07.06.2019թ.-ին ՀՀ արդարադատության նախարությունում տեղի է ունեցել ՀՀ 2019-2023թթ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային հանդիպում։ Հանդիպումը վարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ հասարակական կազմակերպություններից և նախարարությունից։
Աշխատանքային հանդիպման ընթացքում փոխնախարար Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին և այլ հարցերի։ Ռազմավարության նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի այն մոդելի ընտրության հետ կապված, որն որդեգրել է ՀՀ արդարադատության նախարարությունը, այն է՝ առանձին հակակոռուպցիոն իրավապահ և կանխարգելման մարմինների ստեղծումը։ Այս կապակցությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգությունն է հայտնում առ այն, որ կառավարությունը չի եկել համախոհության ինստիտուցիոնալ մարմնի հարցում ու առաջ է տանում տարբերակ, որը գիտելիքահեն չէ, փաստարկված չէ և չի բխում Հայաստանի համատեքսից, ինչպես նաև չի արտահայտում հայաստանյան իրական իրողությունն ու պահանջմունքները, և վերահաստատում է կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեության, կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության գործառույթներով օժտված մեկ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքորոշումը, որը մեր կոլեկտիվ ջանքերի շնորհիվ անպայման իրականություն է դառնալու: Առավել մանրամասն ասոցիացիայի կարծիքը հակակոռուպցիոն մարմինների մոդելների վերաբերյալ արտահայտված է իր կողմից մշակված «Հակակոռուպցիոն ինստիտուտոցիանալ համակարգի ներդրման վերաբերյալ» տեղեկանքում։
Հիշեցնենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ներկայացվել էին 100-ից ավելի առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի նախորդ տարբերակի վերաբերյալ։ Դրանց գերակշիռ մասը ներառվել է նախագծում, որոնց թվին են դասվում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծման նախատեսումը, կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ դատախազական վերահսկողության առանձին ստորաբաժանման ստեղծումը, իրական սեփակականատերերի ռեգիստրի հիմնադրումը, գողացված ակտիվների վերականգնման շրջանակներում դրաց կառավարման համակարգերի ստեղծումը, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսումը, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը ՏԻՄ մակարդակում, բիզնեսներում հակակոռուպցիոն համապատասխանատվության ներդրումը և այլն։
Լուսանկարը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ` http://www.moj.am/article/2389։