ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից այսօր՝ ս.թ. հունիսի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկում «Օպերա Սյութ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ միջազգային և հասարակական կազմակերպություններից, այդ թվում՝ Իրավաբանների հայկակա ասոցիացիայի (ԻՀԱ) փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը։
Քննարկման նպատակներն էին ՀՀ աշխատանքային օրենսգրքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների և լրացումների ներկայացումը և շահագրգիռ կողմերի կողմից աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրների վերհանումը և առաջարկություններով հանդես գալը։
Քննարկումն անցկացվում է համատեղ աշխատանքային իրավունքների հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում:
Ներկայացման ընթացքում ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը կարծիք ներկայացրեց, որ հնարավոր է առհասարակ խոսել ամբողջովին նոր՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի մշակման մասին։
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը պատրաստակամություն հայտնեց ստեղծել ՀՀ աշխատանքային օրենսդրության բարելավմանն ուղղված բազմաշահառու աշխատանքային խումբ։ Այդ կապակցությամբ Մարիամ Զադոյանը նշեց, որ դեռևս մեկ տարի առաջ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ԻՀԱ-ի կողմից որպես հիմնական գործընկեր իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն–քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը, որի շրջանակներում ներկայացվել է շուրջ 50 առաջարկություն ՀՀ կառավարություն և ԱԺ, և այդ առաջին առաջարկը հենց վերաբերվել է վերոնշյալ աշխատանքային խմբի ստեղծմանը, ուստի դրական է գնահատվում այդ առաջարկը կյանքը կոչելը, թեև՝ գրեթե մեկ տարի անց, և ԻՀԱ-ն իր պատրաստակամությունն է հայտնում ներգրավված լինել խմբի աշխատանքներում։
Բացի այդ, Մարիամ Զադոյանը բարձրաձայնեց Աշխատանքի պետական տեսչության գործառույթների ընդլայնման, արհմիությունների առողջացման, ինչպես նաև աշխատանքային խտրականության, մասնավորապես հավասար աշխատանքի դիմաց հավասար աշխատավարձի սկզբունքի փաստացի իրացման և աշխատավայրում կանանց սեռական հետամտումներից պաշտպանության պրակտիկ մեխանիզմների մասին։