Հուլիսի 11-ին Գյումրիում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրերի շրջանակներում:
Ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ նշելով, որ հաեմատած նախորդիվ եղած հակակոռուցպիոն ռազմավարության ծրագրերի՝ սա ամենաքննարկված է: «Որպես ոլորտի կարևորագույն դերակատար, մեր կոալիցիան ցանկանում է, որպեսզի մենք ունենանք մի ռազմավարություն, որը անխոցելի կլինի և ի վերջո Հայաստանի պատմության մեջ կարող է ռեալ իրականացվի այն ամենը, ինչ գրվում է թղթի վրա: Մեզնից կախված մենք ամեն ինչ անելու ենք, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը չձախողի: Արդարադատության նախարարությունը պետական մարմինների շարքում հանդիսանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ռազմավարական գործընկերը՝ անկախ նրանից, որ մենք այս կամ այն հարցերի վերաբերյալ կարող ենք ունենալ տարաձայնություններ»,-նշեց Կարեն Զադոյանը՝ հույս հայտնելով, որ Գյումրիում անցկացվող քննարկման արդյունքների ամփոփումը ավելի կբարելավի ներկա ռազմավարության ներկա ծրագիրը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը նախ շնորհակալություն հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային՝ համաժողովի կազմակերպման համար: «Այն չափազանց կարևոր է հատկապես այս փուլում, երբ մենք գտնվում ենք ՀՀ-ի առաջիկա 3 տարիների հակակոռուպցիոն ռազմավարության ուրվագծման գործընթացում: Էապես կարևորվում է հասարակական փորձագիտական լավագույն ներուժի արդյունավետ օգտագործումը և լավագույնս կիրառումը, ինչին է միտված նաև նման հանրային քննարկումները:
Տիգրան Խաչիկյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական դրույթները, պատասխանեց մասնակիցների հարցերին: Միջոցառման ընթացքում քննարկվեց նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման հարցը: Արդարադատության նախարարությունը առաջարկել է հակակոռուպցիոն համակարգի տարանջատված մոդելի ներդրումը՝ վերջինիս արդարացման դեպքում ունիվերսալ մոդելին անցում կատարելու հնարավոր հեռանկարներով:
Նշված մոդելի պարագայում ունենում ենք հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին՝ ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար գործիքակազմով օժտված քննչական մարմին, ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի:
Կարեն Զադոյանը նաև նշեց, որ ՔՀԿ-ների փաստարկված դիրքորոշումը մնում է անփոփոխ և հակակոռուպցիոն պայքարը պետք է իրականացվի անկախ հակակոռուպցիոն մասնագիտացված ունիվերսալ մեկ մարմնի միջոցով, որի գործունեությունը պետք է հիմնված լինի 3 կարևորագույն հենասյուների վրա՝ հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության ապահովման: Նրա խոսքով, այս երեք գործառույթները մեկ մարմնի տանիքի ներքո միավորմամբ սուպեր մարմին ստեղծելու տեսակետը արհեստական է և ոչ փաստարկված, ավելին այս երեք գործառույթները ոչ միայն լիովին համատեղելի են մեկ մարմնում, այլ նաև` մեր երկրի համատեքստի առումով փաստարկված և անհրաժեշտ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը անդրադարձավ Հակակոռուպցիոն քաղաքականությունների խորհրդի կազմից ոչ փաստարկված և ուղղորդված կերպով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի դուրս թողնմանը` այն համարելով կառավարության կողմից հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության լուրջ բացթողում:
Քննարկումը արդյունավետ էր և անցավ կառուցողական երկխոսության ձևաչափով: