Փետրվարի 27-ին «Oպերա Սյութ հոթել» հյուրանոցում տեղի ունեցավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի հերթական աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը։ Ներկաները անդրադարձ կատարեցին ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված և երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցության պետական ծրագրերին, ինչպես նաև քննարկումների ժամանակ բարձրաձայնվեցին սոցիալական գործոնների մասին, որոնք ազդեցություն են ունենում ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա։
Լուսինե Նալբանդյանը նշեց, որ վիճակագրական տվյալները փաստում են, որ ծնելիության մակարդակը գնալով նվազում է Հայաստանում։ Սակայն նպաստների բարձրացումը չի նպաստելու ծնելիության մակարդակի բարձրացմանը և չի հանգեցնելու խնդիրների համակարգային և խորքային լուծմանը։ Մասնավորապես, ՀՀ-ում ծնելիության մակարդակի նվազեցումը պայմանավորված է ինչպես սոցիալ-տնտեսական ցածր ապահովվածությամբ, ցուցանիշներով, այնպես էլ ծնողների՝ աշխատանքի և երեխայի դաստիարակության/խնամքի համատեղման հետ կապված խնդիրներով։ Մեկ այլ հարց է «քաղաքաբնակ աշխատող մայրեր» և «գյուղաբնակ աշխատող մայրեր» տարանջատումը, որը խիստ ռիսկային է։ Փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է ոչ թե նպաստների բարձրացմամբ խթանել, այլ կոնկրետ ոլորտային, ընդ որում առաջնային՝ առողջապահական, բնակարանային, կրթական, աշխատանքային, ծրագրերի միջոցով բարելավել այն սոցիալական պայմանները, որտեղ քաղաքացին արժանապատիվ կկարողանա դաստիարակել իր երեխային։ Այսինքն, Կառավարության կողմից միանշանակ պետք է վերանայվի թիրախային հարցը և այդ թիրախին հասնելու համար ընտրված միջոցը՝ նպաստների բարձրացումը։