Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլում ձևավորված հինգ խմբերից մեկը Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի աշխատանքային խումբն էր: Խմբի կազմում էին երիտասարդ իրավաբաններ, ծրագրավորողներ Երևանից և Շիրակի մարզից:
Որպես խմբային ծրագիր ընտրվել էր գիտահետազոտական աշխատանքի կատարումը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մասին միջազգային փորձի, իրավական կարգավորումների, առկա բացերի վերլուծությունը:
Խմբի համակարգող Սերգեյ Բերբերյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը հաջողելու գլխավոր գրավականներից է ոչ միայն արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, այլ նաև դրա վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձր մակարդակի ապահովումը։
Խմբակիցների պնդմամբ՝ յուրաքանչյուր պետական ու հասարակական արատի դեմ պայքարը հաջողությամբ է պսակվում և իր դրական արդյունքն է ամրագրում այն դեպքում, երբ հասարակության լայն շերտերն ունեն անհրաժեշտ չափով իրազեկվածություն տվյալ երևույթի գոյության, տարածվածության ու պայքարի արդյունավետ միջազգային մեխանիզմների վերաբերյալ:
«Այդ իսկ պատճառով մեր զեկույցի նպատակն է որոշ չափով բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակակը՝ դրանում արտացոլված տեղեկությունների մատուցմամբ, որում նկարագրված է կոռուպցիայի բուն էությունը ու դրա դեմ պայքարի միջազգային մակարդակում երկրների ունեցած փորձն ու գրանցած արդյունքը»,- մանրամասնում է Սերգեյ Բերբերյանը:
Խումբը հաջողեց սահմանված ժամկետում պատրաստել զեկույց՝ ներառելով աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրների վերաբերելի ոլորտում ունեցած փորձը:
Դեկտեմբերի 9-ի միջոցառմանը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, խմբի անդամները ներկայացրին զեկույցի ընդհանուր տրամաբանությունը, հիմնական բովանդակությունն ու իրենց եզրակացությունը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: