Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է անվճար խորհրդատվություն տրամադել քաղաքացիներին։ Մարտի 23-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ԻՀԱ-ի իրավաբանները պատասխանել են 793 հարցի։
ԻՀԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան Վաչե Բաղդասարյանի խոսքով, արդեն պատասխանել է 65 հարցի։ «Հարցերի գերակշիռ մասը վերաբերում է կառավարության կողմից հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերին, պետական նպաստներին և սոցիալական ոլորտին, արտակարգ դրությամբ պայմանավորված վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև աշխատանքային իրավահարաբերություններին», նշում է նա։
Իրավաբանը նշում է, որ քաղաքացիների հիմնական բողոքները կապված են հակաճգնաժամային ծրագրերով Կառավարության կողմից հաստատված չափորոշիչներին, որի արդյունքում քաղաքացիներից շատերը արտակարգ դրությամբ պայմանավորված գտնվում էին սոցիալական ծանր վիճակում, սակայն չեն հանդիսանում հակաճգնաժամային որևէ ծրագրի շահառու։ «Բողոքներ կային նաև գործատու-աշխատող իրավահարաբերությունների, ինչպես նաև բանկային և վարկային կազմակերպությունների կողմից վարկային արձակուրդի տրամադրման առանձնահատկությունների հետ կապված, մասնավորապես «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲ ընկերության լուծարման գործընթացի ու դրանից բխող իրավական հետևանքներին և վարկառուների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների կատարմանը»,-մանրամասնեց Վաչե Բաղդասարյանը։
Նրա կարծիքով, թե կորոնավիրուսի համավարակի, թե այլ հանգամանքներով պայմանավորված, պետության կողմից պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր, որոնք պետք է միտված լինեն քաղաքացիների իրավագիտակցության աստիճանի բարձրացմանը։ «Միայն քաղաքացիներին անվճար խորհրդատվություններ տրամադրելը բավարար չէ այդ նպատակին հասնելու համար։ Պետությունը պետք է սահմանի հստակ քաղաքականություն և պետք է ներդնի հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն քաղաքացիների իրավագիտակցության աստիճանի բարձրացմանը»,-ասաց ԻՀԱ իրավաբանը։
Հիշեցնենք, որ հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված, մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը և աշխատանքային հարցերի հետ կապված մի շարք սահմանափակումները, ԻՀԱ-ն քաղաքացիների համար անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու մասին հայտարարություն տարածեց մարտի 23-ին։