«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,
Մեծ սիրով, հպարտությամբ և պատասխանատվությամբ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի գործունեության 2019թ. տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որտեղ ամփոփ ներկայացված են կառույցի գործունեությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, տարեկան ֆինանսական արդյունքները: Մեզ համար խիստ կարևոր է կառույցի գործունեության բարեխղճության սկզբունքների պահպանումը մեր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև, ուստի մենք հանրայնացնում ենք յուրաքանչյուր տարվա հաշվետվություն:
2019թ. ծրագրերի իրականացման տեսանկյունից հագեցած էր և բազմաբովանդակ: Պետք է նշել, որ տարվա ընթացքում ԻՀԱ-ն շարունակել է իրականացնել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը թեև ավարտվեց, սակայն գրանցեց աննախադեպ շոշափելի քանակական և որակական արդյունքային ցուցանիշներ, հաջողության պատմություններ, որոնք նոր համագործակցության ուղիներ կարող են բացել ԻՀԱ-ի համար հետագայում։ Ինչպես նաև, կարևոր էր մեկ այլ ծրագրի բարեհաջող իրականացումը, խոսքը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի մասին է, որն իրականացվում էր 2018թ. հոկտեմբերից Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Առանձնահատուկ պետք է նշեմ, որ ԻՀԱ-ի բոլոր ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում բացառապես ԻՀԱ-ի միասնական թիմի և համախոհների՝ Երևանի և մարզերի անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահառուների, գործընկերների ու դոնորների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Այս տարի ակտիվ դերակատարում ունեին ՔՀԿ-ների կոալիցիաները, որոնք կենտրոնացրեցին հասարակական ներուժը և առավել հզորացրեցին իրենց կարողությունները։ Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մեր համատեղ աշխատանքը գնահատվում է և հանգեցնում ցանկալի արդյունքների, ինչը ոգևորում է մեզ՝ շարունակելու աշխատել և ստեղծագործել մեծ եռանդով:
Հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով՝
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995թ. Երևանում, իր գործունեության ընթացքում վայելում է հասարակության վստահությունը, կայացած կառույց է ՀՀ իրավական և քաղաքացիական հասարակության դաշտում: Ունենալով հստակ առաքելություն, տեսլական, ռազմավարական գործողությունների պլան և արժեքներ՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները և լուծումներ տալիս դրանց։
ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններից են մարդու իրավունքների՝ ներառյալ սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության և այլ թիրախային ոլորտների բարեփոխումներին աջակցությունը, իրավաբանների կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը։
ԻՀԱ-ն հաշվետու ժամանակաշրջանում գործնական կապեր հաստատեց պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, որոնց շարքը մշտապես ընդլայնվում է։ ԻՀԱ-ն ունի 5 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որտեղ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավվում են մարզային կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, արդյունքում՝ ԻՀԱ իրականացրած ծրագրերի ազդեցությունը առավել մեծամասշտաբ և ընդգրկուն է դառնում:
ԻՀԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարանը, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ԻՀԱ-ն գործարկում է երկլեզու պաշտոնական վեբ կայք՝ https://armla.am/։ Ինչպես նաև ԻՀԱ-ն, հանդիսանալով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ նաև՝ Կոալիցիա) քարտուղարության համակարգողը, գործարկում է Կոալիցիայի պաշտոնական կայքը՝ http://aac.am/, ապահովում է Կոալիցիայի գործունեության բնականոն ընթացքը, փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Կոալիցիային, հետևողականորեն լուսաբանում է Կոալիցիայի իրականացրած գործունեությունը, ապահովում գործունեության արդյունքների հրապարակայնությունը։
2019թ. հասանելիության բարձր ցուցանիշներով գործարկվել է www.iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը հայերեն և անգլերեն լեզուներով՝ ունենալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ավելի քան 175.000 հետևորդ: Ինչպես նաև, ակտիվ կերպով գործել է bizprotect.am կայքը, որտեղ անանուն հաղորդումներ են ներկայացվում բիզնես ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և այլ իրավախախտումների վերաբերյալ, իսկ ԻՀԱ-ն ապահովում է դրանց հասցեագրումը իրավասու մարմիններին։ Պետք է նշել, որ առաջին անգամ Հայաստանում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի (ՀՀԾ) մասին մեծամասշտաբ իրազեկում է տեղի ունեցել, ինչը տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար ՀՀԾ ներդրման անհրաժեշտության վերաբերյալ առաջին ներառական իրազեկումն էր։
- ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ
ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
ԻՀԱ-ի արժեքներն են՝
- Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ,
- Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն,
- Մարդու պաշտպանված իրավունքներ,
- Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ,
- Հզոր քաղաքացիական հասարակություն:
ԻՀԱ-ի թիմը
ԻՀԱ-ի հաջողության գրավականը նրա թիմն է։ Արհեստավարժ մասնագետները, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԻՀԱ-ն մշտապես ջանում է ընդլայնել իր համախոհների և գործընկերների շրջանակը՝ դրան զուգահեռ շարունակելով սերտ համագործակցությունը իր վաղեմի գործընկերների հետ: Ընթացիկ տարում կազմակերպությունն իրականացնելով տարաբնույթ դատաիրավական, հակակոռուպցիոն և մասնագիտական միջոցառումներ, ձեռք է բերել նոր գործընկերներ ևս, որոնց շարքում են տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններ, պետական մարմիններ, բիզնես կառույցներ:
Եվրոպական միության
2016թ. դեկտեմբերի 16-ից մեկնարկած 34 ամիս տևողությամբ ԵՄ ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իր առջև դրված նպատակները շարունակեց իրագործել 2019թ. ընթացքում և հաջողությամբ հասցրեց ավարտին։ Ծրագիրն իրականացվում էր ԻՀԱ–ի (ղեկավար կազմակերպություն) և գործընկերների` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն էր, իսկ առանձին նպատակներն էին՝ ՔՀԿ-ների՝ կոալիցիաների ստեղծման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
Հաշվետու տարվա ընթացքում շարունակվեց ԻՀԱ ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հանդիպումներին, ինչպես նաև համաժողովին։
Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն
Հայաստանում 2018թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում էր Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն էր հայաստանյան բիզնեսներում ՀՀԾ-ների ներդրումը, որը կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։ Ծրագրի արդյունքներից էր՝ Երևանում և մարզերում մի շարք բիզնես ընկերություններում ներդրված հակակոռուպցիոն քաղաքականությունները։ Ի հավելումն, ԻՀԱ մշտական և հետևողական ջանքերի շնորհիվ մասնավոր ոլորտում ՀՀԾ-ների ներդրումը շարունակական դարձավ՝ ընդգրկվելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրում։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
2019թ. ապրիլի 17-18-ին Երևանում ՀՀ արդարադատության նախարարության, ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ կայացավ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը։ Համաժողովը բացառիկ միջոցառում էր Հայաստանում, որտեղ մեկտեղվեց հակակոռուպցիոն պայքարի գործում շահագրգիռ և մեծ դեր ունեցող միջազգային և ազգային փորձագիտական իրավական ներուժը և ՔՀԿ հանրույթի ուղղակի մասնակցությամբ հավաքագրվեցին առաջարկություններ։ Դրանց մեծ մասը հետագայում իր ամրագրումը գտավ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրում։
Համագործակցություն Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ
Կոալիցիան շարունակեց իր նպատակների նվաճումը և փորձագիտական աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտների քաղաքականության մշակման, ընդունման և իրագործման գործընթացում։ Ուշադրության է արժանի հանրային քննարկումների շարքը՝ աջակցությունը կառավարությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և ըդնունման գործընթցաում։ Հայաս ՄասնավորապՀՀ արդարադատության նախարարության և ԻՀԱ-ի հետ համագործակցությամբ։ Մասնավորապես, 2019թ. հուլիս և օգոստոս ամիսներին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի մարզերում Կոալիցիան կազմակերպել է 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա լրամշակված նախագծի մարզային քննարկումների շարք, իսկ Երևանում՝ լրամշակված նախագծի հանրային ամփոփիչ քննարկումը։
Համագործակցություն Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի հետ
Փետրվարի 16-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ՔՀԿ-ների 10 ոլորտային կոալիցիաներ, համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը: Ցանցի ստեղծման նպատակն էր՝ համախմբել ուժերը և այն դնել իրավական հիմքի վրա։ Ցանցը՝ իր քարտուղարության վարումը վստահեց ԻՀԱ-ին։ Կարճ ժամանակում Ցանցին հաջողվեց ազդեցություն ունենալ բյուջետային գործընթացի հանրային քաղաքականությունների վրա և հանգեցնել համապատասխան օրենսդրական բարեփոխումների իրականացմանը։ Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը ներկայումս միավորում է ՔՀԿ-ների 14 ոլորտային կոալիցիաների, որոնց անդամակցում են շուրջ 250 կառույցներ:
ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսության և ազդեցություն հանրային քաղաքականությունների մշակման և/կամ բարելավման գործում
- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո. երկօրյա միջազգային հակակոռուպցիոն համաժողովը
Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Համաժողովի շրջանակներում մեկ հարկի տակ էին հավաքվել հակակոռուպցիոն ոլորտի միջազգային և ազգային փորձագետները, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարով հետաքրքրված բոլոր շահագրգիռ անձինք և դերակատարները։ Համաժողովի հիմնական նպատակն էր՝ քննարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք թույլ կտան Հայաստանին՝ թռիչքաձև զարգացնելու իր հակակոռուպցիոն բարեփոխումները՝ միջազգային լավագույն փորձին և ազգային համատեքստին համապատասխան։ Համաժողովի արդյունքները ամփոփվել և ներկայացվել են ՀՀ արդարադատություն նախարարություն՝ դրանք ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ներառելու նպատակով։ Ամփոփումը ներառել է միջազգային և ազգային փորձագետների, պետական մարմինների, մասնագիտացված և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների հետ առաջարկությունները։
2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ Պետք է նշել, որ նախքան ընդունումը՝ ռազմավարության նախագծի մշակման ամբողջ ժամանակահատվածում Կոալիցիայի և ԻՀԱ-ի կողմից ներկայացվել է թվով 133 առաջարկություն, որից Ռազմավարության շրջանակներում 101-ը ընդունվել են ամբողջությամբ և մասամբ, ինչպես նաև ի գիտություն, չի ընդունվել առաջարկներից ընդամենը 32-ը: Հիշյալ առաջարկների շարքում են նաև միջազգային համաժողովի ամփոփված առաջարկները։
- Դատական, իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո
Սեպտեմբերի 27-ին կայացավ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը՝ ԻՀԱ-ի նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության ու Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Համաժողովին քննարկվեցին անցումային արդարադատության գործիքակազմի, հանրության շրջանում դատական համակարգի վստահելիության բարձրացման, դատական համակարգի հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր: Համաժողովի արդյունքները, այդ թվում առաջարկություններն ու մտահոգությունները ամփոփվել և ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ դրանք ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ներառելու նպատակով։
2019 թվականի հոկտեմբերի 10-ի ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը։ Հարկ է նշել, որ զեկույցում ներառվել է ՀՀ-ում անցումային արդարադատության կիրառմանն ուղղված ԻՀԱ առաջարկությունները՝ ըստ կիրառման ժամանակահատվածի, ըստ կիրառման գործերի շրջանակի և ըստ կիրառման մեխանիզմների: Մասնավորապես, ըստ կիրառման մեխանիզմների՝ քրեական արդարադատության բաժնում տեղ է գտել Կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանի ստեղծումը, ճշմարտության որոնման գործընթացի բաժնում՝ Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը։ Ընդունված առաջարկներից է նաև՝ ՀՀ գլխավոր դատախազությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը, ըստ որի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով դատախազության կառուցվածքում ստեղծվել է նոր հակակոռուպցիոն մասնագիտացված ստորաբաժանում:
- Բյուջետային գործընթացում շարունակական հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրում
ԻՀԱ-ն, կարևորելով բյուջետային գործընթացում շարունակական վերահսկողությունը և հանրային մասնակցությունը, առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարության, որ հաջորդող տարիներին բյուջետային գործընթաց սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշումներով նախատեսվող աշխատանքների ժամանակացույցերում նախատեսվի առանձին դրույթ, որով ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը միջնաժամկետ ծախսային ծրագրերը և բյուջետային հայտերը կազմելու գործընթացում (նախքան հայտերը Ֆինանսների նախարարություն ուղարկելը) կկրի պարտադիր բնույթ:
Ի պատասխան ԻՀԱ առաջարկին, կատարվել է օրենսդրական բարեփոխում և ՀՀ վարչապետի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվող ժամանակացույցում ավելացվել է դրույթ, համաձայն որի մինչև բյուջետային հայտերը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը, հայտատու մարմինները իրենց հայտերը՝ ներառյալ հաշվարկ հիմնավորումները պետք է քննարկեն ոլորտային ՔՀԿ-ների հետ՝ կազմակերպելով հանրային քննարկումներ։
Հարկ է նշել, որ այս բարեփոխման իրագործման նպատակով, ԻՀԱ-ն կազմակերպել էր 20-ից ավելի հանրային քննարկումներ պետական մարմինների հետ՝ քննարկելու միջնաժամկետ ծախսային ծրագրերը և պետական մարմինների կողմից հրապարակվող բյուջետային հայտերը, ինչպես նաև ներկայացրել այդ հայտերի վերաբերյալ վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ։
- Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսություն հիմնախնդիրները. օրենսդրական դաշտ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսություն հիմնախնդիրները. օրենսդրական դաշտ» թեմայով Կառավարություն-ՔՀԿ համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր՝ ՔՀԿ-ների և Կառավարության հետ քննարկել Հասարակական կազմակերպությունների և Հիմնադրամների մասին օրենքներում նախատեսված փոփոխությունները, համատեղ իրականացված աշխատանքները և առաջիկա քայլերը։
Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 13-ին ԻՀԱ-ն, գործընկեր 102 ՀԿ-ների և հիմնադրամների հետ միասին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահին էր ուղարկել դիմում` ՊԵԿ-ի կողմից մշակած «ՀԿ-ների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի և ՊԵԿ նախագահի կողմից ընդունված ՀԿ-ների հաշվետվության նոր ձևաթղթի վերաբերյալ՝ արտահայտելով բացասական դիրքորոշում։
Արդյունքում, ԻՀԱ առաջարկությամբ ստեղծվեց ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խումբ՝ ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենքների նախագծերում առկա մի շարք խնդիրներ քննարկելու և իրավական լուծումները գտնելու համար։
Աշխատանքային խումբը, որի անդամներից էին ԻՀԱ ներկայացուցիչներն ու Կոալիցիայի անդամները, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, կոնսենսուսի հիման վրա մշակեցին «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից։ Բացի այդ, 2019 թվականի փետրվարի 15-ին ՊԵԿ նախագահը ուժը կորցրած ճանաչեց նաև ՀԿ-ների հաշվետվության վերաբերյալ հաստատած նոր ձևաթուղթը։
Վերը նշված հաջողությունները փաստում են ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսության հաջողված օրինակների մասին, և ԻՀԱ-ն հետագայում նույնպես իր ջանքերն ու փորձագիտությունը ներդնելու է հանրային քաղաքականությունների մշակման և բարելավման ուղղությամբ՝ ի նպաստ հանրային շահի, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայից զերծ Հայաստանի ստեղծմանը։
ՀՀ Ազգային ժողով
ԻՀԱ-ն՝ իր նախաձեռնությամբ մշակեց և հրապարակեց «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային լույսի ներքո» զեկույցը։ Զեկույցի հիմնական նպատակն էր՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով վեր հանել Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, որպես հիմնական բանախոս, զեկույցը ներկայացրել է 2019թ. մայիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ։ ԻՀԱ փորձագետները ևս հանդես են եկել ելույթներով՝ մասնագիտական տեսանկյունից նախանշելով այն ռիսկերը և խնդիրները, ինչպես նաև ներպետական մակարդակում անցումային արդարադատության իրականացման վերաբերյալ ամփոփ ընկալումները, որոնք կարևոր են Հայաստանի համար։
ՀՀ Ճանապարհային ոստիկանության
Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացվեց «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեց տեսական քննությունների հարցաշարում հարցերի թվաքանակը, որը 10-ից դարձավ 20՝ երկու սխալվելու հնարավորությամբ։ Սա ԻՀԱ հիմնական առաջարկն էր, որի նպատակն էր թարմացնել խորհրդային շտեմարանները՝ նոր և ժամանակակից տրանսպորտային միջոցներին ներկայացվող անվտանգության կանոններին և չափանիշներին համապատասխան հարցերով։
ԻՀԱ-ի կողմից ներկայացված հաջորդ առաջարկը, որ ևս ներառվեց նախագծի մեջ, այն էր, որ բացի ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննություն հանձնելուց, նաև գործնական քննության մասը կազմի երթևեկության ստուգում իրական պայմաններում բաղադրիչը։
Վենետիկի հանձնաժողով
Հաշվետու տարվա ընթացքում ԻՀԱ իրավաբան-փորձագետները Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել են դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումները՝ անդրադարձ կատարելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի և դատաիրավական բարեփոխումների ուղղություններին։ Հատկապես ընդգծվել է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման հնարավորությունները և նախատեսվող սահմանադրական բարեփոխումների ուղղությունները։
- ԻՀԱ–ԻԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՓՈՓ
«ԻՀԱ-ն՝ հանուն արդիականացման» ծրագիր
Ծրագրի հիմնական նպատակն է՝ իրականացնել ԻՀԱ-ի, գործընկեր ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների արդիականացումը` ռազմավարության, ֆինանսական կայունության ապահովման, ղեկավարման, կառավարման, մարդկային ռեսուրսների, հանրային հաղորդակցության, կապերի, մասնակցության և քաղաքականությունների բարելավման, ծառայությունների մատուցման ոլորտներում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր
Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական միության կողմից և իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը՝ 34 ամիս էր: Ծրագրի նախատեսված բյուջեն կազմում էր 2.222.256 եվրո, որից 2.000.000 եվրոն նախատեսվում էր տրամադրել ԵՄ-ի կողմից:
Ծրագրի հիմնական նպատակն էր՝ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումը, իսկ առանձին նպատակներն են հանդիսացել ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը: Այս նպատակով, ստեղծվել է 7 ոլորտային ՔՀԿ-ների կոալիցիաներ և զարգացվել է 2 ոլորտային ՔՀԿ-ների կոալիցիաների կարողությունները, ինչպես նաև տրամադրվել է 47 ենթադրամաշնորհային ծրագրեր։ Բացի այդ, Երևանում և ՀՀ մարզերում ստեղծվել է ՔՀԿ ինկուբատորներ, որի շրջանակներում ՔՀԿ-ները պարբերաբար անցել են ուսուցումներ և զարգացնել իրենց ներքին կարողությունները։
Ծրագրի թիրախային ոլորտներն էին՝ արդարադատությունը, մարդու իրավունքները, կրթությունը, սոցիալական ոլորտը /հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում/, բիզնեսը, հանրային ֆինանսների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տնտեսությունը:
Ծրագրի իրականացման ընթացքում գործել է ծրագրային կայքը՝ երկլեզու հայերեն-անգլերեն տարբերակով <https://ccd.armla.am/>, որը ոչ միայն ապահովել է Ծրագրի բարձր տեսանելիություն, այլև՝ նպաստել է Ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանը։
«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիր
Ծրագիրը ֆինանսավորվել էր Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի կողմից։ Ծրագրի տևողությունը 1 տարի էր՝ 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. հոկտեմբերը: Ծրագրի նախատեսված բյուջեն կազմում էր՝ 47,220 ԱՄՆ դոլար, որից 41,970 ԱՄՆ դոլարը նախատեսվում էր տրամադրել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի կողմից։
Ծրագրի շրջանակներում Երևանում և Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում տնտեսական տարբեր գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար կազմակերպվել և իրականացվել են «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով դասընթացներ, թվով 26 փոքր և միջին ձեռնարկություններ ընդունել են բիզնեսում բարեվարքության վերաբերյալ հայտարարություն, հակակոռուպցիոն քաղաքականություն՝ ստանձնելով հանձնառություն՝ իրականացնելու գործողություններ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի այլ բաղադրիչների մասով։
Ծրագրի շրջանակներում Կոալիցիայի թվով 17 անդամներ ընդունել են Հայաստանում գործարար էթիկայի և համապատասխանության նախաձեռնության իրականացման նպատակով հայտարարություն:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսք
2019թ-ին մեկնարկվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքի դասերը։ Դպրոցի ունկնդիրները տարբեր մասնագիտություն ունեցող երիտասարդներ էին, ովքեր ցուցաբերել էին բարձր հետաքրքրություն կոռուպցիայի դեմ պայքարի և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով։
Դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը դպրոցի ավարտական միջոցառումն էր, որի շրջանակներում ունկնդիրները ներկայացրեցին իրենց կատարած անհատական հետազոտությունները՝ Դպրոցի դասախոսների ղեկավարությամբ։ Աշխատանքների ներկայացմանը հետևեց ավարտական հասվաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման էլեկտրոնային ուսուցման առցանց հարթակի գործարկում
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կարևորագույն արդյունքներից էր ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման էլեկտրոնային ուսուցման առցանց հարթակի ստեղծումը` <ccd.armla.am/elearning/courses>։ Ուսումնական մոդուլը բաղկացած է հետևյալ 10 թեմաներից և դրանց հետ փոխկապակցված ուսումնական նյութերից, այդ թվում՝ փորձագետների կողմից հարթակի շահառուների համար հատուկ պատրաստված տեսանյութեր, տեքստային նյութեր, ներկայացումներ, մշակած ներքին կանոնակարգերի և քաղաքականությունների օրինակելի ձևաթղթեր։
Մասնակիցների գիտելիքների արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ փորձագետների կողմից մշակվել է ստուգողական հարցաշար-քուիզ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ թեմային ունկնդիրը հնարավորություն կունենա անցնելու միայն այն դեպքում, երբ ճիշտ կպատասխանի նախորդ թեմայի ստուգողական հարցաշար-քուիզի առնվազն 80 տոկոսին։ 10 ուսումնական թեմաները և դրանց ստուգողական հարցաշար-քուիզներին սահմանված կարգով պատասխանելուց հետո, ունկնդիրը կստանա ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի ավարտական վկայական։
Ուսուցմանը մասնակցում են Երևանի և ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող ՔՀԿ-ներ և ՔՀԿ-ների կոալիցիաների անդամներ։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիներին
ԻՀԱ Երևանի և մարզային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել քաղաքացիներին, հատկապես սոցիալական անապահով խավերին՝ տարբեր իրավական հարցերի և վեճերի վերաբերյալ։ Խորհրդատվությունը տրամադրվել է ինչպես գրասենյակային այցելությունների, այնպես էլ՝ հեռախոսային միջոցներով և առցանց, ներառյալ՝ սոցիալական կայքերով ուղարկած հարցերը։ Խորհրդատվության շրջանակներում կազմվել են իրավական, այդ թվում դատավարական բնույթի փաստաթղթեր։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն ՔՀԿ-ներին
ԻՀԱ Երևանի և մարզային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել ՀԿ-ներին և հիմնադրամներին՝ գրանցման, վերագրանցման հարցերի վերաբերյալ, այդ թվում մշակել են կանոնադրություններ, արձանագրություններ և կանոնադրական փոփոխություններ։ Խորհրդատվություն և պարզաբանումներ են տրամադրվել նաև ՀԿ-ների կողմից անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, հարկային պարտավորությունների, հաշվետվությունների, կամավորների գրանցման և նրանց հետ աշխատանքների կազմակերպման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների և այլ իրավական հարցերի վերաբերյալ։ Հիշյալ և այլ հարցերի մասին հանրամատչելի տարբերակով կազմվել և հրապարակվել է 100 հարցուպատասխան ՀԿ-ների մասին օրենքի, այդ թվում կատարված օրենսդրական փոփոխությունների մասին։
Bizpretect.am ազդարարման համակարգի գործարկում և անվճար իրավաբանական խորհրդատվություն բիզնեսին
ԻՀԱ Երևանի և մարզային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրավական տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հարկային, մաքսային, պետական գնումների, լիցենզավորման և թույլտվությունների, ինչպեսև այլ իրավահարաբերությունների մասին։ Խորհրդատվությունը տրամադրվել է ինչպես գրասենյակային այցելությունների, այնպես էլ՝ հեռախոսային միջոցներով և առցանց, ներառյալ՝ bizprotect.am ազդարարման համակարգի միջոցով և սոցիալական կայքերով ուղարկած հարցերը։
Հարկ է նշել, որ 2019թ. ընթացքում ԻՀԱ-ի կողմից գործարկվող bizprotect.am ազդարարման համակարգի միջոցով կայքի ստացվել են մի շարք ազդարարումներ, որոնք ուղարկվել են պետական մարմիններին՝ ընթացքն ապահովելու նպատակով։ Ազդարարմամբ բարձրացված 7 խնդիր ստացել է ամբողջական լուծում, 12-ի մասով տրվել է իրավական պարզաբանում և խորհրդատվություն, 5 ազդարարման մասով էլ կայացվել են որոշումներ՝ հօգուտ ազդարարի։
- ԻՀԱ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Գործառնական այլ ծախսեր
Հազ. Դրամ
2019 | 2018 | |
Աշխատավարձ | 91,171 | 108,011 |
Նյութեր | 0 | 0 |
Ապրանքներ | 1,342 | 354 |
Վառելիք | 951 | 1,368 |
Ծառայությունների մատուցում | 32,830 | 40188 |
Տուրքեր | 12 | 110 |
Գույքահարկ | 146 | 146 |
Վարձավճարներ | 468 | 928 |
Փոստ, հեռահաղորդակցություն | 2,304 | 2,160 |
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր | 4,460 | 2,787 |
Բանկային ծառայություններ | 32 | 32 |
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա | 20,656 | 30,819 |
Գործուղում | 270 | 1,665 |
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ | 14,348 | 11,443 |
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ | 4,270 | 1,371 |
Ֆորս մաժոր | 0 | 0 |
գովազդային | 0 | 0 |
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր | 0 | 0 |
Ծախսեր գործընկերներից | 66,799 | 76,374 |
Ծախսեր ենթադրամաշնորհներից | 336,971 | 105,764 |
Ընդամենը | 577,030 | 383,520 |
ԻՀԱ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
Անուն, Ազգանուն | Պաշտոն |
Կարեն Զադոյան | ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ |
Արփինե Եղիկյան | ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար |
Դավիթ Աբգարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Նարինե Կարապետյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Սյուզաննա Սողոմոնյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Մարատ Ատովմյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Կարեն Քոչարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Երևանի մասնաճյուղ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից) Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Թեժ գիծ՝ 0 8000 11 10 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1 Հեռախոս (374 322) 2 23 17 Հեռապատճե (374 322) 2 23 17 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2 Հեռախոս (374 312) 5 82 36 Հեռապատճե (374 312) 5 82 36 էլ. փոստ [email protected]
|
ԻՀԱ -ի Սյունիքի մարզային մասնաճյուղ, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72 Հեռախոս (374 285) 5 25 11 Հեռապատճե (374 285) 5 25 11 էլ. փոստ [email protected] |