Այսօր՝ փետրվարի 12-ին, տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019թ. կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։
«Երբ խոսում ենք հակակոռուպցիոն քննչական մարմնի մասին, կարող է թվալ, թե սա հերթական ինչ-որ մարմինն է, որ ոչինչ չի անի և այլն, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ այս համակարգն ունի տեր՝ մեր կազմակերպությունը, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, մեր գործընկերները և մենք ամեն ինչ անելու ենք, որ այն իրականություն դառնա։ Հայաստանի գողացված ակտիվները վերադարձվելու են այն քաղաքացիներին, ումից գողացվել են։ Բոլորը պետք է հստակ իմանան, որ որևէ մեկը չի կարողանալու վայելել այն գողացված գումարները, որ հասարակությունից է գողացվել, դուրս հանվել՝ թեկուզ ամենախելացի սխեմաներով, թեկուզ ամենաթանկ փորձագետների օգնությամբ։ Վստահ եղեք, այդ կարողությունները ստեղծվելու են և դրանց շնորհիվ մենք պետք է այդ ամեն ինչը վերադարձնենք հասարակությանը»,- միջոցառմանն իր բացման խոսքում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ կարևորելով կազմակերպած միջոցառումը, շնորհակալություն հայտնեց կառուցողական երկխոսության, ինչպեսև նախարարության նախաձեռնությունների վերաբերյալ մշտապես մասնագիտական կարծիք տրամադրելու համար։ «Շատ ուրախ եմ, որ ձեր հայացքները համընկնում են կառավարության ծրագրի և ռազմավարությամբ որդեգրված ուղղությունների հետ, մասնավորապես՝ կառավարության քաղաքական կամքի հետ։ Այո՛, Հայաստանը պետք է զերծ լինի կոռուպցիոն դրսևորումներից, այո՛, պետք է զրո հանդուրժողականություն լինի կոռուպցիայի հանդեպ և այդ ամենն ի կատար ածելուն է ուղղված հակակոռուպցիոն ռազմավարությունը, ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը։ Ներկայումս մենք շատ կարևոր փուլում ենք, քանի որ արդեն իսկ շրջանառել ենք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայումս գտնվում ենք հանրային քննարկումների փուլում»,-նշեց փոխնախարարը։
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան վճռական է կոռուպցիան արմատախիլ անելու հարցում և այն, իր ձևավորման օրերից ի վեր, կարևոր դերակատար է հանդիսացել Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացների, տարբեր բարեփոխումների իրականացման հարցում։ Այս մասին իր խոսքում նշեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյան։ «Կոալիցիան նախաձեռնել և իրականացրել է այնպիսի հակակոռուպցիոն միջոցառումներ, ինչպիսիք ապօրինի հարստացման քրեականացումն է, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրենսդրական հիմքերի ձևավորումն է, տարբեր ոլորտներում տարբեր բարեփոխումների իրականացումը, հանրային քննարկումների կազմակերպումը, առաջարկությունների ներակայացումը արդարադատության նախարարությանը և այլն»,-նշեց նա։
Ելույթներով հանդես եկան նաև ԻՀԱ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող/ իրավաբան, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը և ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։
Ներկայացվեցին «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, դրա վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկություները, Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքները, 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքները։