Իրավական ակտեր նախագծելիս պետք է ղեկավարվել հանրության, այլ ոչ՝ կոնկրետ անձանց շահերի սպասարկման տրամաբանությունից․ Սյուզաննա Սողոմոնյան. iravaban.net

Iravaban.net-ը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ՝ նախագիծ) մասին հունիսի 28-ին 1in.am լրատվական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցազրույցը, որում անդրադարձել է Նախագիծը մշակող աշխատանքային խմբին և մշակված փոփոխություններին։ 

Իրավաբան․net-ը թեմայի շուրջ զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ։ 

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հարցազրույցը կրում է խիստ սուբյեկտիվ, ոչ փաստարկված և մանիպուլյատիվ  բնույթ և չի արտացոլում այն իրականությունը, որը առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Փորձագետի խոսքով՝ նախագծի մշակման գործընթացը և դրա բովանդակությունը ուղեկցվել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով։ 

-Տիկին Սողոմոնյան, պատգամավորն իր հարցազրույցում նշել է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ նախկինում ՔՀԿ-ները ներկայացրել են իրենց առաջարկները, որոնց իշխող ուժը ծանոթ է, ուստիև, կարիք չի եղել Նախագիծը ներկայացնել հանրային քննարկմանը։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք իրավաչափ է ԱԺ-ին ներկայացնել մի օրենքի նախագիծ, որը հանրային քննարկման չի դրվել։   

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի»: 

Նույն օրենքի իմաստով՝ օրենսդրական ակտը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտն է` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ։ 

Այսինքն, պատգամավորի այն փաստարկը, որ օրենքի վերաբերյալ նախկինում ՔՀԿ-ները ներկայացրել են իրենց առաջարկները, որոնց իշխող ուժը ծանոթ է, հետևապես և, կարիք չի եղել ներկայացնել այն հանրային քննարկմանը, ՀՀ օրենսդրությունից բխող իրավական հիմնավորում չէ։ Ավելին, այն փաստարկը, որ Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել բոլոր դերակատարների կարծիքը, քանի որ նախկինում նրանք ներկայացրել են համապատասխան առաջարկություններ, ապա պետք է նշեմ, որ սա չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների, հատկապես՝ մրցութային խորհրդի ձևավորման և Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացրած առաջարկությունները վերաբերել են բացառապես «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքին (այսուհետ նաև՝ Հիմնական օրենք)՝ նախքան դրա ընդունումը: Այսինքն, ըստ էության առաջարկությունները վերաբերել են Հիմնական օրենքի նախագծին, և ոչ թե Հիմնական օրենքի փոփոխություններին և լրացումներին։ Փաստացի՝ ըստ պատգամավորի, ստացվում է, եթե մի անգամ ինչ որ ոլորտը կարգավորող հիմնական օրենքի նախագիծը դրվում է հանրային քննարկման, և դրա վերաբերյալ ՔՀԿ-ները ներկայացրել են առաջարկություններ, ապա այդ օրենքներում հետագայում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող սուբյեկտը շահագրգիռ կողմերին զրկում է առաջարկություններ և դիրքորոշումներ ներկայացնելու հնարավորությունից։ Կհամաձայնվեք, որ հիշյալը հակասում է ոչ միայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, այլև՝ իրավական պետության, ժողովրդավարության և պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներին։ 

Հավելեմ նաև, որ չեմ բացառում այն հանգամանքը, որ սույն գործընթացում պատգամավորը ունենա շահերի բախում, քանի որ վերջինս երկար տարիներ աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում, ներկայումս հանդիսանում է կենտրոնի խորհրդի անդամ, և, միգուցե, ասելով՝ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել, պատգամավորը նկատի ունի հենց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկությունները։  

-Հարցազրույցում պատգամավորը մրցութային խորհրդի վերաբերյալ իրավակարգավորումների վերացումը պայմանավորում է նրանով, որ փոփոխությունները ուղղված են ապահովելու Հայաստանում ինքնավար մարմինների ձևավորման գործընթացի միասնականությունը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստարկին։ 

Իրականում, շատ ավելի վատ է, երբ փորձ է կատարվում օրենսդրական ոչ հիմնավոր փոփոխությունները ներկայացնել Սահմանադրության լույսի ներքո, սակայն, գործնականում նպատակ ունենալով ստեղծել հիմնավոր փոփոխություններ կատարելու իմիտացիա։ Եթե մի կողմ դնենք այս արատավոր պրակտիկան, և ուսումնասիրենք Սահմանադրությանը, ապա ուղղակի ակնհայտ է, որ այս առաջարկվող փոփոխությունները հենց խախտում են Սահմանադրությունը։ Այսպես, Սահմանադրությամբ 122-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է «Ինքնավար մարմինների լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով»: Այսինքն, պարզ երևում է, որ ինքնավար մարմնի ձևավորման և գործունեության կարգը, անդամներին ներկայացվող պահանջները, լիազորությունները, անկախության երաշխիքների սահմանումը, սահմանադիրը թողել է կարգավորող օրենքներին, սրանով իսկ արտահայտելով հստակ դիրքորոշում առ այն, որ յուրաքանչյուր ինքնավար մարմնի դեպքում տարբեր են կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունները,  գործունեության շրջանակները և դրանցից բխող առանձնահատկությունները պետք է որոշվեն կարգավորող օրենքներով։

Այսպիսով, ՀՀ սահմանադրությունը չի սահմանում ինքնավար մարմինների ձևավորումն մեկ միասնական կարգավորում ունենալու պահանջ։

Բացի այդ, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությամբ՝ հակակոռուպցիոն գործակալությունների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: Այսինքն, ստացվում է, որ Հանձնաժողովի անդամի ընտրության համար մրցութային կարգ չնախատեսելով, Օրենքի նախագծի հեղինակները խախտում են վերը նշված սկզբունքները, որոնք, իմ խորին համոզմամբ, հնարավոր կլինի երաշխավորել բացառապես արդար, անկողմնակալ և ապաքաղաքականացված մրցույթի միջոցով՝ այն դիտարկելով որպես առանձնահատուկ կարգավորման ենթակա ոլորտ։ 

-Տիկին Սողոմոնյան, որքանով մենք տեղյակ ենք՝ մրցութային խորհուրդ ստեղծելու մասին Ազգային ժողովի նախկին նախագահի կարգադրությունը օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած չի ճանաչվել, համենայնդեպս, հանրությանը նման իրավական ակտ հայտնի չէ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք պատգամավորի կողմից նշված այն միտքը, որ ԱԺ 6-րդ գումարման լուծարմամբ վերացել է մրցութային խորհուրդը։   

2018 թվականի հունիսի 20-ի թիվ Կ-195 կարգադրությամբ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ձևավորել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհուրդը և հաստատել է Խորհրդի կազմը։ Այսինքն, մրցութային խորհուրդ ձևավորելու և անհատական կազմը հաստատելու կարգադրությունը ստորագրվել է նախորդ Ազգային ժողովի կողմից, որը որևէ իրավական ակտով ուժը կորցրած չի ճանաչվել, համենայնդեպս, ինչպես իրավացիորեն նշեցինք, հանրությունը այդ մասին տեղեկացված չէ։ Իսկ եթե, այդուհանդերձ, կարգադրությունը ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի 7-րդ գումարման կողմից, ապա ստացվում է, որ այն հանրությունից գաղտնի է պահվել, ինչը ենթակա է դատապարտման։ Ի լրումն, հանրությանը հատնի էլ չեն պատճառաբանված հիմնավորումներ այդ կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու համար։ Իսկ եթե առաջնորդվենք պատգամավորի կողմից ներկայացված տրամաբանությամբ, ապա պետք է կասկածի տակ դրվի 6-րդ գումարման Ազգային Ժողովի որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ, որը Ազգային Ժողովի լուծարվելու հետ մեկտեղ ևս պետք է վերացված համարվեր։ Հուսով եմ, այս հարցին կտրվի պատասխան այն նույն տրամաբանության և դատողությունների շրջանակներում, որն արվել էր պատգամավորի կողմից՝ վերը նշված կարգադրության վերաբերյալ։

-Ինչպե՞ս կգնահատեք մրցութային խորհրդի աշխատանքները և արդյո՞ք համակարծիք եք այս մասով պատգամավորի գնահատակներին։ 

Կարծիք հնչեց, որ մրցութային խորհրդի ձևավորման գործընթացը խրթին է և արհեստական։ Գտնում եմ, որ դրանք զուտ սուբյեկտիվ դատողություններն են, զուրկ են որևէ իրավական հիմնավորումներից, և չեն կարող դիտվել որպես օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հիմնավորում։ Ավելին, կան այլ կառույցներ, այդ թվում նաև քաղհասարակության կազմակերպություններ, ովքեր փաստարկված կարծիքներ ունեն մրցութային խորհրդի ձևավորման գործընթացի վերաբերյալ, բայց պատգամավորը նախընտրում է լռել այդ մասին և ցուցաբերել կողմնակալ մոտեցում։ 

Ինձ համար տարակուսելի է այն հանգամանքը, որ նախկինում լինելով քաղհասարակության, իսկ հիմա արդեն իշխանության ներկայացուցիչ, պատգամավորը կասկած է հայտնում մի գործընթացի շուրջ, որը եղել է մասնակցային և կատարվել է մրցութային կարգով։ Օբյեկտիվորեն հարց է առաջանում, ինչո՞ւ կասկածի տակ չի դրվում ՍԴ կամ ՄԻՊ թեկնածուների առաջադրման գործընթացը, որտեղ մեկ անձ է որոշել թեկնածուին՝ առանց մրցույթի։ Միայն Փաստաբանների պալատն է, որ մրցույթ է կազմակերպել և արդար պայմաններում ընտրել թեկնածուին։ Հետևապես, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների ջատագովները պետք է բարձր գնահատեն այս մեխանիզմը, և ոչ թե՝ ուղղորդվեն նեղ շահերով։

Ես հիմա նաև հարց եմ բարձրացնում արդյո՞ք պատգամավորը և նրա համախոհները տեղյակ են, թե՝ մրցութային խորհուրդը մինչ այժմ ի՞նչ աշխատանքներ է տարել, ովքե՞ր են մշտապես ներկա գտնվել կամ բացակայել նիստերից, եթե տեղյակ են ապա ճիշտ կլինի հրապարակել դրանք և նշել այն հիմնական թերացումները, որոնք հայտնաբերել են։ Ավելին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ներկայիս նախագահը, նախքան պատգամավորը ընտրվելը, ևս մրցութային խորհրդի անդամ էր, ում թեկնածությունը ներկայացրել էր ՍԴ նախագահը։ Հետաքրքիր կլինի նաև լսել իր գնահատականը՝ իր և իր գործընկերների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ, որը այսօր իր պատգամավոր գործընկերը «անարդյունավետ է» որակում։ 

-Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Նախագծի մշակման աշխատանքները թափանցիկ են իրականացվել։

Ինչպես արդեն նշեցի, Նախագիծը չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով հանրային քննարկմանը, ինչը, ինքնին, բավական է այս գործընթացը ոչ թափանցիկ և օրենսդրական խախտումներով ուղղորդված որակելու համար։ Այնուհետև, հարցազրույցից պարզ է դառնում, որ Նախագծի վրա աշխատել է աշխատանքային խումբ, բայց պարզ չէ դրա կազմը, ի՞նչ իրավական ակտով է այն ձևավորվել, քանի՞ հանդիպում է ունեցել հիշյալ խումբը, ի՞նչ հարցեր են քննարկել, ինչպե՞ս է այդ խմբին հասանելի եղել քաղհասարակության բոլոր կազմակերպությունների առաջարկությունները, ովքե՞ր են այդ առաջարկների հեղինակները, արդյո՞ք այն ՔՀԿ-ները, ովքեր հանդիսանում են այս ոլորտի դերակատարներ, հրավիրել են քննարկմանը։ 

Ավելին, ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, Օրենքի նախագծի հեղինակ է հանդիսանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Բայց հարցազրույցից պարզ է դառնում, որ նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որի անդամ է նաև պատգամավորը։ Ընդ որում, ըստ հարցազրույցի, աշխատանքային խումբը միակարծիք էր այն հարցում, որ մրցութային խորհուրդը, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ, չպիտի այլևս լինի: Սկզբի համար, ազնիվ կլինի հրապարակել աշխատանքային խմբի անդամների ցանկը և արձանագրությունները, հասկանալու համար, թե արդյո՞ք որոշումը ընդունվել է համախոհությամբ և որո՞նք են այդ որոշման իրական հիմնավորումները։ Այնուհետև, պետք է պարզաբանվի և հանրությանը տրամադրվի հստակ պատասխան, թե վերջիվերջո, ո՞ւմ կողմից է հեղինակվել այս աղմկահարույց Նախագիծը։ 

Իրականում, այս հարցերի շարքը կարելի է երկար թվարկել։ Իսկ քանի որ այս հարցերը դեռևս փարատված չեն, ես կարող եմ փաստել, որ աշխատանքային խումբը գործել է ոչ թափանցիկ և հաշվետու։ 

Նշեմ նաև, որ Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների շուրջ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնական առաջարկը եղել էր՝ պատգամավորին ներկայացվող չափանիշները, ինչպես նաև՝ տասը տարվա մասնագիտական փորձը, ամբասիր վարքն ու բարձր հեղինակությունը։ Այս առաջարկությունները իրենց տեղն են գտել Օրենքում։ Այժմ, իրավացիորեն հարց է առաջանում, ի՞նչ հիմքով և ո՞ւմ առաջարկով է այս կարևոր և պատասխանատու պաշտոնի համար մասնագիտական փորձի առկայությունը տաս տարուց նվազեցվել հինգ տարվա, արդյո՞ք այս որոշումը ընդունվել է համախոհությամբ։ Եվ կրկին, հանրության լայն շրջանակներին ներկայացված չեն համոզիչ փաստարկներ։

-Այս Նախագծով որաքանո՞վ են ապահովվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության երաշխիքները։

Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությամբ՝ անկախության երաշխիքները այլ կերպ են մեկնաբանվում։ Եթե պատգամավորը, հայեցողական կերպով մեկնաբանում է ՀՀ օրենսդրությունը, ապա նույն գործելաոճը չի կարող կիրառվել նաև միջազգային փաստաթղթերի նկատմամբ։ Մասնավորապես, Ջակարտայի կարևորագույն սկզբունքներից է՝ հակակոռուպցիոն գործակալությունների ղեկավարների նշանակումը այնպիսի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: Այնուհետև, ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում Հայաստանի վերաբերյալ չորրորդ փուլի զեկույցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առնչվող հանձնարարականներից է՝ «Ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, որը զերծ կլինի ցանկացած միջամտությունից, ներառյալ՝ քաղաքական, և որ գործընթացը կդիտվի որպես օբյեկտիվ հասարակության լայն շերտերի կողմից»։

2017 թվականի «Հակակոռուպցիոն գործակալությունների ուժեղացումը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» վերտառությամբ զեկույցում,  հակակոռուպցիոն գործակալությունների (այսուհետ նաև՝ ՀԿԳ) գնահատման մեթոդաբանության մեջ որպես գործակալության անկախության և իրավական կարգավիճակի ցուցանիշ/երաշխիք նշված է ՀԿԳ-ի հանձնակատարի նշանակման օբյեկտիվ չափանիշները և թափանցիկ ընթացակարգերը։ 

Ակնհայտ է, որ քննարկվող Օրենքի նախագիծը չի արտացոլում վերը նշված սկզբունքներն ու հանձնարարականները, ինչպես նաև՝ հեռու է օբյեկտիվ չափանիշների սահմանման և թանփանցիկ ընթացակարգերից։ Եվ նշված կարծիքս ձևավորվել է հենց Նախագծում տեղ գտած իրավակարգավորումներով։ Մասնավորապես, Նախագծով, որը մեր կարծիքով գործող իշխանության երբևէ հեղինակած ամենաիշխանամետն է, սահմանված է, որ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։ Վերջին՝ 5-րդ թեկնածուին էլ առաջադրում է ԲԴԽ-ն։ Ավելի հանրամատչելի կերպով ասեմ եթե ընդդիմադիր խմբակցությունները, տվյալ դեպքում՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չունենան կոնսենսուս՝ միասնական թեկնածու առաջադրելու հարցում, ԱԺ-ի կողմից առաջադրվող բոլոր 3 թեկնածուներին առաջադրում է իշխող ուժը՝ «Իմ Քայլը» խմբակցություն, 1-ը` Կառավարությունը, որը նորից ներկայացնում է «Իմ Քայլը» խմբակցությունը։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի կողմից ներկայացվող թեկնածուին, այստեղ ես նույնպես ունեմ մտահոգություններ առ այն, որ 5-րդ թեկնածուին էլ իրականում առաջադրելու է իշխող ուժը, քանի որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ԲԴԽ-ի երկու թեկնածուները առաջադրվել են բացառապես «Իմ Քայլի» կողմից, և այն չի քննարկվել ընդդիմադիրներ խմբակցությունների հետ։ Ի դեպ, 2017 թվականի վերը նշված մեթոդաբանությամբ՝ միջազգային փորձագետները նշել են, որ հակակոռուպցիոն գործակալությունների գործառնական ինքնավարությունը բարձր է, եթե ցածր է կամ բացառվում է քաղաքական միջամտությունը։

-Արդյո՞ք Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները երաշխավորում են ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունը՝ Հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրման գործընթացում։ 

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Հանձնաժողովի անդամի նշանակման գործընթացը պետք է լինի բացառապես ապաքաղաքականացված։ Այդ են վկայում Ջակարտայի սկզբունքները և ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում Հայաստանի վերաբերյալ չորրորդ փուլի զեկույցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առնչվող հանձնարարականը։ Հետևապես, ասել թե, ընդդիմադիր խմբակցություններին հնարավորություն է տրվում Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրել, խաթարում է Հանձնաժողովի ապաքաղաքականացված լինելու սկզբունքն ու մեծ կասկածի տակ է դնում նրա անկախությունը։ 

Այդուհանդերձ, վերադառնալով Նախագծով սահմանված կարգավորումներին, պետք է նշեմ, որ իրականում Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցություններին ընձեռնվող հնարավորությունը միանշանակ չէ։ Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունները պետք է առաջադրեն 5 թեկնածուներից 1-ին։ Կարծում եմ, առնվազն ազնիվ չէ նման գնահատականը տալը այն դեպքում, երբ ԱԺ-ում, Օրենքի նախագծի արդեն իսկ առաջին ընթերցման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին հիշյալ իրավակարգավորման վերաբերյալ, նշելով, որ՝ «Այս նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը», նկատի ունենալով, որ հնարավոր է ընդդիմադիրների կողմից մեկ միասնական թեկնածուի վերաբերյալ չլինի կոնսենսուս, և այս դեպքում թեկնածու առաջադրելու իրավունքը կրկին տրվում է իշխանությանը։ Ստացվում է, որ ԱԺ կառավարող խմբակցությունը նախատեսում է զուտ ֆորմալ իրավակարգավորումներ։ 

Ամփոփելով մեր հարցազրույցը, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը կոչ արեց Նախագծի հեղինակներին և դրա ջատագովներին ձեռնպահ մնալ ոչ փաստարկված և հանրությանը մոլորության մեջ գցող հայտարարություններից, և իրավական ակտեր նախագծելիս՝ ղեկավարվել հանրության, այլ ոչ՝ կոնկրետ անձանց շահերի սպասարկման տրամաբանությունից։