Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին:
ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդված համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք, իսկ 42-րդ հոդվածը վերաբերում է կարծիքի արտահայտման ազատության իրավունքին, ըստ որի ՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերը միտված են նաև այս իրավունքների պաշտպանության բարելավմանը, որոնց վերաբերյալ մանրամասն ներկայացվում է ստորև։
Հավաքների ազատության իրավունք
Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակն է՝ պաշտպանել և երաշխավորել բոլորի ՝ խաղաղ հավաքների իրավունքը, ձեռնարկել անհրաժեշտ իրավական բարեփոխումներ՝ նվազեցնելով ոստիկանության կողմից հավաքների ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունքում բողոքների և խախտումների քանակը:
Այս նպատակին հասնելու համար 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերում նախատեսված են հետևյալ 3 միջոցառումները՝
- Փոփոխություններ կատարել «Հավաքների ազատության մասին» օրենքում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
- Վերապատրաստումներ իրականացնել հավաքների ազատության թեմայով՝ միջազգային չափանիշների վերաբերյալ:
- Օրենսդրորեն սահմանել հավաքների հետ կապված ՀՀ ոստիկանության գործողությունների կարգը և պայմանները` միջազգային չափանիշներին համապատասխան:
Վերը նշված գործողությունների արդյունքում նախատեսվում է նվազեցնել ՀՀ ոստիկանության կողմից հավաքների մասնակիցների իրավունքի խախտման, այդ թվում` նրանց նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, ինչպես նաև կնվազեն հավաքները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման դեպքերը:
Կարծիքի արտահայտման ազատության իրավունք
Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերը ներառում են հիմնականում տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև առավելապես կարևորվում է մարդկանց կրթությանն ուղղված միջոցառումների իրականացումը, մեդիագրագիտությունը:
2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ 5 միջոցառումները՝
- Օրենսդրորեն ամրագրել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման և վերջիններիս վերաբերյալ տվյալների հրապարակային հասանելիության պահանջը։
- Վերանայել լրատվամիջոցների լիցենզավորման/հեռարձակման ընթացակարգին վերաբերող սահմանափակումները:
- Վերապատրաստումներ իրականացնել մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքի թեմայով՝ ներպետական օրենսդրության և միջազգային չափանիշների վերաբերյալ:
- Ստորագրել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
- Լրամշակել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը:
Վերը նշված գործողությունների արդյունքում նախատեսվում է նվազեցնել մարդու և զանգվածային լրատվության միջոցների՝ տեղեկատվության ազատության իրավունքի իրացման սահմանափակումների դեպքերը, մարդու՝ անկողմնակալ և որակյալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման դեպքերը, կնվազեն լրատվամիջոցների կողմից տեղեկությունների հավաքման և տարածման իրավունքի սահմանափակումների, լիցենզավորման մերժման դեպքերը, «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման դեպքում կապահովվեն տեղեկատվության մատչելիության միջազգային կառուցակարգերը, ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի լրամշակման արդյունքում հիմքեր կստեղծվեն խղճի և կրոնի ազատության օրենսդրական երաշխիքներն ամրապնդելու համար։
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։