Զեկույցը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Զեկույցը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ինչպես համակարգային խնդիրների վերհանմանը, այնպես էլ ոլորտային՝ կանանց տնտեսական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, կանանց առողջապահական (վերարտադրողական) իրավունքների պաշտպանությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը ընտանիքում, ներառյալ՝ սեփականության իրավունքի համատեքստում, և կանանց քաղաքական մասնակցությանը։
Զեկույցի հիմքում դրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներով, Պեկինյան գործողությունների ծրագրով, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի ընդհանուր և «ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի ՀՀ կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույց»-ի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների հատուկ հանձնարարականներից և մի շարք այլ միջազգային փաստաթղթերից բխող ՀՀ պարտավորությունների կատարման գնահատականը՝ ՀՀ գործող օրենսդրության, օրենսդրական նախաձեռնությունների և «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի» նախագծի դրույթների հետ համադրմամբ՝ միջազգային առաջավոր փորձի լույսի ներքո։ Զեկույցի համար հիմք է ծառայել նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման հեռանկարները հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկման արդյունքների ամփոփումը։