Այսօր՝ հունիսի 29-ին, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության և «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության կողմից կազմակերպվել է «Ավելուկի փառատոն»:
Փառատոնին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և այլք:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով ԿԵՀ ծրագիրը, շնորհավորեց ներկաներին՝ միջոցառման կազմակերպման ու կայացման համար: «Ուրախ ենք, որ «Համայնքի զարկերակը» լուրջ գործ է արել, ու այս փառատոնն էլ այդ գործիքներից մեկն է: Գլխավոր գործը համայնքի զարգացման ծրագրի կարևորագույն ուղենիշները փոխելն է: Դրանց մեջ ներառվել է տուրիզմի զարգացումը, օրգանիկ գյուղատնտեսությունը և այդ փոփոխությունները բերելու են փոփոխություններ համայնքի բնակիչների կյանքում: Վստահ եմ, որ սա կլինի վարակիչ օրինակ մյուսների համար և մենք մարզում կունենանք կայուն զարգացում ու համայնքը լավ մոդել կդառնա այլ համայնքների համար»,-ասաց Կարեն Զադոյանը:
«Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ և «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի ղեկավար Արտուշ Խաչատրյանը ներկայացրեց փառատոնի առաքելությունն ու նպատակը: «Մենք ցանկանում ենք մեր համայնքներում զարգացնել օրգանիկ գյուղատնտեսույթունն ու գյուղական տուրիզմը: Սա այդ զարգացման առաջին քայլերից մեկն է, որի ընթացքում կարող ենք ներկայացնել տեղական ապրանքանիշերը, որից 18-ն է այսօր ներկայացված»,-նշեց նա:
Վարդենիկ համայքնի ղեկավար Հովհաննես Հովեյանը կարևորելով ծրագիրը՝ նշեց.- «Փառատոնը տարբերվում է գրեթե մյուս բոլոր փառատոններից, քանի որ այն չկրկնվող ու առաջինն է»,-նշեց նա:
Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում ագրո, գյուղական, իրադարձային, և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկությունները և իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով:
Փառատոնին հյուսվել է ավելուկի աշխարհի ամենաերկար հյուսքը, որը գրանցվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:
Փառատոնի շրջանակներում հյուրերը համտեսել են Գեղարքունիքի ավանդական ուտեստները՝ Գավառի ավանդական փախլավան, Վարդենիկի կանեփով քյուֆտան, մեծ կաթսայի մեջ պատրաստվող ավելուկի թարմ ապուրը, սարերի տապակած ուտելի բույսերը, ծանոթացել Գեղարքունիքի և ՀՀ այլ բնակավայրերի սոցիալական ձեռնարկատերերին, գյուղական հյուրատնային ծառայություններին, օրգանիկ արտադրությամբ զբաղվող անհատների արտադրանքին ու նրանց գործունեությանը: Միջոցառման հատուկ հյուրերն էին Ներսիկ Իսպիրյանը և «Գաթա» բենդը։