Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը քննարկվել է անցումային արդարադատության իրականացման նպատակը և մեխանիզմները

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց անցումային արդարադատության իրականացման նպատակը և  ձևերը՝ միջազգային փորձի ներքո:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց անցումային արդարադատության անցկացման մասին:

Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Անցումային արդարադատությունը գործընթացների և մեխանիզմների ամբողջություն է, որը հասարակության դեմ անցյալում կատարված օրինախախտումները շտկելու, արդարությունը վերականգնելու, անպատժելիությանը վերջ դնելու և հանրային համերաշխություն հաստատելու նպատակ ունի:

Անցումային արդարադատությունը ունի իրականացման 4 մեխանիզմ.

  • Քրեական արդարադատություն,
  • Փոխհատուցումներ, 
  • Ճշմարտության որոնում,
  • Համակարգային բարեփոխումներ:
 

Կարեն Զադոյանը նշեց, որ կարևոր է մշակել քայլերի հաջորդականություն՝ գործընթացը ճիշտ ձևով անցկացնելու համար: Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմել է զեկույց: Զեկույցը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին:«Զեկույցի հիմնական նպատակն էր ներկայացնել անցումային արդարադատությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, առկա միջզգային փորձը, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական և վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը»,-ասաց նա:

Կարեն Զադոյանի խոսքով, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, որտեղ չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու վերաբերյալ ակնհայտ և անկեղծ պատրաստակամություն, առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավում, ինչպես նաև այդ գործընթաց և կիրառելիք բոլոր մեխանիզմների մասին հանրային լայն իրազեկումը:

Սրանց բացակայության դեպքում հնարավոր է չստանալ այն արդյունքը, որը սպասվում է:

Կարեն Զադոյանը խոսեց նաև անցումային արդարադատության կիրառման մեխանիզմներից՝ նշելով

  • մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորության մասին,
  • կոռուպցիոն հանցագորությունների հետևանքով ապօրինի հարստացածներին՝ առաջնորդվելով և՛ իրավական, և՛ քաղաքական գործընթացներով օրենքի ընդունման միջոցով կապիտալի ամնիստիա (մեղքի ընդունման գործարք) կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցի մասին,
  • քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերի մասին,
  • անցումային արդարադատության մեխանիզմները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել անցումային արդարադատության շրջանակներում դատապարտված նախկին հանրային իշխանության ներկայացուցիչների նկատմամբ համաներում տարածելու վերաբերյալ հարցի մասին:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: