Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների հինգերորդ ծրագրի համատեղ մշակմանն աջակցելու նպատակով՝ ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպություններ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ձևավորվել է կոնսորցիում՝ Արմավիրի զարգացման կենտրոնի գլխավորությամբ՝ նպաստելու համայնքային և ազգային մակարդակով հանձնառությունների հավակնոտ ծրագրի մշակմանը՝ կառավարությունն ավելի մասնակցային, պատասխանատու և հաշվետու դարձնելու նպատակով:
ԲԿԳ առաջիկա ծրագրի մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Հարությունյանը։
«Այս նպատակով՝ սահմանել ենք աշխատանքային քարտեզ՝ գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար»,-նշել է նա։
Նա նշեց, թե ծրագրի համատեքստում ինչ գործողություններ են նախատեսվում իրականացվել։
«Ծրագրի շրջանակներում կիրականացնենք իրազեկվածության բարձրացման մի շարք միջոցառումներ, որոնք միտված կլինեն մի կողմից բարձրացնել նախորդ գործողությունների ծրագրի հանձնառությունների մասին իրազեկվածության մակարդակը, մյուս կողմից խրախուսել նոր առաջարկների հավաքագրումը, որոնք կարող են դառնալ պոտենցիալ հանձնառություններ 5-րդ գործողությունների ծրագրի համար»,-ասաց Անի Հարությունյանը:
Իրազեկումն ու առաջարկների հավաքագրումը կիրականացվի նաև Իրավաբան.net-ի կայքի միջոցով, կհրապարակվեն իրազեկման բարձրացմանն ուղղված հոդվածներ, ներառյալ՝ ինֆոգրաֆիկաներ և վիդեո բովանդակության նյութեր:
Իրազեկման աշխատանքների շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կմշակվի ՀՀ բաց կառավարման գործընկերության հաղորդակցության պլան, որը կսահմանի հասարակության հետ Կառավարության հաղորդակցության առաքելությունը, տեսլականը և հիմնական սկզբունքները ԲԿԳ ոլորտում: Այսինքն՝ փաստաթուղթը կներառի նպատակներ, որոնց հիման վրա քաղաքացիական հասարակության և բազմաշահառու խմբի կողմից կիրականացվեն տեղեկատվական և հաղորդակցական միջոցառումներ:
ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշում է, որ հաղորդակցության ռազմավարական ծրագիրն իրականություն դառնալու դեպքում կարող է ազդել քաղաքացիների իրազեկման բարձրացման ու մասնակցության խթանման աշխատանքներում։ «Ծրագիրն ուղղված է Բաց կառավարման գործընկերության գործընթացների վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացմանը՝ տեղեկատվական հնարավոր բոլոր խողովակների միջոցով։ Իհարկե, իրազեկվածության կարիք կա ոչ միայն հասարակության շրջանում, այլ նաև՝ ՏԻՄ համակարգում, արտերկրում։ Այս երեք ուղղություններով բոլոր առկա ռեսուրսներով պետք է իրականացվի հանրային իրազեկման արշավ։ Բայց սրա համար միջոցներ են անհրաժեշտ»,-ասաց նա։
Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այնպիսի ծրագրերը, ինչպիսին օրինակ ԲԿԳ-ն է, պետությանն անհրաժեշտ են։ «Բաց կառավարման գործընկերության արժեքները՝ հանրային մասնակցություն, նորարարության խթանում, հրապարակայնության ապահովում, սրանք բոլորն այն արժեքներն են, որոնց վրա խարսխվում է ժողովրդավարական կառավարումը։ Եթե դրանից որևէ մեկը պատշաճ մակարդակով չի իրականացվում երկրում, բնականաբար, չի կարող լինել արդյունավետ և լավ կառավարում։ Սա անհրաժեշտություն է, բայց այլ հարց է, թե ինչքանով են կառավարությունները լուրջ ընդունում և նվիրվում այս գաղափարին, ներդրում ունենում այս գործընթացում։ Հայաստանում բավականին լուրջ են ընդունում, բայց վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես վերջին եռամսյակում, օբյեկտիվ պատճառներով գործընթացը պասիվացել է։ Հուսով եմ առաջիկա ամիսներին իրավիճակը կշտկվի»,-նշեց ԻԱԿ նախագահը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանի խոսքերով՝ նախատեսվում է առաջարկների հավաքագրումն իրականացնել ոչ միայն քաղաքացիներից, այլև՝ քաղաքացիական հասարակության մասնագիտական կառույցներից։ Այդ նպատակով արդեն իսկ մեկնարկել են առցանց թեմատիկ քննարկումներ հանրային-մասնավոր գործընկերություն ձևաչափով՝ մասնակցությամբ պետական մարմինների և Կառուցողական երկխոսության ցանցի անդամ կազմակերպությունների։ Այս գործընթացում նաև տրամադրվում է փորձագիտական աջակցություն։
Բացի այդ, ծրագրի շրջանակներում նախատեսում ենք նաև մշակել Հանրային քաղաքականություն՝ առաջարկությունների առաջնահերթության, ընտրության և քննարկման չափանիշների վերաբերյալ»,-նշեց նա: Հիմնական խնդիրն այն է, որ հանձնառությունների զտման և վերջնական ընտրության չափանիշները հստակ չեն։ Քանի որ ստացվում է շուրջ 100 առաջարկ, գործնականում անհնար է (և ոչ արդյունավետ) բոլոր առաջարկները հատ առ հատ քննարկել աշխատանքային խմբի անդամների հետ: Նախորդ գործողությունների ծրագրերի քննարկման ընթացքում հաճախ պարզվում է, որ որոշ առաջարկներ չեն համապատասխանում ԲԿԳ հայեցակարգին կամ կրկնվում էին: Բացի այդ, պարզ չէ, թե որոշում ընդունելու համար արդյո՞ք քվեարկություն պետք է կիրառվի, թե ոչ, կամ ի՞նչ այլ եղանակներով է անհրաժեշտ համընդհանուր համաձայնության հասնել։ Այս բոլոր խնդիրները կլուծվեն մշակված կարգի ընդունման պարագայում, որը մշակելիս հաշվի է առնվել լավագույն փորձը, մասնավորապես՝ ԲԿԳ մասնակցայնության և համատեղ մշակման ստանդարտները և Անկախ հաշվետվական մեխանիզմի (Independent Review Mechanism) մեթոդոլոգիան։ Նախագծով նաև սահմանվում է առաջարկներ ներկայացրած բոլոր շահագրգիռ կողմերին պարտադիր հետադարձ կապի տրամադրման պահանջ և ավելի համակարգված մոտեցման կիրառում հանձնառությունների ընտրության արդյունավետ և թափանցիկ գործընթացի համար:
Առաջարկությունների փաթեթն համալրելուց հետո կիրականացվեն ԲԿԳ աշխատանքային խմբի հանդիպում-քննարկումները՝ ուղղված գործողությունների ծրագրում դրանց նախատեսմանը։ Այս փուլում ևս գործողությունների ծրագիրը ներկայացվում է հանրային քննարկման, և քաղաքացիները կարող են իրենց առաջարկները ներկայացնել արդեն իսկ մշակված ծրագրի վերաբերյալ, որից հետո միայն այն ենթակա է հաստատման։
Նշենք, որ հրապարակումը պատրաստվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Աջակցության ստորաբաժանման օժանդակությամբ։