Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված ՄԻՊ ռազմավարությամբ կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Կյանքի իրավունքը ցանկացած մարդու իրավունքների անբաժանելի մասն է, որը պաշտպանվում է օրենքով։ Կյանքի իրավունքը պետության վրա դնում է պարտականություն անել ամենը կյանքի իրավունքի պահպանման համար, որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, և որպեսզի կյանքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում գործի քննությունը տարվի արդյունավետ` արագորեն բացահայտելով և պատասխանատվության ենթարկելով մեղավորներին, ինչպես նաև ապահովելով տուժողների հարազատների ներգրավումը դեպքերի քննությանը և պետության հոգածության ներքո գտնվող անձանց արդարացի փոխհատուցման տրամադրումը: 

ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են հատկապես պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց (զինծառայողներ, ազատությունից զրկված անձինք, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող այլ անձինք, ընտանեկան բռնությունից տուժող անձինք, առավելապես՝ կանայք) կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները: Նշված խնդիրները բարձրաձայնվել են թե՛ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, թե՛ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԽ, Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ԱՄՆ Պետքարտուղարություն և այլն) և թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից:

Նշված նպատակներին հասնելու համար, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների շրջանակներում 2020-2022 թվականներին  նախատեսվում են հետևյալ գործողությունները․

 

  1. Իրականացնել վերապատրաստումներ, դասընթացներ կյանքի իրավունքի թեմայով՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում ԶՈւ հրամանատարների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, փաստաբանների և քրեակատարողական ծառայությունների ծառայողների համար, որի արդյունքում կապահովվի կյանքի իրավունք թեմայով տարբեր ոլորտներում իրականացված արարքների առնչությամբ տրվող իրավական աջակցությունը` և՛ պետական մակարդակով, և՛ մասնավոր։
  1. Բարձրացնել կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկներ, զինծառայողների և ազատությունից զրկված անձանց իրազեկվածությունը, որի արդյունքում կնվազի բանակում զինծառայողների մահվան դեպքերը:
  1. ԶՈւ-ում ամրապնդել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը, որի արդյունքում կնվազի բանակում զինծառայողների մահվան դեպքերը։
  1. Քրեականացնել ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում ընդունված գերակա ծրագրերն իրականացնելու ներքո նախատեսում է միջոցառումներ, որոնք միտված են համակողմանի պաշտպանություն ապահովել ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար:
  1. Օրենսդրորեն ամրագրել ընտանեկան բռնությունից և կանանց նկատմամբ բռնությունից տուժած անձանց արդյունավետ պաշտպանության դատավարական երաշխիքները՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում նախատեսում է մշակել նաև «Ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիր», որով ամրագրված միջոցառումներն ուղղված կլինեն ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխմանը և նվազմանը:
  1. Վերապատրաստումներ իրականացնել ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության թեմաներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների ու բուժաշխատողների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար, ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների աշխատակիցների համար, որի արդյունքում նախատեսվում է ունենալ իրազեկ քաղաքացիներ և ոլորտային պատասխանատուներ։

  1. Ստեղծել աջակցության կենտրոնների և ապաստարանների ընտանեկան բռնությունից տուժած անձանց համար և Ընտանիքում բռնության ենթարկված անձանց, անհրաժեշտության դեպքում նրանց խնամքի տակ եղած անձանց ծառայությունների տրամադրում, որի արդյունքում նախատեսվում է հատկապես տարեցների (կենսաթոշակային տարիքի անձանց) նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը, որի շրջանակներում հիմնական խնդիր է հանդիսանում սոցիալական ծառայությունների հավասար հասանելիությունը և միատեսակ որակի ապահովումը:
  1. Ընդունել ընտանեկան դեմ բռնության պայքարի վերաբերյալ գործողությունների ծրագիր, որի արդյունքում կհամակարգվի ընտանեկան բռնության դեպքերն ու աշխարհագրությունը, կքարտեզագրվի գործողությունների շրջանակը:

Կյանքի իրավունքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը» (16.1):

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։