Դեկտեմբերի 11-ին «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի մանսակիցները դիտեցին մարդու իրավունքների համար պայքարի ջատագովներից մեկի՝ Նելսոն Մանդելայի մասին պատմող ֆիլմի վերջին հատվածը։
«Ծրագրի շրջանակներում երկու ֆիլմ ենք դիտելու մասնակիցների հետ, որոնցից մեկը հենց Նելսոն Մանդելայի մասին պատմող ֆիլմն է։ Այն պայքարի մասին է։ Ես նաև միշտ օրինակ եմ բերում Գևորգ Մարզպետունուն, որ ասում են՝ մի ձեռքը ծափ չի տա, ինքն ապացուցեց, որ կտա։ Այս ծրագրի մասնակիցները իրենց ազնվության ողնաշարով և հակակոռուպցիոն գիտելիքներով պետք է տարբերվեն մնացածից, իրենք պետք է կարողանան փոփոխություններ բերել»,- ասում է ծրագրի Շիրակի մարզի համակարգող, ԻՀԱ Գյումրու գրասենյակի իրավաբան Գայանե Գևորգյանը։
Խոսելով ծրագրի մասին՝ նա ասաց, որ այն միտված է ուսանողներին հակակոռուպցիոն ուսուցում տալուն և աշակերտական հակակոռուպցիոն ակումբներ ստեղծելուն։ Եվ ծրագիրը առանձնանում է նրանով, որ Հայաստանում առաջին անգամ նման ծրագրի մասնակցում են ոչ միայն իրավաբանության գծով մասնագիտացված ուսանողները, այլև ամենատարբեր բնագավառների երիտասարդները։ Ծրագրի երկրորդ առանձնահատկությունը ավագ դպրոցի աշակերտների ներգրավվածությունն է։
Արաքսյա Պետրոսյանը Գյումրու տնտեսագիտական վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի է, չնայած թեման կապ չունի իր մասնագիտության հետ, բայց նա կարծում է՝ մարդը պետք է բազմակողմանի զարգացած լինի.
«Ես ընդունվելու եմ ճարտարապետական համալսարան, բայց անկախ մասնագիտությունից մարդը պետք է զարգացած լինի։ Եթե միջավայրում խոսում են այս թեմաներից, մարդը պետք է իմանա այդ թեմայի մասին, որ ճշգրիտ խոսի։ Ես այստեղից շատ գիտելիքներ եմ ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Դասընթացից ստացած գիտելիքներս կիրառում եմ դպրոցում հասարակագիտություն առարկայի շրջանակներում ու առհասարակ, կարծում եմ՝ կյանքում ինձ դեռ շատ է պետք գալու»,- ասում է Արաքսյան։
Նա նաև ոգևորությամբ պատմում է, թե ինչպես է այս ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիան աշակերտների աչքերով» նկարչական մրցույթին երկրորդ տեղը զբաղեցրել՝ նշելով, որ իր մասնագիտական առաջին քայլերն են եղել, առաջին մրցույթը. «դրա համար էլ ծնողներս նույնպես պարգևատրեցին ինձ»,- կատակով նշում է նա։
12-րդ դասարանի աշակերտ Էմիլի Կիրակոսյանը շատ էր տպավորվել ֆիլմով.
«Այս ֆիլմը շատ մոտիվացնող էր, սովորեցնում է, որ պետք է լինել համարձակ, սեփական ուժերի վրա վստահ պետք է լինել, որովհետև եթե ինքդ չհավատաս քո ուժերին, դիմացինդ չի հավատա»,- ասում է նա։
Էմիլիի համար շատ կարևոր է, որ երկրում կոռուպցիա չլինի և վստահ է, որ կոռուպցիան արմատախիլ անելու գործում ինքը և իր սերունդը մեծ դեր կարող են ունենալ.
«Մենք «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շնորհիվ տեղեկանում ենք, թե ինչպես կարող ենք կանխարգելել կոռուպցիան։ Մանավանդ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որ կոռուպցիան մեր աչքի առաջ է տեղի ունենում և միայն անհատներով չենք կարող գլոբալ փոփոխություններ անել։ Պետք է համախմբվել, զինվել գիտելիքներով ու պայքարել կոռուպցիայի դեմ»,- նշեց Էմիլին։
Անի Խաչատրյանն էլ Շիրակի պետական համալսարանում է սովորում, արդեն 4-րդ կուրսում է,ուսումնասիրում է տուրիզմի ոլորտը։ Նա շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել ոչ մասնագիտական կրթություն ունեցող ուսանողնեին մասնակցել հակակոռուպցիոն ծրագրի։
«Ես հենց տեսա նման հնարավորություն, առիթը բաց չթողեցի, արագ գրանցվեցի։ Ինձ շատ էր հետաքրքրում՝ ինչ է դա, իրենից ինչ է ներկայացնում։ Ծրագրի միջոցով ես կկարողանամ հետագայում իմ շահերը ճիշտ պաշտպանել։ Կարծում եմ՝ անկախ մասնագիտությունից բոլորին էլ պետք են նման դասընթացները, որ ունենան հիմնային գիտելիքներ այս թեմայից։ Ծրագրից ինչ սպասումներով որ եկել եմ, լիովին արդարացվել են։ Շատ-շատ գիտելիքներ եմ ստացել, ինչի համար շնորհակալ եմ»,- ասաց Անին։
Ծրագրի Շիրակի մարզի համակարգող Գայանե Գևորգյանն ասում է՝ երիտասարդներն իրենց շատ լավ են դրսևորել, նույնիսկ զարմանալու առիթներ են տվել.
«Ես ծրագրին մասնակից երիտասարդությունով հիացած եմ։ Նրանց մոտեցումներն ու ընկալումներն այնքան տարբեր ու հետաքրքիր են։ Նույնիսկ անսպասելի ու շատ մասնագիտական հարցեր են հնչեցնում»,- ասում է նա՝ հիշելով մի դեպք, երբ դատախազության ներկայացուցչի հանդիպման ժամանակ աշակերտներից մեկը հակակոռուպցիոն բնույթի մի հարց է տվել, դատախազը չի պատասխանել, քանի որ նախաքննության գաղտնիություն կբացահայտվեր, բայց բոլորին զարմացրել է հնչեցված հարցը, թե ինչպես կարող է աշակերտը, ով մասնագիտական այլ կողմնորոշում ունի, նման հարց հնչեցնել։
Նշենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրիրն ավարտվում է դեկտեմբեր ամսին, և այն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։