Վերապատրաստվել են 6111 ուսուցիչներ և ուսուցիչների օգնականներ․ ամփոփվել են կրթության իրավունքի ոլորտում իրականացված գործողությունները՝ ըստ ՄԻՊ ռազմավարության

«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները։ Ծրագիրը ավանդույթի համաձայն հանրության ուշադրությանն է ներկայացնում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Նախորդ նյութերով արդեն իսկ հանրության ուշադրությանն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Այս շաբաթ կանդրադառնանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին՝ ներկայացնելով կրթության իրավունքի ոլորտում իրականացված աշխատանքները։

 

Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրով 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները (Գործողություն 60)։ Այս գործողության իրականացման վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից տեղեկատվություն չի տրամադրվել։

Գործողություն 61-ով նախատեսվում է ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և գործողությունների ծրագիր` կրթական բոլոր մակարդակների համար, որի շրջանակներում նախատեսվում է ներդնել ներառական կրթության տվյալների հավաքագրման և մոնիթորինգի մեխանիզմ, նոր կառուցվող ուսումնական հաստատությունների համար ընդունել համընդհանուր դիզայնի ճարտարապետություն, հանրակրթության հաստատությունների 10%-ը հարմարեցնել համընդհանուր դիզայնի ճարտարապետությանը և նոր մոդուլներով վերապատրաստել ուսուցիչների 40%-ին։

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ ՀՀ կառավարության 2016 թվականի  փետրվարի 18-ի նիստի արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել հանրակրթության ոլորտում «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողու­թյուն­ների պլանին  և ժամանակացույցին»: Վերոնշյալ երկու հարցերի վերաբերյալ 2020 թվականի իրականացված աշխատանքների վերաբերյալ նախարարության կողմից լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրվել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը համատեղ իրականացնում են  «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է թիրախ դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար ֆիզիկական հասանելիության ապահովումը, դպրոցական և տարածքային մակարդակներում որակյալ և արդյունավետ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ վերանորոգված ու անհրաժեշտ գույքով և դիդակտիկ նյութերով համալրված շուրջ 100 ռեսուրս սենյակ և 5 Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն (ՏՄԱԿ)։ Ներկա դրությամբ ավարտվել են շինարարական աշխատանքները Սյունիքի 9 հանրակրթական դպրոցներում և 1 ՏՄԱԿ-ում։

 

Ինչ վերաբերում է նոր մոդուլներով ուսուցիչների վերապատրաստումներին, ապա ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հանրակրթության համակարգում համընդհանուր ներառմանն անցման համատեքստում «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած մոդուլներով վերապատրաստվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի 452 և Կոտայքի մարզի 386 մանկավարժներ: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) կողմից ներառական կրթության թեմայով իրականացված վերապատրաստումների շրջանակում վերապատրաստվել է 3358 մանկավարժ: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում ծրագրի շրջանակներում ներառական կրթության թեմայով վերապատրաստումների շրջանակում վերապատրաստվել է 1915 մանկավարժ: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել են 6111 ուսուցիչներ և ուսուցիչների օգնականներ։ Այնուամենայնիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունում չի մանրամասնվում` թե արդյո՞ք այս վերապատրաստումներն իրականացվել են 2020 թվականի ընթացքում, թե՝ ավելի վաղ։

 

 Գործողություն Մոնիթորինգի արդյունք
61.3 Հանրակրթության հաստատությունների 10%-ը հարմարեցվել է համընդհանուր դիզայնի ճարտարապետությանը
61.4 Ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ կրթական բոլոր մակարդակների համար

 

Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարկման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։