը, ուղղված է ՄԻԵԴ-ում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունների քննարկմանը: Նշված ձևաչափով թեև առաջին աշխատանքային հանդիպումն է, սակայն նմանատիպ հանդիպումները այսուհետ շարունակական կլինեն»,-նշել է Կարեն Զադոյանը։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը վաղուց էր նման հանդիպում նախատեսում Արցախից տեղահանված բնակչության շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ։

«Վերջերս Արցախ այց ունեցանք։ Հանիպեցինք պետական մարմինների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ։ Աշխատանքներ ենք տանում Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցների հավաքման ուղղությամբ և այսպիսի հանդիպումները օգնում են մեզ այդ հարցում»,-նշել է նա։

Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմոյանը պատասխանել են ՀԿ-ների ղեկավար կազմի ներկայացուցիչների հարցերին։

 

Հանդիպման մասնակիցներից «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ համահիմնադիր Արմինե Հայրապետյանը նշում է, որ այժմ արդյունավետ քննարկումների հարթակ է ձևավորվում և այն կարևոր է հասարակության հետ երկխոսության առումով։

«Լիահույս եմ, որ նման քննարկումները մեզ կմոտեցնեն մեր նպատակին։ Մեր հարցերին տրվեցին այս կամ այն չափով սպառիչ պատասխաններ։ Հուսով եմ, որ գործընթացի հաջորդ փուլերում արդյունքները ավելի տեսանելի կլինեն»,-նշեց նա։ 

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ-ն զբաղվում է Շահումյանի շրջաբնից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև նրանց սոցիալական, կրթական և այլ խնդիրների բարձրաձայնմամբ։ Այս մասին նշեց կազմակերպության գործադիր տնօրեն Դավիթ Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները անհրաժեշտ են․ «Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի տեղահանված բնակչությունը իրեն հասարակության լիարժեք անդամ զգա։ Ամեն ինչ անում ենք պետական մարմինների և միջազգային կառույցների հետ, որպեսզի այդ մարդիկ Քարվաճառ վերադառնալու իրավական և սոցիալական հիմքեր ունենան»։

Աշխատանքային քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք է բերվել ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:

Նշենք, որ ««Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունները հիմնադրվել  են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։