Մարտի 23-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբանները (ԻՀԱ) անվճար խորհրդատվություն են տրամադրել քաղաքացիներին՝ 688 հարցի վերաբերյալ։
Հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված, մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը և աշխատանքային հարցերի հետ կապված մի շարք սահմանափակումները, ԻՀԱ-ն քաղաքացիների համար անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու մասին հայտարարություն տարածեց մարտի 23-ին։
ԻՀԱ մարզային գրասենյակների իրավաբններն անմասն չմնացին այս գործընթացից։ Վանաձորի գրասենյակի համակարգող, իրավաբան Զարինե Հովհաննիսյանը նշեց, որ հարցերի մեծամասնությունը հիմնականում վերաբերում է հակաճգնաժամային միջոցառումներին․ «Շատ են դեպքերը, երբ կոնկրետ իրավիճակներ են ներկայացվում, որոնց դեպքում պատասխանները տրվում են ավելի հստակ։ Այժմ հարցերի մի մեծ հատված էլ կապված է համակարգում առկա տեխնիկական խնդիրների հետ»,-նշում է նա։
Իրավաբանի խոսքով, խորհրդատվությունը բավական ժամանակատար աշխատանք է։ «Կախված նրանից, թե հարցն ինչին է վերաբերում, պատասխանի տրման ժամանակը տարբեր է, հակաճգնաժամային ծրագրերին վերաբերող հարցերին ավելի արագ պատասխաններ է տրվում, իսկ այլ ոլորտների վերաբերող հարցերի դեպքում ավելի երկար ժամանակ է հարկավոր՝ ուսումնասիրություն կատարելու համար»,-ասաց Զարինե Հովհաննիսյանը:
Նա նաև նշում է, որ բողոքներ են նաև ստանում քաղաքացիներից։ Դժգոհությունը հիմնականում պայմանավորված է միջոցառումներից որևէ մեկում ընդգրկված չլինելու հանգամանքով, կամ երբ աշխատանքից ազատված լինելը չի համընկնում Կառավարության կողմից ներկայացված աջակցություններում սահմանված ժամկետների հետ:
Հաճախ հարցերը ստացվում են լատինատառ, թերի հարցադրումներով և իրավաբանական խորհրդատվությունը տրամադրելիս առաջ եկող դժվարություններից մեկն էլ քաղաքացիների ոչ այնքան իրավագիտակից լինելն է։ «Քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը գնահատելը իհարկե բարդ է, ամեն դեպքում մեզ ուղարկված հարցերի շրջանակներում կարող եմ ասել, որ ստանում ենք չհստակեցված հարցեր, կիսատ ձևակերպումներով կամ բովանդակային առումով անհասկանալի հարցեր, բայց միևնույն ժամանակ ունենք կոնրետ, հստակ ձևակերպված, իրավագիտակցության բարձ մակարդակ ունեցող անձանց կողմից ուղարկված, իրավական խնդրներին առչվող տարաբնույթ հարցեր»,-նշում է իրավաբանը՝ հավելելով, որ դեռ շարունակում են հարցեր ստանալ։