Հարցուպատասխան սոցիալական և այլ ոլորտների հարցերի վերաբերյալ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված մի շարք իրավական բնույթ կրող հարցերի վերաբերյալ հասարակությանը իրավաբանական խորհրդատվության մատուցում: Մեր իրավաբանական թիմի կողմից պատրաստած առաջին և երկրորդ հարցուպատասխանները վերաբերում էին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված թվով 13 միջոցառումներին և դրանց հիմնական կարգավորումներին, ինչպեսև համավարակի արդյունքում կիրառված սահմանափակումների ընթացքում աշխատողների իրավունքներին և ծագած հիմնախնդիրներին։
Հարցուպատասխանի այս երրորդ շարքով նպատակ ունենք անդրադարձ կատարելու արտակարգ դրության ժամանակ  մեզ ուղղված  սոցիալական և այլ ոլորտներին առնչվող  հարցերին և իրազեկելու հանրությանը դրանց առնչվող օրենսդրական կարգավորումներին:
 

ԲԱԺԻՆ 1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՊԱՍՏ

 

Հարց 1. Ովքե՞ր ունեն պետական նպաստի իրավունք:

Պատասխան՝ Պետական նպաստի իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

                                                                                                                                           

Հարց 2. Ո՞վ իրավունք ունի ստանալու ընտանեկան նպաստ:

Պատասխան՝ Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային (28.00) միավորից:

 

Հարց 3. Ո՞վ իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ:

Պատասխան՝ Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային (28.00) միավորից:

 

Հարց 4. Ո՞վ իրավունք ունի ստանալու եռամսյակային հրատապ օգնություն:

Պատասխան՝ Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

 

Հարց 5. Ո՞վ իրավունք ունի ստանալու երեխայի ծննդյան միանվագ նպաստ:

Պատասխան՝ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը): Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

 

Հարց 6. Ո՞վ իրավունք ունի ստանալու մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ:

Պատասխան՝ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

 

Հարց 7. Ո՞վ իրավունք ունի ստանալու ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

Պատասխան՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեն`

  1. գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների.
  2. անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

 

Հարց 8. Ո՞վ իրավունք ունի ստանալու մայրության նպաստ:

Պատասխան՝ Մայրության նպաստի իրավունք ունեն`

  1. գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների.
  2. անհատ ձեռնարկատերերը և նոտարները,
  3. Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը։

 

Հարց 9. Ո՞վ իրավունք ունի ստանալու ծերության նպաստ:

Պատասխան՝ Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

Ծերության նպաստը նշանակվում է ցմահ:

 

Հարց 10. Ո՞վ իրավունք ունի ստանալու հաշմանդամության նպաստ:

Պատասխան՝ Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև հաշմանդամ երեխա ճանաչված անձին:

Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հարց 11. Ո՞վ իրավունք ունի կերակրողին կորցնելու դեպքում ստանալ նպաստ:

Պատասխան՝ Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

  1. 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.
  2. առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.
  3. ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

 

Հարց 12. Ո՞ր դեպքերում է նշանակվում թաղման նպաստ:  

Պատասխան՝ Նպաստառուի մահվան կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և նրա մահանալու կամ վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

 

Հարց 13. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին պետական նպաստ ստանալու համար:

Պատասխան՝ Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին։

 

Հարց 14. Ո՞րքան է կազմում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը։

Պատասխան՝ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար սահմանվում է` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով։

Ծանուցում. 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի երեք հարյուր հազար դրամ։

 

Հարց 15. Ո՞վքեր կարող են նշանակվել երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ)։

Պատասխան՝ Երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք՝ իրենց համաձայնությամբ:

Երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական այլ հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի (հոգաբարձուի) և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է։

Խնամակալ (հոգաբարձու) չեն նշանակվում քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ հիվանդ անձինք, կյանքի և առողջության նկատմամբ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձինք, խնամակալների (հոգաբարձուների) պարտականություններից հեռացված անձինք, ծնողական իրավունքներից զրկված անձինք, ծնողական սահմանափակ իրավունքներով անձինք, նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց մեղքով, ինչպես նաև այն անձինք, ովքեր առողջական վիճակով չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունը։

 

 

ԲԱԺԻՆ 2. ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Հարց 1. Հիվանդ անձը մահացել է, ում մոտ նաև ախտորոշել են COVID-19, չեն դիահերձում, ինչպե՞ս է որոշվում մահվան պատճառը:

Պատասխան՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևիցե հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում.

2) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության հիմնավորված կասկածի դեպքում.

3) նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան).

4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում.

5) հղիների, ծննդականների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքում.

6) այն դեպքում, երբ պացիենտը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում:

2020 թվականի մարտի 31-ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց ՀՀ  կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի Հայաստանում դիահերձման պարտադիր պահանջից բացառություն սահմանվեց կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքերի համար: Դրանով հնարավոր կլինի կանխել հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը, հաշվի առնելով, որ ՀՀ ախտաբանաանատոմիական ծառայությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:

Եթե անձի մոտ արդեն ախտորոշվել է կորոնավիրուս հիվանդություն, ապա դիահերձում չի կատարվում, անկախ ուղեկցող հիվանդությունների առկայության։

 

Հարց 2. Ինչպես ձեռք բերել դեղը, եթե այն բացակայում է դեղատնից։ 

 

Պատախան՝ Դեղերի մանրածախ իրացումը դեղատներից կատարվում է դեղատոմսով և առանց դեղատոմսի: Արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումն առանց դեղատոմսի:

Այն դեպքում, երբ դեղատոմսում նշված դեղը ՀՀ-ում գրանցված չլինելու պատճառով բացակայում է դեղատանը, դեղատան աշխատակիցը ՀՀ կառավարության սահմանված կարգով ՀՀ Առողջապահության նախարարությունից նախնական թույլտվություն ստանալու դեպքում մատակարարների հետ պարզում է ներմուծման հնարավորությունները: Դեղը ՀՀ կառավարության սահմանած կարգով ներմուծվելուց հետո տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին: Նախարարության կողմից նախնական թույլտվության կամ մատակարարից ներմուծում իրականացնելու վերաբերյալ մերժում ստանալու դեպքում դեղատան աշխատակիցը տեղեկացնում է բժշկին՝ բուժման հետագա ընթացքը որոշելու համար:

 

ԲԱԺԻՆ 3.ՎԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ

 

Հարց 1. Ինչ փաստաթղթով կարելի է հավաստել միմյանց գումար տալու փաստը։

Պատասխան՝ ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Նույն օրենսգրքի 877-րդ հոդվածի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

Օրենսգրքի 878-րդ հոդվածի համաձայն՝ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

 

Հարց 2. Ե՞րբ անձը կարող է դիմել դատարան։

Պատասխան՝ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված է մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման արտադատական կարգ, վեճը կարող է հանձնվել առաջին ատյանի դատարանի քննության այն արտադատական կարգով լուծելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները ձեռնարկելու օրվանից երեսուն օրացուցային օր հետո, եթե այլ կարգ կամ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

 

Հարց 3. Ի՞նչ է հայցային վաղեմությունը և ո՞րքան է կազմում հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը։

Պատասխան՝ Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

 

Հարց 4. Ի՞նչպես և ի՞նչ ժամկետներում է իրականցվում պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինումը կամ վերադարձը։

Պատասխան՝ Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին:

Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:

Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

 

Հարց 5. Ո՞րոնք են վարկային բյուրոյի հիմնական գործառույթները։

Պատասխան՝ Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է իրականացնել վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ վարկային տեղեկատվության սուբյեկտի տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն:

Վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Վարկային զեկույցը գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի վարկային պատմություն: Վարկային բյուրոյի կողմից վարկային պատմությունը տրամադրվում է վարկային զեկույցների ձևով:

 

Հարց 6. Ի՞նչ տուգանք է սահմանված տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցնելու դեպքում։

Պատասխան՝ Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) չափով:

Վերը նշված դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Եթե իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո վարչական իրավախախտում կատարած անձը սահմանված տեղում փակցնում է տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, և անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում:

 

ԲԱԺԻՆ 4. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈւԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

 

Հարց 1. ՀՀ քաղաքացիները կարող են կարանտինի ընթացքում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Պատասխան` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ կարող են կիրառվել հետևյալ գործողություններից մեկը՝ 1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները։

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և եթե նույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել ՀՀ-ից ելքի առանձնահատկություններ: