Աշխատողներն այսուհետ կարող են իրենց խախտված իրավունքների վերաբերյալ անանոջն դիմումներ ներկայացնել։ Դեկտեմբերի 22-ին կայացավ աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։
Այս հարթակը ստեղծվել է՝ հիմք ունենալով Bizprotect.am էլեկտրոնային հարթակը՝ որպես բիզնես ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու (այդ թվում անանուն) յուրօրինակ գործիք, որը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
«2021 թվականը մենք հայտարարում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի։ Մեր գործունեության ծրագրի հիմնական կետերում նաև հաստատել ենք այն, որ այն լինելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծմամբ։
Բողոքների ընդունման էլեկրոնային հարթակ ներդնելով, մենք նպատակ ունենք բարձրացնել տեսչական մարմնի նկատմամբ վստահությունը, բողոքաբերների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանց համար ավելի հարմար լինի տեսչական մարմին ներկայացնել աշխատանքային իրավունքին վերաբերող խնդիրները, և երրորդը, որն ինձ համար շատ կարևոր է, ունենալ ավելի հստակ վիճակագրություն՝ բողոքների դրանց տեսակների վերաբերյալ»,-ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Մարինե Մալխասյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ կարևոր նախաձեռնությամբ հանդես գալու համար։ «Մեզ համար շատ կարևոր ուղղություն է աշխատանքի իրավունքի պաշտպանությունը։ Շատ լավ աշխատանք է կատարվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերոջ կողմից: Ստեղծված հարթակը մեծ դեր կունենա աշխատողների իրավունքների պաշտպանության գործում։ Կարծում եմ սա համագործակցության հիմքն ու սկիզբն է տեսչական մարմնի ու կառավարության հետ՝ այս հարցի շուրջ: Այս առումով, անհրաժեշտ կլինի շարուկական կերպով կազմակերպել հարթակի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև` աշխատողներին իրենց իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով հարթակում ստեղծել արհեստական բանականության օգտագործման հնարավորություն»,-ասաց նա։
ՀՀ ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, եթե աշխատանքային իրավունքների պաշտպանության հարթակի գործարկման ընթացքում խնդիրներ կառաջանան, որոնք օրենսդրական հավելյալ կարգավորումների կարիք կունենան՝ Ազգային ժողովում միշտ պատրաստ են քննարկումների։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ EmployeeProtect.am համակարգը կարևոր գործիք է, որը նոր մշակույթ է բերում ոլորտ։ «Այնպիսի մշակույթ, որ աշխատողը խնդիր ունենալու դեպքում կդիմի և կհամագործակցի պետական մարմնի հետ՝ մի քանի տարի է մենք չունենք։ Հարթակը կարևոր է ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, բողոքներ ներկայացնելու համար, այլ նաև իրավական բացերը բացահայտելու համար։ Մեր նախարարության համար դա առաջնահերթություններից մեկն է, ըստ որի կկարողանանք արդիականացնել, փոփոխել ՀՀ աշխատանքային օրենսգիրքը,-ասաց փոխնախարարը։
Այս հարթակը հնարավորություն է ստեղծելու մի քանի անգամ հեշտացնել այն մարդկանց առօրյա կյանքը, ովքեր դժգոհություններ ունեն աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված․ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
«Հաշվի առնելով նաև անանուն դիմում-բողոքներ ընդունելու և ընթացք տալու հնարավորությունը, հետագա աշխատանքի ընթացքում մենք կհասկանանք արդյունավետության աստիճանն ու ըստ անհրաժեշտության որոշակի փոփոխություններ հնարավոր է կատարենք՝ քանի որ կա նաև բիզնեսի շահ և բոլոր գործողությունները պետք է լինեն բալանսավորված: Վստահ եմ, որ մոտ ապագայում տեսչական մյուս մարմիններում նույնպես կներդնենք նմանատիպ բողոքների ընդունման էլեկտրոնային հարթակներ»,-նշեց Արթուր Ասոյանը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մանրամասն ներկայացրեց աշխատանքային իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակը՝ նշելով դրա բոլոր առանձնահատկությունները, հնարավորությունները։
«2016 թվականին, երբ մեր առաջարկով կառավարության կողմից հիմք դրվեց հակակոռուպցիոն բարեփոխումներին, մեր կողմից բարձրաձայնվել էր նաև ազդարարաների պաշտպանության խնդիրը, քանի որ գիտենք՝ մարդիկ վախենում են ահազանգել իրավախախտումների, կոռուպցիայի մասին։ Միջազգային փորձն ուսումնասիրելով` կառավարության մեր գործընկերների հետ մտածեցինք նաև անանուն դիմումներ ներկայացնելու հնարավորություն ստեղծել, որպեսզի խնդրի մասին ահազանգողները հաշվեհարդարներից խուսափեն։ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց, որտեղ նախատեսվում էր և ստեղծվեց azdararir.am կայքը։ Մինչ այդ կայքի ստեղծումն էլ Իրավաբանների հայկական ասոցիացիան իր գործընկերների հետ փորձնական ստեղծեց bizprotect.am-ը, որտեղ բիզնես ոլորտ խնդիրների և կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ անանուն կերպով հայտեր ներկայացնու հնարավորություն ստեղծվեց: Այդ փորձն ու քաղված դասերը մենք օգտագործել ենք աշխատանքային իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակը ստեղծելուց»։
Կարեն Զադոյանը նշեց, որ էլեկտրոնային հարթակը աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ գործիք է և 3 կարևոր խնդիր է լուծում՝
- աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն և անձը բացահայտած ձևաչափերով դիմում-բողոքներ ներկայացնելու հնարավորությունը,
- աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում խորհրդատվություն և տեղեկատվություն ստանալու հնարավորությունը,
- հետադարձ կապի միջոցով աշխատանքային օրենսդրության բացերը հատկորոշելու և բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորությունը։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակը բաղկացած է լինելու կայքից և բջջային հավելվածներից:
Նախատեսվում է, որ կայքը կսկսի գործել 2021 թվականի հունվարից, իսկ բջջային հավելվածները` փետրվարից: