ԻՀԱ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող/ իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը սույն թվականի հունվարի 22-ին մասնակցել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմերպված «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձում՝ առանց մեղադրական դատավճռի» թեմայով աշխատաժողովին:
Աշխատաժողովը նպատակ ուներ ներկայացնելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կազմված վերլուծությունը՝ հիմնված միջազգային փորձի հիման վրա և ներառելով օրենքի նախագծի բարելավմանն ուղղված հիմնական առաջարկություններն ու գործնական մարտահրավերները, ինչպես նաև քննարկում կազմակերպելու դրա շուրջ:
Միջոցառման ընթացքում հրավիրված Եվրոպայի խորհրդի տարբեր երկրների փորձագետները ներկայացրեցին իրենց փորձը, այնուհետև, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հետ ակտիվ քննարկումներ ծավալվեցին ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական դատավարություններում իրականացվող առանց մեղադրական դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացին վերաբերող հիմնական մարտահրավերների ու կիրարկման լավագույն փորձի շուրջ: