Հայկական բիզնես կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ ֆինանսների նախարարությունում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայկական Բիզնես Կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում, այսօր՝ հունիսի 27-ին, Հայկական բիզնես կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներն ունեցան աշխատանքային հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Հանդիպումը վերաբերվում էր պետական գնումների ոլորտին, մասնավորապես՝ Հայկական բիզնես կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից պետական գնումների ոլորտին ներկայացված առաջարկությունների քննարկմանը։ Առաջարկությունների փաթեթը կազմվել էր՝ ի ամփոփում ապրիլի 16-ին տեղի ունեցած «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» թեմայով քննարկմանը։

Հանդիպումն ընթացավ կառուցողական մթնոլորտում և բավականին արդյունավետ էր։ Ներկայացված 24 խումբ առաջարկներից 2-ն արդեն գտնվում են կատարման փուլում, 9-ն ընդունելի են, 6-ը հավելյալ ներգերատեսչական քննարկման կարիք ունեն, 2-ը դուրս են գնումների ոլորտում քննարկման շրջանակից, 4-ն ընդունելի չեն։

Ընդունելի առաջարկների թվից ենթակա են հիշատակման հետևյալները․ պետական գնումների տեխնիկական բնութագրերի կազմման գործընթացում տեղի ունեցող չարաշահումների դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերի հանրային փորձաքննության կարգի և հիմնական տեխնիկական բնութագրերի ստանդարտների սահմանումը, ակնհայտ ոչ խելամիտ ցածր գնային առաջարկ ներկայացնելու դեպքում մեխանիզմների ներդրումը, ՀՀ պետական բյուջեից որոշակի գումարների հատկացումը դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար՝ ուղղված ՓՄՁ-ների իրազեկման մակարդակի բարձրացմանը և հետաքննող լրագրողների և հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը պետական գնումների ոլորտում, պետական գնումների ոլորտային կայքերում որոնման ֆիլտրների բարելավմանը և այլն։

Ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն որոշակի հետագա քննարկման կարիք ունեն հետևյալ առաջարկները․ ներդնել գնումների մասնակիցների վարկանիշային բալային համակարգ, որը հիմնված կլինի ընկերությունների կողմից նախկինում պայմանագրերի կատարման որակի, ընկերության ներսում կորպորատիվ կառավարման համակարգի և հակակոռուպցիոն համապատասխանության ընթացակարգերի առկայության վրա և հավասար պայմաններում նախապատվություն տալ ավելի բարձր բալեր ունեցող բիզնեսին՝ ըստ այդ համակարգի, ինչպես նաև նախատեսել որոշակի քվոտավորում ՓՄՁ-ների համար և հավասար պայմաններում նախապատվություն տալ ՓՄՁ-ներին։

Հիշեցնենք, որ առաջարկները բխում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակի միջոցով ստացված ազանգներից։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: