Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին լավ կառավարման և բարեխղճության սկզբունքները (հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի կանոնների պահպանում և կոռուպցիայի կանխարգելում), խոսեցին նաև բարեխղճության ազգային համակարգի մասին: Նյութը ներկայացրեց իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը:
Արդյունավետ հանրային կառավարման տեսանկյունից, դասընթացավարի կարծիքով, կարևոր է նաև փոխհամաձայնությունը, թափանցիկությունը, արագ արձագանքելու կարողությունը:
«Հանրահայտ է, որ վատ կրթված՝ ոչ արհեստավարժ, պետական պաշտոնյաները չեն կարող բարեխղճորեն կառավարել պետությունը եւ հարգել մարդու իրավունքները: Նշվածի ընկալումը հանգեցրեց լավ կառավարման (անգլերեն՝ Good Governance)հայեցակարգի ձեւավորմանը: Լավ կառավարումն իր մեջ ներառում է իրավունքի գերակայությունը, պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, մարդու արժանապատվության և մարդու իրավունքների հարգումը, պահպանումը եւ պաշտպանությունը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների իրական մասնակցությունը: Միջազգային կազմակերպություններն ընդգծում են լավ կառավարման կարեւորությունը եւ այնշաղկապում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ»,-նշում է Մարատ Ատովմյանը:
Փորձագետի խոսքով՝ լավ կառավարումն ու բարեխղճությունը փոխլրացնում են միմյանց, սակայն լավ կառավարումը ավելի շատ վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ բարեխճությունը պետք է ներդրվի ցանկացած տեսակի կազմակերպությունում, անկախ իր գործունեության ոլորտից, կարգավիճակից, սեփականության և կազմակերպաիրավական ձևից:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: