BBC ռուսական ծառայության կողմից 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հրապարակված նյութի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը, քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը և Էդգար Վարդանյանը
Սյուզաննա Սողոմոնյանի կարծիքով՝ BBC-ի հրապարակած նյութը պետք է քննության առնվի. «Ինչքան էլ մեզ փաստերը հայտնի են, միևնույն է, իրավապահ մարմինները պետք է քննություն ձեռնարկեն և պարզ դառնա՝ արդյո՞ք նախաքննական տվյալ հանդիսացող տեղեկություններ հրապարակվել են, թե ոչ: Եթե պարզվի, որ իսկապես եղել է տեղեկատվության արտահոսք և որ հրապարակված տեղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք, ապա մենք գործ ունենք նաև Հայաստանի անվտանգության հետ կապված խնդրի հետ: Հայաստանյան կողմը միջոցներ պետք է ձեռնարկի և իրավական գնահատական տա»: