Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:
Քննարկումը նվիրված էր հանրային ֆինանսների կառավարման ոլորտի մասը կազմող 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման պարզեցված հաշվետվության բովանդակային քննարկմանը։ Քննարկման ժամանակ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ (ԻՀԱ) «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը և կազմակերպության իրավաբան Լուսինե Նալբանդյանն առաջարկել են «Քաղաքացու բյուջե» բաժնում ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրականացված ծրագրերը, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե ինչպես են ծախսվում հարկի տեսքով բյուջե մուտքագրվող գումարները:
Աշխատանքային քննարկումից հետո Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել և ՀՀ ֆինանսների նախարարություն ուղարկվել է գրավոր առաջարկություններ, որոնք միտված են քաղաքացու համար առավել ընկալելի դարձնել բյուջեի կատարման հաշվետվությունը։ Առաջարկվել է «Քաղաքացու բյուջեի» (և պլանային, և հաշվետվողական մասերով) մեջ ընդգրկվող բովանդակությունը որոշելիս առաջնորդվել «արժեք՝ փողի դիմաց» սկզբունքով. այսինքն՝ հաշվետվության մեջ ներառել հիմնականում արդյունքային ցուցանիշներ: Մասնավորապես, հաշվետվությունները ներկայացնել երեք բաժիններից` 1) ՀՀ պետական բյուջեի եկամուտներ, 2) ՀՀ պետական բյուջեի ծախսեր և 3) ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտ և ՀՀ կառավարության պարտք (պետական պարտք):
Ի պատասխան ուղարկված գրավոր առաջարկություններին՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը 20.12.19թ. թիվ 01.1/8-5/21137-2019 պատասխան գրությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին հայտնել է.
- Քաղաքացու Բյուջեի մշակման շրջանակներում ԻՀԱ ներկայացրած առաջարկությունների կապակցությամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծով նախատեսվում է մասնակցային գործընթացների ընդլայնում, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ՀՀ հանրային իշխանության մարմիններ բյուջետային հայտերի վերաբերյալ պարտադիր հանրային քննարկումների իրականացում: Պետք է նշել, որ հանրային քաղաքականության այս փոփոխությունը նույնպես կատարվել է ԿԵՀ ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ի առաջարկություների հիման վրա: Մանրամասները կարող եք տեսել հետևյալ հղմամբ:
- Վերոնշյալ Նախագծով նախատեսվում է նաև ՀՀ հանրային իշխանության մարմինների կողմից ՀՀ քաղաքացու բյուջեի առանձին ձևաչափով (ձևաչափի մշակման աշխատանքները մեկնարկվել են) 2021 թվականի Քաղաքացու Բյուջեի (յուրաքանչյուրը՝ իր ոլոտային մասի) ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացում և վերջինիս կողմից Քաղաքացու Բյուջեի մշակում և հանրայնացում՝ որպես բյուջետային գործընթացի մաս:
Այսպիսով, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանկներում ԻՀԱ-ֆինանսների նախարարություն հերթական հաջողված համագործակցությունը հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կարելի է կայացած համարել։ Արդյունքում , ԻՀԱ առաջարկությունների շնորհիվ փոփոխվելու է Քաղաքացու բյուջեի բովանդակային մասը՝ ներառելով յուրաքանչյուր պետական մարմնի՝ իր ոլորտային մասով հաշվետվությունը, որն ամփոփում է նաև տարեկան կտրվածքով արդյունքային ցուցանիշներ։