Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի հուլիսի 16-ին մասնակցել է ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության (ՔՀԽ) անդամների և այլընտրանքային անդամների ընտրակարգի նախագծի վերաբերյալ առաջին քննարկմանը, որին մասնակցում էին նաև ԲՇԽ ՔՀԽ անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԱՃԹՆ հայաստանյան քարտուղարության ներկայացուցիչը:
Քննարկման ժամանակ ներկայացվել է ընտրակարգի նախագծի հիմնական կարգավորումները, այնուհետև մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկությունները:
ԻՀԱ ներկայացուցիչը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված փաստաթուղթը ունի և բովանդակային, և տրամաբանական կառուցվածքի առումով մի շարք թերություններ և հետագա լրամշակման կարիք ունի: Մասնավորապես.
- Առաջարկվել է ընտրակարգի նախագծի նախաբանից հանել այն բոլոր դրույթները, որոնք ըստ էության չեն վերաբերում ընտրակարգին և անհիմն ծանրաբեռնում են նախագիծը:
- Առաջարկվել է, որ նոր ձևավորվելիք ՔՀԽ-ն՝ ԲՇԽ-ի աշխատակարգից բացի, ունենա նաև իր աշխատակարգը, որով, ի թիվս այլնի, կսահմանվեն նաև ՔՀԽ անդամի լիազորությունների դադարեցման կարգը ու դեպքերը:
- Հաշվի առնելով, որ ընտրակարգի նախագծի 8-րդ և 13-րդ կետերով նշվում է, որ ՔՀԽ ներկայացուցիչները/թեկնածուները պետք է ունենան կարողություններ՝ իրականացնելու իրենց պարտականությունները, ինչը վերցված է ԲՇԽ աշխատակարգից, առաջարկվել է հստակեցնել, թե ինչ կարողությունների մասին է խոսքը:
- Ընտրակարգի նախագծի 13-րդ կետի համաձայն՝ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրական գործընթացին ընտրելու իրավունքով մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք ներառված են «ՀՀ ԱՃԹՆ-ի հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների ծրագիր» փաստաթղթի հավելվածների շահագրգիռ կողմերի ցանկում և/կամ վերջին 1 տարվա ընթացքում հրապարակային և հետևողականորեն արտահայտել են դիրքորոշում հանքարդյունաբերության պատասխանատու քաղաքականության և/կամ հնարավոր ազդեցությունների առնչությամբ, հրապարակում են իրենց գործունեության մասին տվյալներ, ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները: Վերոգրյալի առնչությամբ առաջարկվել է կամ ՔՀԽ անդամների ընտրությանը ընտրելու և ընտրվելու հնարավորություն տալ բոլոր հասարակական կազմակերպություններին, կամ էլ սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք ընդունելի կհամարվեն գործընթացով հետաքրքրված ՀԿ-ների և մյուս դերակատարների կողմից՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ ցանկում ընդգրկված ՀԿ-ների ցանկը ամբողջական չէ և հանքարդյունաբերության և, ընդհանրապես, բնապահպանական հարցերով զբաղվող մի շարք ակտիվ ՀԿ-ներ ներառված չեն այդ ցանկում, ինչպես նաև նշված կետում հստակ չեն շարադրված ՀԿ-ներին ներկայացվող մյուս պահանջները, որը կարող է ՀԿ-ների ընտրության գործընթացում հայեցողական գործելու հնարավորություն ընձեռնի։
- Առաջարկվել է, որ միևնույն կառույցը կարողանա ներկայացնել ՔՀԽ մեկ թեկնածու:
Քննարկման մյուս մասնակիցների կողմից, նույնպես, ներկայացվեցին այլ առաջարկներ: Քննարկման ժամանակ որոշվեց, որ ընտրակարգի նախագծի 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժիններին անդրադարձ կկատարվի հաջորդ աշխատանքային քննարկումների ընթացքում: