Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում է ընտրվել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան

Ոստիկանությունում ամփոփվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի փաստաթղթային փուլը։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ամփոփման արդյունքներով ներկայացված պահանջներին համապատասխանող են ճանաչվել

  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանի,
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ղեկավար, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի,
  • «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի,
  • «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, ծրագրերի համակարգող Սերգեյ Ղահրամանյանի կողմից ներկայացված հայտերը:

ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 903-Ա որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 18-րդ կետի համաձայն, հաշվի առնելով, որ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավման նպատակով հայտ են ներկայացրել սահմանված պահանջներին համապատասխանող չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մրցույթը սահմանափակվել է փաստաթղթային փուլով: Նշված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կընդգրկվեն Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում: