Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակներում ներկայումս ընթանում է Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների իրականացման գնահատումը, որի նպատակով գնահատող խումբ է այցելել Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակներում սույն թվականի հուլիսի 17-ին հանդիպում է տեղի ունեցել գնահատող խմբի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարատ Ատովմյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը, իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը։
Ասոցիացիայի և Կոալիցիայի ներկայացուցիչները գնահատող խմբին են ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու մտահոգությունները, որոնք վերաբերում են Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն գործընթացներին։ Մասնավորապես, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը իրենով իսկ արդեն հետընթաց է կոռուպցիայի դեմ պայքարում, և նախատեսում է այնպիսի իրավակարգավորումներ, որոնց ընդունվելու պարագայում Հանձնաժողովը ձևավորվելու է խիստ քաղաքականացված գործընթացում և դառնալու է իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկելի մի կառույց։
Ասոցիացիայի և Կոալիցիայի ներկայացուցիչները ներկայացրել են նաև վերջերս Վարչապետի գլխավորությամբ ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որի ստեղծման պրոցեսը նրանք գնահատում են արհեստական։ Այս պրոցեսը հետապնդում էր մեկ պարզ նպատակ․ Խորհրդից դուրս հանել հակակոռուպցիոն բարեփոխումների վրա լուրջ ազդեցություն ունեցող քաղաքացիական հասարակության ուժերին, այդ թվում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային։ Ավելին, Ասոցիացիան և Կոալիցիան այս գործընթացների իրականացումը կապում են կառավարության հետ սերտաճած այլ ՔՀԿ-ների ոչ թափանցիկ գործողությունների հետ, ովքեր չեն համակերպվում այն իրողության հետ, որ Կոալիցիան հակակոռուպցիոն ոլորտում ընկալվում է որպես հակակոռուպցիոն բարեփոխումների առաջատարներից և նախաձեռնողներից մեկը։ Անկախ ներկայումս ընթացող գործընթացներից և այն հանգամանքից, թե Կոալիցիան որևէ կառույցի անդամ է, թե` ոչ, Կոալիցիան շարունակելու է իր գործունեությունը ուղղված՝ Հայաստանում երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցման նպատակին։
Գնահատող խմբին բոլոր հիմնավորումներն ու դիրքորոշումները ներկայացվել են փաստարկներով և իրավական հիմնավորումներով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր։