2019թ․հունվարի 31-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ բյուջետային գործընթացում՝ «ՄԺԾԾ» և «Քաղաքացու բյուջե» թեմաների շրջանակներում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) ներգրավմանը նվիված փորձագիտական քննարկում-հանդիպում։ Քննարկմանը ներկա էին Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Գաբրիելյանը, ԻՀԱ իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը և Միջազգային համագործակցության հարցերով փորձնակ Դիանա Ալեքսանյանը, «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներկայացուցիչներ Վահան Սիրունյանը, Կարինե Հարությունյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը:
Քանի որ 2019թ․ ընթացքում ԻՀԱ-ն՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունը, կոորդինացրել էր երկու տասնյակից ավել հանրային քննարկումներ՝ նվիրված պետական մարմինների ներկայացրած բյուջետային հայտերի բարելավմանը և ներկայացրել էր առաջարկություններ և դիտողություններ, ԻՀԱ փորձագետները հնարավորինս ներկայացրեցին ՄԺԾԾ հայտերի վերանայման գործընթացի ժամանակ առաջացած խնդիրները։
ԻՀԱ իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը նշեց,-«Վարչապետի որոշմամբ արդեն ֆորմալ-իրավական հենքի վրա է դրվել բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների մասնակցությունը։ Այս փուլում կարևոր է վերհանել հիմնական խնդիրները այդ գործընթացը կազմակերպելիս։ Մասնավորապես, պետք է նշել, որ հայտատու պետական մարմինները ժամկետների և հետադարձ կապի պահպանման տեսանկյունից ձգձգել են գործընթացը 2019թ․ ընթացքում։ Այսինքն, պետք է լինի հստակ ուղեցույց և ժամանակացույց, որով կառաջնորդվեն թե° ՔՀԿ-ները, թե° պետական մարմինները՝ հստակ ներկայացնելով ընդունված և/կամ մերժված առաջարկությունների հիմնավորումները։ Մեկ այլ խնդիր է, որ միայն կայքում բյուջետային հայտերը տեղադրելը բավարար չէ ՔՀԿ-ների մեծ թվով և հնարավորինս շատ ոլորտներում ներգրավվածություն ապահովելու տեսանկյունից։ Բյուջետային հայտերը ավելի հրապարակային, շրջանառվող և հասանելի կարող են դառնալ ՔՀԿ-ների Ցանցերի ակտիվացման միջոցով ևս, բացի որոշակի հարթակներ, պլատֆորմներ ստեղծելուց։ Մեկ այլ խնդրի ենք բախվում՝ ո՞ր փուլում պետք է ՔՀԿ-ն ներգրավվի այս գործընթացում։ Պետք է հնարավորինս այնպիսի մոդել ստեղծենք, որ ՔՀԿ-ն ներգրավվի բյուջետային հայտերի նախագծման, մշակման փուլում։ Ինչպես նաև, գործընթացի կազմակերպչական մասից զատ կարևոր է բովանդակային այն հարցը, որ պետական մարմիններում հանդիպումների ժամանակ շատ հաճախ հայտերի կազմման համար պատասխանատու անձինք բավարար չափով իրազեկ չէին, որ արդյունքային ցուցանիշները պետք է լինեն Մեթոդաբանությանը համապատասխան։ Այս տեսանկյունից ՔՀԿ-ներին և պետական մարմինների փորձագետներին վերապատրաստել գոնե թե Մեթոդաբանություն-ուղեցույցի մասով»։
«Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներկայացուցիչ Վահան Սիրունյանը առաջարկեց ինչպես ՔՀԿ-ների, այնպես քաղաքացիների համար ստեղծել հարթակ, որտեղ ամբողջ տարվա ընթացքում կհավաքվեն բոլոր առաջարկությունները և կհամակարգվեն։ Կարևոր գործոն համարվեց ներքին վերահսկողական համակարգի առկայությունը: Այս համակարգը կնպաստի պետական մարմինների գործունեության արդյունավետությանը, վեր կհանի առկա թերությունները և հնարավորություն կստեղծի առավել կատարելագործված համակարգի ստեղծմանը:
Ներկաները համաձայնվեցին, որ այս գործնթացը իրականացնելու համար անհրաժեշտ է ՔՀԿ-ների և պետական մարմիրնների եռանդուն գործունեություն և փոխադարձ աջակցություն: Հաշվի առնվեց այն հանգամանքը, որ ՔՀԿ-ները դեռ չունեն բավարար կարողություններ, ուստի կարևորվեց նաև նրանց հետ վերապատրաստումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման մասնակիցները որոշեցին հնարավերինս համագործակցել միմյանց հետ և հանդես գալ նոր առաջարկներով ըստ անհրաժեշտության: