Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները, որի շրջանակներում արդեն իսկ ստացվել են մշտադիտարկման առաջին արդյունքները։ Ծրագիրը նախատեսում է հանրության ուշադրությանը ներկայացնել մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Այս շաբաթ հանրության ուշադրությանը կներկայացնենք ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնք հիմնականում վերաբերում են կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, իրավահավասարության և խտրականության արգելքի ոլորտներին։
Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի 2020-2022 թվականների ընթացքում պարբերաբար պետք է իրականացվեն վերապատրաստումներ ոստիկանության ծառայողների շրջանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության (թիրախային ցուցանիշ՝ ոստիկանների 10%-ի շրջանում), խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի (թիրախ՝ 21%), գործի արդարացի քննության իրավունքի (թիրախ՝ 21%), իրավահավասարության, խտրականության արգելքի (թիրախ՝ 14%) և հավաքների ազատության (թիրախ՝ 24%) թեմաներով։
Համաձայն Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության 2020 թվականի հուլիսի 31-ի դրությամբ ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության թեմաներով վերապատրաստվել են ընդհանուր թվով 78 ծառայողներ, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի թեմայով՝ 48 ծառայող, իրավահավասարության, խտրականության արգելքի թեմաներով՝ 47 ծառայող, հավաքների ազատության թեմայով՝ 81 ծառայող։ Գործի արդարացի քննության իրավունքի թեմայով վերապատրաստումները հետաձգվել են կապված երկրում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածմամբ: Խոշտանգումների արգելքի իրավունքի պաշտպանության ոլորտում նախատեսվում է ՀՀ Ոստիկանության և ռազմական ոստիկանության 12 ստորաբաժիններում տեղադրել տեսաձայնագրման միջոցներ 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում, որն այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացված է 11 ստորաբաժինների համար։
Ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով վերապատրաստումներ են նախատեսված նաև ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարների և զինվորական ոստիկանության ծառայողների շրջանում։ Համաձայն Պաշտպանության նախարարության կողմից ստացված տեղեկատվության այս պահի դրությամբ վերապատրաստման դասընթացների ծրագրերը գտնվում են մշակման և ուսումնասիրման փուլերում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Այս վերապատրաստումները վերաբերում են կյանքի իրավունքի, գործի արդարացի քննության իրավունքներին, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին։ Միջազգային փորձագետի կողմից մշակվել է նաև «Մարդու իրավունքը զինված ուժերում» առարկայի ծրագրի նախագիծը, որը նախատեսվում է ներդնել Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Սպաների որակավորման բարձրացման կենտրոնի (ՍՈԲԿ) և հրամանատարա-շտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) ուսումնական ծրագրերում։
ԶՈՒ զորամասերի 45%-ում, իսկ զորակոչային և զորահավաքային ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումներում փակցված են կյանքի իրավունքի վերաբերյալ պաստառներ (թիրախային ցուցանիշ՝ 60% 2020-2022թթ․ ընթացքում)։ Խոշտանգումների արգելքի թեմայով պաստառները փակցված են զորամասերի և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումների 25%-ում։ Համաճարակային իրավիճակով պայմանավորված որոշակի միջոցառումներ չեն իրականացվել ինչպես օրինակ ԶՈւ-ում հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտին ուղղված հոգեբանական դասախոսությունների կազմակերպումն է կամ կյանքի իրավունքի վերաբերյալ իրազեկման ակցիաների անցկացումը։
Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարկան առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։