Ոստիկանությունում ամփոփվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի փաստաթղթային փուլը։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ամփոփման արդյունքներով ներկայացված պահանջներին համապատասխանող են ճանաչվել
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանի,
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ղեկավար, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի,
- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի,
- «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, ծրագրերի համակարգող Սերգեյ Ղահրամանյանի կողմից ներկայացված հայտերը:
ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 903-Ա որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 18-րդ կետի համաձայն, հաշվի առնելով, որ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավման նպատակով հայտ են ներկայացրել սահմանված պահանջներին համապատասխանող չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մրցույթը սահմանափակվել է փաստաթղթային փուլով: Նշված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կընդգրկվեն Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում: