Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է կառավարության ենթական մարմինների, տեսչական մարմինների գործառույթները և վերահսկողական լծակները։
Դասը վարում էր ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։
«Տեսչական մարմինների մասին» օրենքը սահմանում է, որ տեսչական մարմինը վերահսկողություն կամ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծվող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմնի առանձնացված ստորաբաժանում, բացառությամբ պետական և համայնքային մարմինների (ծառայողների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից հանրային ծառայություններ իրականացնող կառույց է։
Կրթության տեսչական մարմինը վերահսկողություն է իրակացնում նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական դպրոցներում։
Տեսչական մարմինը վերահսկողություն չի իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում և Ալեքսանդր Շագաֆյանի խոսքով՝ տեսչական մարմինը այդ գործառույթը չպետք է ունենա։
«Դպրոցական կրթությունը պարտադիր է բոլորի համար և ընտրության հնարավորություն այստեղ չկա։ Հարցը այլ է բուհերի դեպքում։ Չափահաս և գիտակից անձինք, նրանք են լավագույն վերահսկողները բուհում։ Անձը ինքն է ընտրում՝ գնալ բուհ, թե՝ ոչ, որ բուհը գնալ։ Եթե բուհում նրան տրվող գիտելիքները չեն համապատասխանում իր պահանջներին, ապա նա կարող է փոխել բուհը, սովորել արտերկրում, կամ ընդհանրապես չսովորել»,-նշում է Ալեքսանդր Շագաֆյանը։
Տեսչական մարմնի ղեկավարը խոսեց նաև մարմնի առաջ դրված խնդիրների, ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանց կանխարգելման հարցերի մասին նույնպես։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: