«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի նոյեմբերի 12-ին մասնակցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի (ԹԻՀԿ) և «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) կողմից կազմակերպված «ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման և հարկային դաշտի բարելավման հեռանկարները» թեմայով հանդիպմանը:
Հանդիպմանը ներկայացվել է ՀԿ-ների պետական ֆինանսավորման և հարկային դաշտի վերաբերյալ ԻՀԱ-ի դիրքորոշումը, անդրադարձ է կատարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված և 2019 թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի խնդրահարույց կարգավորումներին և առաջարկներ է ներկայացրել ԹԻՀԿ կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին դրամաշնորհների հատկացման կարգի» նախագծի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում ներկայացվել է նաև ԻՀԱ-ի և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչով «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից իրականացված «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգ և բարելավում» ծրագրի և «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ-ի կողմից իրականացված «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի արդյունքները:
Հիշեցնենք, որ վերը նշված ենթադրամաշնորհային ծրագրերից առաջինի նպատակն էր հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերվող փաստարկված հանրային քաղաքականության մշակումը, բարելավումն ու մոնիթորինգը, իսկ երկրորդինը՝ պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրմադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների, սուբսիդիաների և պատվիրակված ծառայությունների գործընթացի մրցույթային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրման խթանումն էր: