Դատական բարեփոխումների փաթեթը նախատեսում է դատական վեթինգի իրականացման գործիքակազմ․ Սյուզաննա Սողոմոնյան

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կառավարության կողմից մշակված դատական բարեփոխումների փաթեթը։ Թե ինչպիսի փոփոխություններ է այն նախատեսում և ինչ դեր կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների կատարման մասով, Իրավաբան․net-ը զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ։

Դատական բարեփոխումների փաթեթը ի՞նչ է ենթադրում։ 

-Թեև դատական բարեփոխումների փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում այս բնագավառում, այդուհանդերձ ես երկու կարևոր ուղղություն եմ ցանկանում առանձնացնել դատաիրավական բարեփոխումների համատեքստում․ առաջինը՝ դատավորի անկախության ապահովման մեխանիզմներն են, երկրորդը՝ դատական վեթինգի իրականացումը։  

 

Առաջին մասով հատկանշական է, որ դատավորների անկախության ապահովման որոշակի երաշխիքներ փաթեթով վերապահվեց Դատավորների ընդհանուր ժողովին։ Մասնավորապես, Ընդհանուր ժողովը ձեւավորելու է Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները։ Այսինքն, 3 հանձնաժողովների դատավոր անդամներին նշանակելու է Դատավորների ընդհանուր ժողովը։ Երկու հանձնաժողովի դեպքում, որոնք են՝ Էթիկայի և կարգապահական հարցերի և Ուսումնական հարցերի հանձնաժողովները, որպես անդամներ ներգրավվելու են 2 իրավաբաններ, ովքեր ներկայացնելու են հասարակական կազմակերպություններ, նրանց ընտրությունը նույնպես կատարվելու է Ընդհանուր ժողովի կողմից։

Եվ սա իրավամբ կարևոր է երկու տեսանկյունից․ այս փուլում թույլատրելի գործիքակազմով դատական համակարգի ինստիտուցիոնալ անկախության ապահովում և դատական վեթինգը թափանցիկ կազմակերպելու նպատակով հանրային վերահսկողության ապահովում։

Ի դեպ, Իրավաբանների հայկական ասոցիացիան այս հարցը վաղուց էր բարձրացնում և համապատասխան առաջարկություններ ներկայացրել դեռևս Դատական եվ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի նախագծերի մշակման և քննարկման փուլում։ Փաստացի, մեր այս կոնցեպտուալ առաջարկները գտան իրենց հանգրվանը դատաիրավական բարեփոխումների օրինագծերում։

-Գործընթացը, որը իրականացվելու է, ի վերջո համարվելու՞ է վեթինգ, թե՝ ոչ։

-Հարցին պատասխանելու և այդ առումով փաթեթին իրավական գնահատական տալու համար, նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում վեթինգը։ Նախորդ տարի, երբ գործընկերներիս հետ միասին շուրջ չորս ամիս իրականացնում էինք անցումային արդարադատությանը նվիրված ուսումնասիրությունը (ուսումնասիրել ենք շուրջ 35 երկրի փորձ՝ տարբեր մայրցամաքներից, որտեղ կիրառվել է անցումային արդարադատության գործիքակազմը կամ դրանից մեկը), նպատակներից մեկը՝ հանրությանը, այդ թվում բոլոր շահագրգիռ կողմերին անցումային արդարադատության հիմնական բնույթը, կիրառելիության շրջանակը և գործիքակազմը ներկայացնելն էր։  Վեթինգը անցումային արդարադատության գործիքակազմ է։ Այն ինստիտուցիոնալ բարեփոխումների գործիք է, որը, ի թիվս այլոց, ներառում է կանոնավոր մեխանիզմների ներդրում (security clearance) աշխատանքի ընդունվելու, պաշտոնի նշանակման կամ բարձրացման համար, առավել ևս, երբ այդ պաշտոնները վերաբերում են զգայուն ոլորտներին։ 

Ինչ վերաբերում է դատական վեթինգին, ապա միջազգային փորձի հիման վրա այն սովորաբար իրականացվում է բարձրագույն դատաիրավական համակարգի կողմից և, ընդգրկում է․

  • Ակտիվների ստուգում (asset assessment),
  • Կասկածելի կապերի ստուգում (background assessment),
  • Գիտելիքների/հմտությունների ստուգում (proficiency assessment)։

Հիմա հասկանանք նաև թե ի՞նչ է բարեվարքությունը։

Բարեվարքությունը հետևյալ չորս սկզբունքների ամբողջությունն է․ թափանցիկություն և հաշվետվողականություն, արհեստավարժություն (կոմպետենցիա), էթիկա և այս ամբողջի վերջնարդյունքը՝ հակակոռուպցիոն վարքագիծ։

ԱԺ-ի կողմից օրեր առաջ ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքով համապատասխան կարգավորումներ նախատեսված են, և ասել, որ գործող դատավորների վեթինգ չի իրականացվելու, կամ՝ գույքի եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրությունը վեթինգ չէ, ինձ համար ոչ այնքան զարմանալի է, որքան՝ ցավալի, երբ այս ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշումը հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը, ում իրավասությունների շրջանակում է դատական վեթինգի որոշ էլեմենտների իրականացումը, այդ թվում՝ դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումը և գույքի եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրությունը, ինչպեսև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, եթե դատավորների կողմից խախտվել է գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր ներկայացնելու՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջները։

Այսինքն, իրականում դատավորների գույքի, եկամուտների ստուգումը իրենից ներկայացնում է դատավորների բարեվարքության մեկ սկզբունքի ստուգում՝ այն է թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Ընդ որում, այս ստուգումը իրականացվում է հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով, ներառելով 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերը։ Հիշեցման կարգով նշեմ, որ սա այն ամսաթիվն է, երբ Հայաստանում ուժի մեջ մտավ ապօրինի հարստացման քրեականացումը նախատեսող նորմը։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որոնց թվում է նաև իրավապահ  մարմիններին ենթադրյալ քրեական իրավախախտման վերաբերյալ տեղեկացնելը։ 

Վերադառանլով բարեվարքության սկզբունքներին, հավելեմ նաև, եթե վերոգրյալին ավելանում է նաև դատավորների հայտարարագրված շահերի ստուգումը, ստացվում է, որ մենք գործ ունենք նաև բարեվարքության մյուս սկզբունքի՝ էթիկայի հետ, քանի որ էթիկան ներառում է նաև շահերի բախումը։ Ստացվում է, որ դատական բարեփոխումների փաթեթը ներառում է դատական վեթինգ, որը ենթադրում է դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգում, որն էլ իրականացվում է ակտիվների և էթիկայի ու վարքագծի կանոնների ստուգմամբ։ 

Աչքովս ընկավ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցչի այն ձևակերպումը, որ Հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները խորհրդատվական բնույթի են, և կարող են չընդունվել ԲԴԽ-ի կողմից։ Իսկապես զարմանալի է, օժտվել նման ընդլայնված գործիքակազմով, և ասել՝ որ մեր եզրակացությունները խորհրդատվական են, հետևապես նշանակություն չունեն ԲԴԽ-ի համար և կարող են չընդունվել, ոչ այլ ինչ է, քան նահանջ՝ Հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունների պատշաճ իրականացումից։ Այո, Հանձնաժողովի եզրակացությունները խորհրդատվական բնույթի պետք է լինեն, և ոչ թե պարտադիր կերպով ազդեն դատական համակարգում կայացրած որոշումների վրա։ Բայց ինչպես ցանկացած նորմ, իրավակարգավորում, այնպես էլ սա՝ ինքնանպատակ չէ։ Եթե Հանձնաժողովին օրենսդիրը տվել է նման իրավասություն, նշանակում է, որ Հանձնաժողովի եզրակացությունները օբյեկտիվ և հիմնավոր լինելու դեպքում, պետք է ունենան՝ ուղղորդիչ-խորհրդատվական բնույթ և պետք է հաշվի առնվեն ԲԴԽ-ի կողմից` կարգապահական վարույթ հարուցելու և համապատասխան որոշում կայացնելու ընթացքում։ Իսկ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն այդուհանդերձ շրջանցի հիշյալ եզրակացությունները, այստեղ արդեն այլ հարթություն ենք տեղափոխվում և ԲԴԽ-ի գործունեության լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն կառաջանա։

– Վեթինգի իրականացման գործընթացքում բարեվարքության կանոնների ստուգում չի լինելո՞ւ։ Դրանք տարբե՞ր գործընթացներ են։

– Ինչպես արդեն նշեցի վերևում՝ բարեվարքության ստուգումը դատական վեթինգի իրականացման գործիքակազմ է։

– Ընդունված նախագծով ի՞նչ հավելյալ գործողություններ կատարելու հնարավորություններ է ունենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

-Այս փուլում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բավանակին ընդգրկուն գործիքակազմ է տրամադրված՝ կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Այն ներառում է՝ դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգում, որն էլ իր հերթին ենթադրում է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման ստուգում, բարեվարքության թեստի անցկացում՝ թեկնածուների շրջանում։ Ընդ որում, բավականին կարևոր նորմածություն է արվել, և կրկին մեր առաջարկի հիման վրա ներդրվել է իրավիճակային հայտարարագրերի ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս Հանձնաժողովին, ողջամիտ կասկածի դեպքում, հայտարարագիր պահանջել հայտարարատու չհանդիսացող անձանցից, ովքեր որևէ կերպ առնչվում են հայտարարատու պաշտոնատար անձի հետ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ Հանձնաժողովը նաև կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի դատավորների նկատմամբ։ 

Մեկ այլ կարևոր գործիքակազմ հայտարարագրերի պատշաճ վերլուծության համար, որը սահմանված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 25-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դա այն է, որ իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու և ստանալու  հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ իհարկե «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:

Սրանք գործիքների մի մասն են, որ նշեցի։ Դրանք ավելի ընդգրկուն են, և այստեղ հաջողության հասնելու համար արդեն կարևոր է այդ գործիքակազմը մարմինների կոմպետենցիան և կամքը։