Դեկտեմբերի 19-ին և 20-ին Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը։ Երկօրյա հանդիպումները կազմակերպվել էին ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ։
Միջոցառման նպատակն էր ամփոփել ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակի հանդիպումների արդյունքները և ուղենշել մեխանիզմներ հարթակն առավել գործուն և արդյունավետ դարձնելու համար, ձևավորել ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակի գործողությունների պլանը 2020 թվականի համար՝ ուղղված երկրում գենդերային քաղաքականության բարելավմանը։
Միջոցառման առաջին օրը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Լենա Նազարյանը և այլ պատգամավորներ, մասնակցում էին շահագրգիռ ՔՀԿ-ների և միջազգային կառույցի ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում ներկաները անդրադարձան կանանց վերարտադրողական իրավունքների պաշտպանությանն առնչվող մի քանի խնդիրների։ ԻՀԱ ներկայացուցիչը նշեց. «ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով Հայաստանը ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություններ, որոնցով փոփոխություններ պետք է նախատեսվեն՝ ուղղված տարբեր ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը երկարատև և արդեն քաղաքականացված գործընթաց է։ Որպեսզի ԱԺ-ՔՀԿ հարթակը հաջողի, անհրաժեշտ են հստակ ռազմավարական ուղղություններ, միջոցառումներ, գործողություններ և պատասխանատու անձինք որոշել և աշխատել օրենսդրական նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ, այսինքն ներպետական մեխանիզմների կիրառմամբ հասնենք փոփոխությունների այդքան քննարկված կանանց վերարտադրողական իրավունքների խնդիրների առնչությամբ։ Պարտադիր չէ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որպեսզի խիստ քրեական պատասխանատվություն սահմանվի հարկադիր աբորտն իրականացնող բժիշկների կամ աբորտի գնացող ծնողների համար, պարտադիր չէ ազդարարման ինստիտուտը հիվանդանոցներում ներդնելու համար վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան և այդպես շարունակ։ Ներպետական օրենսդրական մակարդակով կարող ենք հորդորել ԱԺ պատգամավորներին հանդես գալ օրենսդրական բացերի լուծմանն ուղղված նախաձեռնություններով․ հենց սրա համար է ստեղծվել ի վերջո այս ԱԺ-ՔՀԿ հարթակը»։ Լուսինե Նալբանդյանն առաջարկեց նաև, որ աշխատանքային խմբերում կոնկրետ թվով պատգամավորներ ներգրավվեն՝ սահմանելով քվոտա, որոնք կմասնակցեն ուղղակիորեն ոլորտային աշխատանքներում, ոչ միայն ամփոփիչ հանդիպումներին ներկա կլինեն։
Երկօրյա հանդիպման ընթացքում մտագրոհի արդյունքում հավաքագրվեցին մեկ տարվա կտրվածքով ռազմավարական հիմնական ուղղությունները, նախանշվեցին այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն հետագայում ըստ ժամանակացույցի, ինչպես նաև որոշվեց ԱԺ-ՔՀԿ հարթակի համագործակցության շրջանակները գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։