Գործի արդար քննության իրավունքը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում մարդու իրավական անվտանգության երաշխիքն է: Այս իրավունքը վերաբերում է բոլոր տեսակի գործերի քննությանը՝ քաղաքացիաիրավական, վարչաիրավական, քրեաիրավական հարաբերությունների շրջանակներում: ՀՀ Կառավարության կողմից 2019թ․-ի դեկտեմբերի 26-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են ՀՀ-ում քրեական գործերի նախնական քննության կատարելագործմանն ուղղված միջոցառումները: Այդ միջոցառումները նպատակ ունեն ամրապնդելու մարդու իրավունքներին անմիջականորեն առնչվող քննչական և դատավարական գործողությունների օրենսդրական հենքը, բարելավելու ապացույցների հավաքման պրակտիկան, խրախուսելու մինչդատական
վարույթում մրցակցության սկզբունքը և հզորացնելու դատավարության առանցքային դերակատարների մասնագիտական կարողությունները, որի արդյունքում կնվազեն մեղադրյալ անձանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումների քանակը և բողոքները, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտմամբ ՄԻԵԴ ներկայացված բողոքների քանակը։
Նշված նպատակներին հասնելու համար, 2020-2022 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝
- Ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը, որի արդյունքում կնվազեն քրեական գործերի մինչդատական վարույթում քրեական դատավարության մասնակիցների իրավունքների խախտումները, ապացույցների` քննչական և դատավարական գործողությունների իրականացման կարգի խախտմամբ ձեռքբերման դեպքերը։
- Կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով, որի արդյունքում կնվազեն ճանաչման ներկայացնելու և առերեսման ժամանակ համապատասխանաբար ճանաչողի և ճանաչվողի, առերեսվողների (հարցաքննվողների) իրավունքների խախտման դեպքերը։
- Օրենսդրորեն ամրագրել գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հստակ չափանիշներ, որի արդյունքում կնվազեն կալանավորման` որպես խափանման միջոցի կիրառման և գրավի հայեցողական կիրառման դեպքերը։
- Օրենսդրորեն սահմանել բացատրություն վերցնելու կարգը, որի արդյունքում կնվազեն բացատրություն վերցնելու շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը;
- Վերանայել բերման ենթարկելու կարգի իրավական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն բերման ենթարկելու շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
- Օրենսդրորեն ամրագրել «հանցագործության մասին հաղորդման» հասկացությունը՝ հստակեցնելով հաղորդման բովանդակությանը ներկայացվող պահանջները, որի արդյունքում կնվազեն հանցագործությունից տուժած անձանց իրավունքների խախտման, միջազգային չափանիշներին հակառակ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների քանակը։
- Օրենսդրորեն ամրապնդել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց քրեաիրավական պաշտպանության երաշխիքները, որի արդյունքում կնվազեն իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց իրավունքների խախտման դեպքերը։
- Իրականացնել վերապատրաստումներ գործի արդարացի քննության իրավունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների համար, որի արդյունքում կնվազեն ՀՀ ոստիկանության և ՀՀ ռազմական ոստիկանության կողմից քրեական գործի քննության մինչդատական վարույթում գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը, ՀՀ քննչական մարմինների և ՀՀ դատախազության կողմից քրեական գործի նախաքննության փուլում և մինչդատական վարույթում գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը, ինպես նաև դատարանների կողմից գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը քրեական, քաղաքացիական և վարչական գործերով։
- Կատարելագործել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ անձի ծանուցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ծանուցման հետ կապված մարդու իրավունքների խախտման դեպքերը։
- Կատարելագործել գույքի վրա կալանք դնելու քրեադատավարական միջոցառման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն գույքի վրա կալանք դնելու արդյունքում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
- Կատարելագործել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման, ձեռք բերված տվյալների օգտագործման օրենսդրական հիմքերը և չափանիշները՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կնվազեն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
- Բարելավել անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմները, որի արդյունքում կբարձրանա անձնական տվյալների պաշտպանության վիճակը։
Գործի արդար դատաքննության իրավունքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար»:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։