Նոյեմբերի 17-ին դատախազ Գարիկ Աբելյանը հանդիպում-քննարկում ունեցավ Սյունիքի և Շիրակի հակակոռուպցիոն աշակերտական ակումբների ունկդնիրների հետ:
Դատախազ Աբելյանը հանգամանորեն ներկայացրեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, մեղավոր անձանց դատապարտման հարցերում դատախազության լիազորությունները: Ընդհանուր առմամբ ներկայացվեց կոռուպցիայի դեմ պայքարում առկա իրավիճակը Սյունիքի մարզում:
Ավագ դպրոցականները հետաքրքրվեցին առհասարակ կոռուպցիայի վերացման հնարավորությամբ, այս գործում մեր պետության ներդրած ջանքերով:
Գարիկ Աբելյանը պատասխանեց աշակերտների տարատեսակ հարցերին, որոնք ընդգրկում էին ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական ոլորտը, այնպես էլ ակտիվների վերադարձման քաղաքացիաիրավական գործընթացը:
Աշակերտները ևս մեկ անգամ ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները՝ այս անգամ արդեն դրանք համեմելով գործնականով:
Հիշեցնենք, ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։