Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հուլիսի 18-ին հյուրընկալեցին արդարադատության նախարարի նախկին տեղակալ, այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին:
Վերջինս ներկայացրեց էլեկտրոնային կառավարման գործիքները կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:
Դպրոցի ունկնդիրները բարձրաձայնեցին այն հարցը, որ հանրային քննարկման համար ստեղծված այս հարթակում չեն տեղեդրվում Ազգայի ժողովի պատգամավորների կողմից ներկայացրած օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված հանրային քննարկումների ժամկետը չպահպանելու դեպքում պետական մարմինը որևէ պատասխանատվության չի ենթարկվում:
Քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծվել է արագ արձագանքման թեժ գիծ:
Սուրեն Քրմոյանը խոսեց նաև Azdararir.am-ի մասին:
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» օրենքի համաձայն, ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ի դեմս արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:
Կայքը գործարկվեց այս տարի մայիսի 21-ին:
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` ապահովելու համար, որ կոնվենցիայում հիշատակված հակակոռուպցիոն մարմինները հայտնի լինեն հանրությանը, և պետք է ապահովի մուտքը դեպի այդ մարմինները, այդ թվում՝ անանուն ձևով` ամեն մի դեպքի մասին նրանց հաղորդումներ տրամադրելու համար, որը կարող են դիտարկվել որպես իրավախախտում` սույն Կոնվենցիային համապատասխան»։ Հարթակի այցելուներին հնարավորություն է տրվում ընտրելու անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով ազդարարման եղանակներից իրենց համար նախընտրելի տարբերակը, լրացնել համապատասխան դաշտերում ընտրված ազդարարման եղանակին համապատասխան տվյալները, ամրակցել հաղորդմանը առնչվող էլեկտրոնային նյութերը, լրացված տվյալները ստուգելուց հետո հաստատել հաղորդումը և ներկայացնել այն համակարգի հաղորդումների կառավարման մոդուլ:
Հիշեցնենք, որ ազդարարման ինստիտուտը Հայաստանում ներդնելու նախաձեռնողներն են եղել Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան:
Փոխվարչապետի խորհրդականը խոսեց նաև E-register.am, e-notary.am, e-apostille.am և էլեկտրոնային այլ հարթակների մասին:
«Այս հարթակները նվազեցնում են կոռուպցիոն ռիսկը տարբեր պետական մարմիններում: Վերջինը գործարկվել է ազդարարման համակարգը, հուսով ենք, որ այն նույնպես հաջողություն կունենա և քաղաքացիները կազդարարեն»,-նշեց Սուրեն Քրմոյանը:
Դասի ընթացքում Սուրեն Քրմոյանը նաև պատասխանեց Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հարցերին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: