Հերթական հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումը պետական գնումների ոլորտում Բիզպաշտպանի միջոցով

Ինչպես արդեն բարձրաձայնվել էր Բիզպաշտպան հարթակի կողմից, պետական գնումների ոլորտում մրցույթների ընթացակարգերի հրավերներում տեխնիկական բնութագրերը և այլ չափորոշիչները համապատասխանեցվում են կոնկրետ կազմակերպությունների համար՝ վերջիններիս հաղթանակն ապահովելու նպատակով, որի արդյունքում մշտապես նույն կազմակերպությունների հետ էին պայմանագրեր կնքվում։

Այս խնդրի վերաբերյալ Բիզպաշտպանը ահազանգել էր պատկան մարմիններին։ Արդյունքում, որպես խնդրի լուծում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.11.2017թ.-ին ընդունվել էր «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների  գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1454-Ն որոշումը։ Նշյալ որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը տրվեց ընտրանքային կարգով փորձաքննություն իրականացնելու իրավասություն՝ պատվիրատուների հաստատված գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները մրցակցության ապահովման պահանջի պահպանման տեսանկյունից։

Սակայն, հետագա ազդարարումները ցույց են տալիս, որ այս մեխանիզմի առկայության պարագայում էլ շարունակվում է տեխնիկական բնութագրերի կոնկրետ անձանց համար ձևավորման արատավոր պրակտիկան։ Դրանք են՝

ՀՀ պաշտպանության նախարարության դեմ

«ՀՀ ՊՆՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-7/67 ծածկագրով հայտարարված մրցույթում անձեռոցիկի գնման համար որպես մասնագիտական փորձառություն է նշվել անձեռոցիկի, թղթյա սրբիչի, բաշխիչ /դիսպենսեր/ թղթյա սրբիչի մատակարարումը, մինչդեռ այն տնտեսական ապրանք է և նմանատիպ ապրանքի մատակարարման պայմանագիր պարտավոր էին սահմանել տնտեսական ապրանքների մատակարարման պայմանագիրը: Կարելի է ենթադրել, որ տվյալ մրցույթը հայտարարել են նման կերպ, որպեսզի կոնկրետ մասնակից մասնակցի և մրցակցություն չլինի: Սահմանափակվել է մրցույթի մասնակցության հնարավորությունը մյուս մասնակիցների համար»: 

«Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ բժշկական պարագաների և ծախսվող նյութերի ձեռքբերման նպատակով հայտարարված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԷԱՃԱՊՁԲ-9/26», «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԷԱՃԱՊՁԲ-9/28» և «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԷԱՃԱՊՁԲ-9/30» ծածկագրերով էլեկտրոնային աճուրդներում (177 չափաբաժին) տեղ են գտել մեկ ընկերության կողմից ներմուծվող ապրանքների տեխնիկական բնութագրեր, առանց որևէ փոփոխությունների, որը մրցակցության անհավասար պայմաններ է ստեղծում շուկայում առկա այլ ընկերությունների համար, խոչընդոտելով մասնակիցների շրջանակի ընդլայնմանը և նրանց միջև մրցակցության խրախուսմանը, որը իր մեջ պարունակում է հնարավոր կոռուպցիոն ռիսկեր։ Երկար տարիներ ՀՀ ՊՆ կողմից բժշկական պարագանների և ծախսվող նյութերի ձեռքբերման նպատակով աճուրդները հայտարարվել են նույն տեխնիկական բնութագրերով և միշտ հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը։ Մյուս մասնակից ընկերությունների հայտերը մերժվել են կամ ընկերությունները ներառվել են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Այս տարի ևս «Կուռացիո» ՍՊԸ-ից բացի ոչ մի այլ ընկերություն չի մասնակցել գնման գործընթացին։ Մեր կողմից կատարվել են հարցումներ գրեթե բոլոր չափաբաժինների վերաբերյալ և ստացվել են հիմնականում բացասական պատասխաններ՝ անհիմն հիմնավորումներով։ Հարկ է նշել, որ տեխնիկական բնութագրերում պահանջվում են՝ 1.Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ-ում և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները): 2.Արտադրողին տրված` արտադրության անվտանգության և որակի վերահսկման միջազգային հավաստագիր (ISO, GMP, CE Mark կամ այլ): 3.Արտադրող կազմակերպության (կամ արտադրողի պաշտոնական ներկայացուցչի) կողմից տվյալ ապրանքի համար տրված համապատասխանության և (կամ) որակի հավաստագիր: Մեր կողմից առաջարկվող ապրանքներն ունեն վերոհիշյալ հավաստագրերը։ Տվյալ հավաստագրերի առկայությունը փաստում է ապրանքների կիրառության, բարձր որակի և անվտանգության մասին։ Խնդրում ենք Ձեզ հանձնարարել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը ուսումնասիրել սույն գրությամբ բարձրացված փաստերը, կոռուպցիոն ռիսկերը, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար և/կամ որևէ այլ բարձրաստիճան անձի (անձանց) հետ «Կուռացիո» ՍՊԸ-ի հնարավոր փոխկապակցվածության հետ կապված, և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում, ապահովել դրանց համապատասխան ընթացքն ու պատասխանատվության միջոցներ կիրառել իրավախախտումներ թույլ տված անձի (անձանց) նկատմամբ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարել` նշյալ ծածկագրով հրավերներից հանել ակնհայտ խտրական պահանջները»։

«Բժշկական պարագաների և ծախսվող նյութերի աճուրդներում տեղ են գտնվում միայն մեկ արտադրողի կողմից արտադրվող ապրանքների տեխնիկական բնութագրերը, որը հնարավորություն չի տալիս այլ կազմակերպությունների մասնակցությունը աճուրդներին։ Սա հատկանշական է հատկապես այն աճուրդներին, որոնք նախատեսված են վերակենդանացման, անեսթեզիոլոգիայի և վնասվածքաբանության-օրթոպեդիայի բաժանմունքներին։ Օրինակ՝ ՀՀ ՊՆՆՏԱԴ-ԷԱՃԱՊՁԲ-9/3 ծածկագրով էլեկտրոնային աճուրդում չափաբաժինների 3-6-ը»։


ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության դեմ

«2019 թվականի մարտի 18-ին պատվիրատուի կողմից հայտարարվել էր ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀԱՊՁԲ 19/4, ապա ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀԱՊՁԲ 19/6 մրցույթ, որը կարծում եմ կատարվել է ուղղորդված պատվերով՝ ՀՀ օրենքների և կառավարության որոշումների խախտումներով, մատնանշելով կոնկրետ ապրանքանիշը, ներկայացնելով նրա տեխնիկական բնութագրերը, որոնք այնքան էլ չեն համապատասխանում ՀՀ կառավարության 26 հոկտեմբերի 2006 թվականի N 1699-Ն որոշման պահանջներին, լիցենզիաների անհիմն պահանջները։ Հայտը ներկայացնում եմ հույսով, որ հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում կբացառվեն նման ուղղորդված բնույթի, անիմաստ սահմանափակումներով մրցույթները, որոնց արդյունքում թեկուզ փոքր, սակայն լավագույն մասնագետներով համալրված կազմակերպությունները դուրս են մղվում շուկայից»։

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի դեմ

«Պատվիրատուն հայտարարել է ՀՀ ԼՄՎՔ ԳՀԱՇՁԲ-19/42 ծածկագրով մրցույթ, որին մասնակցել է գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերություն։ Իրավունք ունի՞ արդյոք գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունը մասնակցել գնումների գործընթացին, եթե այո, ապա կխնդրեմ օրենքի հղումներ տրամադրել, որի համար շնորհակալ կլինեմ։ Օրենքում կարծում եմ ճիշտ կլինի կարգավորվի այս հարցը»։

ՀՀ  ԿԳՄՍ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» դեմ

«13.09.2019թ. հայտարարել է ՊՄԱԹ-ԳՀԾՁԲ-19/33 մրցույթը մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ ձեռքբերելու նպատակով: Մրցույթի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ միջոցառումը պետք է տեղի ունենա 2019 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Լոռու մարզուի Լոռի բերդում: Հարկ եմ համարում նշել այն մասին, որ մրցույթի տեխնիկական բնութագրի 19 կետով դրված է պայման, նախապես համաձայնեցնելու պատվիրատուի հետ: Համաձայն գնումների տեղեկագրում հրապարակված տեղեկատվության մրցույթին հայտ է ներկայացրել մեկ մասնակից, իսկ սեպտեմբերի 25-ին մրցույթի հաղթող է ճանաչվել ՄՈԴ ԱՐՏ ՍՊԸ-ն, որը պատկանում է Կամո Արեյանի որդուն (https://hetq.am/hy/article/83418): Հաշվի առնելով, որ ծառայությունների միջոցառումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 29-ին, սակայն սեպտեմբերի 25-ի դրությամբ դեռևս կնքված պայմանագրի մասին տեղեկագրում առկա չէ տեղեկատվություն, իսկ մրցույթի պայմանագրի նախագծի 7.1 կետով սահմանված է, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից՝ մեր կազմակերպության մոտ առկա է կասկած, որ պատվիրատուն ՄՈԴ ԱՐՏ ՍՊԸ-ի հետ նախապես ունեցել է համաձայնություն, այլապես վերը նշված ժամկետներով և պայմաններով որևիցե կազմակերպություն ռիսկի չէր գնա և մրցույթին չէր մասնակցի: Խնդրում եմ միջամտել այս երևույթին, որպեսզի հետագայում բացառվեն նման դեպքերը»:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեմ

«Ասենք, որ պետական գնման մրցույթներին մասնակցելու ընթացակարգերում կան բազմաթիվ խնդիրներ։ Կցանկանայինք անրադառնալ դրանցից կոնկրետ մեկին։ Պատվիրատուն հայտարարել է գնանշման հարցման հրավեր քարթրիջների վերաբերյալ։ Ըստ գնումների մասին օրենքի՝ մասնակիցների համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սակայն պատվիրատուն քարթրիջի տեխնիկական բնութագրում պարտադիր պայման է սահմանում քարթրիջի արտադրման ամսաթիվը, առկա հոլոգրաֆիկ նշանով պիտակը և տուփի զիգզագաձև հատուկ բացվող շերտը, որոնք չեն անրադառնում օգտագործվող քարթրիջի հիմնական նպատակին ծառայելու պայմաններին։ Դրանով իսկ սահմանափակելով մեր մասնակցությունը հաջորդ փուլերին, այն դեպքում, երբ մեր կազմակերպությունը իր առաջարկած գնային շեմով զբաղեցրել է առաջին տեղը։ Կարո՞ղ ենք դիտարկել սա որպես ակնհայտ կողմնապահություն և օրենքի խախտում։ Արդյո՞ք ապրանքի ստվարաթղթե տուփի տեսքն ու բացվելու ձևը կարող է պարդադիր պայման հանդիսանալ ապրանքի տեխնիկական բնութագրում։ Արդյո՞ք գնորդ կազմակերպությունը իրավասու է իրեն հարմար տեխնիկական բնութագրով հայտարարել մրցույթ։ Արդյո՞ք գնորդ կազմակերպությունը իրավասու է պահանջել միմիայն օրիգինալ բրենդային գործարանային քարթրիջով մրցույթ։ Արդյո՞ք գնորդ կազմակերպությունը իր քմահաճույքով իրավունք ունի արգելել համատեղելի քարթրիջների լիարժեք մասնակցությունը մրցույթին։ Գնման ծածկագիր՝ ԳՀԱՊՁԲ-2019/8-5-ԵՊԲՀ։ Նախապես շնորհակալություն»։

Բիզպաշտպանի փորձագիտական թիմն, ուսումնասիրելով այս ազդարարումները, բազմիցս գրություններ են ներկայացրել պետական գնումների ոլորտում լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող պետական մարմնին՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը։ Հարցի կարևորությունն ընդգծելու նպատակով գրություն է ներկայացվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ ֆինանսների նախարարությունում, այդ թվում՝ Ֆինանսների մի քանի նախարարների, փոխնախարարների և գնումների քաղաքականության վարչության պետի հետ։ Մասնավորապես, առաջարկվել է իրավասու մարմնին սահմանել որոշակի խումբ ապրանքների՝ գնման առարկայի բնութագրերի համար որոշակի նվազագույն չափանիշների (ուղեցույց), որը կբացառի երկակի մեկնաբանությունները տվյալ առարկայի բնութագրի մասով։

Բիզպաշտպանի կողմից իրականացված հետևողական ջատագովության արդյունքում խնդրին տրվել են հետևյալ երկու համակարգային լուծումները՝

Ա) 02.11.2019թ․-ին ընդունվել է ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N 1454-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշումը։ Սույն որոշումը նվիրված է տեխնիկական բնութագրերի փորձաքննության նոր՝ մասնակցային կարգին։ Մասնավորապես, յուրաքանչյուր ոք կարող է մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալը պատվիրատուին ներկայացնել հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերի՝ օրենքով նախատեսված մրցակցության ապահովման  և խտրականության բացառման պահանջների տեսակետից հիմնավորումներ: Ստացված հիմնավորումների քննարկման ամփոփաթերթը հայտերի բացման նիստի արձանագրության հետ մեկտեղ պատվիրատուն կհրապարակի գնումների պաշտոնական տեղեկագրում: 

Բ) ՀՀ կառավարության 28/10/2019թ. թիվ 1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով որպես միջոցառում սահմանվել է գնումների պլանավորման համակարգի կատարելագործումը՝ ապահովելով մարմինների միանման կարիքների բավարարումը միևնույն բնութագրեր ունեցող գնման առարկաներով և նույն նախահաշվային գներով: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված միջոցառման կատարման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել գործընթացը կարգավորող իրավական ակտի նախագիծ։

Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պաշտպանության նախարարության հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, այդ թվում՝ պաշտոնատար և/կամ որևէ այլ բարձրաստիճան անձի (անձանց) հետ «Կուռացիո» ՍՊԸ-ի հնարավոր փոխկապակցվածությունը։ Մշտադիտարկման արդյունքում նման փոխկապակցվածություն հայտնաբերվել է։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից նաև իրականացվել է համանման մշտադիտարկում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» դեմ ներկայացված ազդարարման վերաբերյալ, որի արդյունքները ներկայացվել են ԿԳՄՍ նախարարին։

Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր: