ՔՀԿ-Կառավարություն առցանց համաժողովին ներկայացվեց ՀՀ ՄԻՊ ազգային ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թթ․ գործողությունների ծրագրի մոնիթորինգի արդյունքները

Նոյեմբերի 27-ին «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում կայացավ «ՔՀԿ-Կառավարություն» առցանց համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի մոնիթորինգի արդյունքները։

Մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախյան պատերազմի զոհերի հիշատակը։

Ծրագրի ղեկավար, կրթաթոշակիր Սյուզաննա Սողոմոնյանը հայտնեց, որ Հայաստանի Մարդու իրավունքների ռազմավարության մոնիթորինգը իրականացնելու համար կրթաթոշակ ստացել է Եվրոպական միության կողմից՝ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում։ Մոնիթորինգի իրականացման աշխատանքներում մասնագիտական օժանդակություն է ստացել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայից։ Մոնիթորինգի կատարման աշխատանքներում աջակցություն են ցուցաբերել մի շարք պետական մարմիններ, ՔՀԿ-ներ, իրավաբաններ և փաստաբաններ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն նշեց, որ ծանոթացել են զեկույցի անգլերեն տարբերակին։ «Շատ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականը քննարկվող հարցերի առաջընթացի վերաբերյալ: Վերջում ես կարդացի ամփոփագիրը և հասկացա, որ ընդգրկված են մարդու իրավունքների բոլոր ոլորտները, սկսած կյանքի իրավունքից մինչև խոշտանգումների արգելք և ծառայություններին հասանելիություն»,-նշեց Գոնսալո Սեռանոն։

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունելով և գնահատելով կառավարություն-ՔՀԿ դրական արդյունքներով համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց զեկույցի կազմման և մասնագիտական ճիշտ մոտեցման համար։ «Մենք ունեցել ենք մեր ձայնն ասելու, տեղեկությունները տրամադրելու՝ հավատով, որ նման վարժությունները մեծապես ավելի շատ մեզ են պետք, որպեսզի տեսնենք կողքից՝ երրորդ աչքով մեր բացերը, խնդիրները և լավագույնս պլանավորենք մեր անելիքները։ Իմ կարծիքով շատ լավ զեկույց է ստացվել և կարող եմ ասել, որ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրերի փորձառությունները հաշվի առնելով, սա բացառիկ օրինակելի զեկույց է»,-ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ կարևոր է խոսել ու ուժերը կենտրոնացնել ոլորտում առկա մարտահրավերների վրա՝ մասնավորապես կորոնավիրուսի համավարակը և Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախյան պատերազմը։

Մոնիթորինգն իրականացվել է բարեխղճորեն ու մասնագիտական բարձր հատականիշներ ցուցաբերելով՝ նման գնահատական տվեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը՝ նշելով քաղաքացիական հասարակության այլ կառույցների, պետական մարմինների և մյուս դերակատարների հետ համագործակցության մասին։

Խոսելով առկա մարտահրավերներից՝ Կարեն Զադոյանը նշեց․ «Մենք սեպտեմբերի 27-ից հետո ունենք այլ իրականություն և Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը պետք է ֆունդամենտակ փոխվի՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Արցախից ներգաղթած քաղաքացիներն ունեն իրավունքների պաշտպանության տարբեր խնդիրներ՝ հումանիտար, սոցիալական, հոգեբանական, իրավական և այլն։ Շատ կարևոր է և մեր միջազգային գործընկերներին էլ եմ դիմում, որպեսզի իրենք իրենց ջանքերը ներդնեն՝ գերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձն է Հայաստանի Հանրապետություն»։

Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի մոնիթորինգի արդյունքների հիման վրա մշակված փաստարկված զեկույցը։

«Կրթաթոշակով աշխատանքները սկսել եմ սույն թվականի մայիս ամսից, բայց ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մոնիթորինգի մեթոդոլոգիայով նախատեսված դաշտային և հետազոտական աշխատանքները մեկնարկել են հունիսին և ավարտվել օգոստոսի կեսերին։ Այսինքն, զեկույցում ներառված չեն մարդու իրավունքների այն կոպտագույն խախտումները, որոնց մենք ականատես եղանք արցախյան պատերազմի ժամանակ։ Ըստ էության, այս քննարկման հիմնական արդյունքը պետք է լինի այն, որ մեկնարկենք Հայաստանի ՄԻ ոլորտում առաջնահերթությունների փոփոխությունները»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։