Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն» դպրոցի 6-րդ հոսքը լի էր նորամուծություններով: Նախորդների համեմատ տարբերություններից մեկն այն էր, որ այստեղ մեծ կարևորություն ուներ ձեռք բերված գիտելիքների տարածումը, փորձի փոխանակումը:

Երկրում հայտարարված արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված՝ սեմինարների անցկացման ձևաչափը նույնպես եղել է տարբեր: Մի դեպքում շրջանավարտներն ընտրել են առցանց հարթակը, ինչը հնարավորություն է տվել կոռուպցիայի դեմ պայքարի մասին իրազեկել բազմաթիվ անձանց՝ առանց տարածքային սահմանափակումների:
Մյուս դեպքում, նախապատվությունը տրվել է առերես շփմանը՝ կենտրոնանալով կոնկրետ համայնքի, հաստատության երիտասարդության վրա:
Հարկ է նշել, որ միջոցառման արդյունքներն ապշեցնող են: Բացի դպրոցի շրջանավարտներից հակակոռուպցիոն կրթություն ստացան նաև դպրոցին չմասնակցած անձինք: Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ աշակերտների/ուսանողների հետ զուգահեռ կրթվեցին և իրազեկվեցին նաև նրանց ուսուցիչները: Իրազեկման սեմինարների մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկություն հայտնեց անձամբ մասնակցել հետագայում կազմակերպվելիք դպրոցին, ստանալ հակակոռուպցիոն կրթություն և ունենալ իր լուման կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործում:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ:

