Իրավաբանների հայկական ասոցիացիան, կարևորելով բյուջետային գործընթացում շարունակական վերահսկողությունը և իր մասնակցությունը, պետական մարմիններին՝ իր կողմից ուղարկված դիտողությունները, առաջարկությունները և պետական մարմիններից ստացված պատասխան գրությունները ուղարկել էր ՀՀ վարչապետին, Ֆինանսների նախարարությանը և ԱԺ հանձնաժողովներին։ Ինչպես նաև առաջարկ էր ներկայացվել, որ հաջորդող տարիներին բյուջետային գործընթաց սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշումներով նախատեսվող աշխատանքների ժամանակացույցերում նախատեսվի առանձին դրույթ, որով ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը բյուջետային հայտերը կազմելու գործընթացում (նախքան հայտերը Ֆինանսների նախարարություն ուղարկելը) կկրի պարտադիր բնույթ:
Ի պատասխան ԻՀԱ գրությանը Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվող ժամանակացույցի նախագծով առաջարկվելու է դրույթ, համաձայն որի մինչև բյուջետային հայտերը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը, հայտատու մարմինները իրենց հայտերը՝ ներառյալ հաշվարկ հիմնավորումները պետք է քննարկեն ոլորտային ՔՀԿ-ների հետ՝ կազմակերպելով հանրային քննարկումներ։
Ուրախ ենք տեղեկացնելու, որ ԻՀԱ ներդրած ջանքերը՝ ուղղված Հայաստանում բյուջետային գործընթացը առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելուն, արդեն փոփոխությունների են հանգեցնում։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 29-ին, ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարարի հետ կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունը՝ ԻՀԱ-ն, քննարկել էր բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներգրավման հարցը: Մասնավորապես, ԻՀԱ-ն պատրաստակամություն էր հայտնել համակարգել ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը և համագործակցությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, որպեսզի բյուջետային հայտերի կազմման գործընթացը առավել թափանցիկ, ներառական, և հետևաբար ավելի արդյունավետ լինի:
Ըստ այդմ, ԻՀԱ-ն կազմակերպել և համակարգել է ՔՀԿ-ների ներգրավմամբ երկու տասնյակից ավել հանրային քննարկումներ պետական մարմինների հետ: Հանրային քննարկումների արդյունքում պետական մարմիններին ներկայացվել են ոլորտային ՔՀԿ-ների կողմից ձևակերպված դիտողությունները և առաջարկությունները։ Դրանք և´ բովանդակային, և´ տեխնիկական խնդիրների էին անդրադարձել, որոնց շտկումը մեծապես կբարելավի ֆինանսական պլանավորման և ծրագրերի իրականացման արդյունավետությունը: